
Թուրքիայում ծնելիությունը 2024թ. հասել է ռեկորդային ցածր ցուցանիշների

Վիճակագրության բյուրոյի (TÜIK) տվյալներով՝ Թուրքիայում ծնելիության մակարդակը 2024 թվականին նվազել է մինչև ռեկորդային ցածր ցուցանիշ՝ մեկ կնոջ հաշվով 1,48 երեխա։
Մասնագետները կարծում են, որ մահացության ցածր մակարդակ ունեցող զարգացած երկրներում բնակչության վերարտադրության համար ծնելիության գործակիցը պետք է կազմի մեկ կնոջ հաշվով 2,1 երեխա:
«2001 թվականին ծնելիության գործակիցը կազմել է 2,38, իսկ 2024 թվականին՝ 1,48 երեխա։ Այս ցուցանիշը բնակչության վերարտադրության համար պահանջվածից ցածր է մնում արդեն ութ տարի»,-հայտնում է Բյուրոն։
Ծնելիության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են երկրի արևելքում, Շանլըուրֆա նահանգում՝ գրեթե 3,3, ինչպես նաև Շըրնակում և Մարդինում: Ամենավատ իրավիճակը Բարտըն և Էսքիշեհիր Նահանգներում է, որտեղ մեկ կնոջը բաժին է ընկնում 1,1 երեխա։
Վիճակագրության համաձայն՝ եթե 2001 թվականին թրքուհիներն իրենց առաջնեկին լույս աշխարհ էին բերում մոտ 27 տարեկանում, ապա 2024 թվականին՝ 29-ից հետո։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ լուրջ մտահոգություն էր հայտնել երկրում ծնելիության մակարդակի նվազման կապակցությամբ: Ժողովրդագրական բարդ իրավիճակի պատճառով Թուրքիայի իշխանությունները 2025 թվականը հայտարարել են ընտանիքի տարի և հայտարարել են ծնելիության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների մասին: