
4 տարի անընդհատ բարձրաձայնել ենք` ՄԻԵԴ որոշումները բանի տեղ չեն դրել. ստացվեց իրավիճակ, որ վերջում պարզվեց` մենք ճիշտ էինք, դատավորներն ու դատախազները` սխալ. Արամ Օրբելյան
«ՍԴ-ն արձանագրել է ձևավորված պրակտիկայի հակասահմանադրական լինելը,- «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1776 որոշման համատեքստում» վերտառությամբ համաժողովում նշեց «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Արամ Օրբելյանը՝ մանրամասնելով,- Սա կոչ է բոլոր դատավորներին, որոնք գործերը քննում են․ մի քիչ դուրս եկեք դասընթացների ծավալներից, ինչը որ դասախոսները, միջազգային փորձագետները գալիս-նկարագրում են, փորձեք օրենքի վերլուծություն անել»։
Փաստաբանն այս համատեքստում հավելեց՝ բոլորը խոսում են, որ այս գործերով ապացուցման շեմը հավանականությունների հավասարակշռությունն է։
«Գործում է ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որտեղ ստանդարտը հետևյալն է․ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցն ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Ուրիշ ստանդարտ չկա: Կան պրեզումպցիաներ։ Ինչ է պրեզումպցիան․ սա ձևակերպում է, ինչն ասում է՝ համարում ենք այս փաստը հաստատված կամ հերքված, քանի դեռ հակառակը չի ապացուցված:
Վենետիկի հանձնաժողովը երբ կարծիք է գրել ՍԴ-ի դիմումով, նաև մատնանշել է հենց այս հակասությունը․ ասել է՝ նման գործերով ցանկալի է, որ լինի այսպիսի ապացուցման ստանդարտ, բայց այդպիսին չի: Ավելին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մի շարք գործերով արձանագրել է, որ ենթադրության հիման վրա դատարանը չի կարող որոշում կայացնել»,- պարզաբանեց նա։
Այս և այլ խոցելի կետերով 4 տարի շարունակվող գործընթացներին անդրադառնալով՝ Արամ Օրբելյանը հիշեցրել է, որ 4 տարի անընդհատ բարձրաձայնել են այդ մասին, սակայն ՄԻԵԴ որոշումները բանի տեղ չեն դրվել։
«Արդյունքում ստացվեց իրավիճակ, որ վերջում պարզվեց` մենք ճիշտ էինք, դատավորներն ու դատախազները` սխալ։ Հիմա նույն խնդիրը կրկնվում է օպերատիվով․ ՍԴ-ն շատ չի խորացել օպերատիվ հետախուզական գործունեություն, օպերատիվ տվյալներ, դրա նկատմամբ վերահսկողություն, օրինականություն թեմաների առումով՝ մի պարզ պատճառով. գործեր չեն եղել, որտեղ այս հարցերը քննարկված լինեն, այդ հարցերը նոր-նոր են սկսել»,- շեշտեց բանախոսը։
Մանրամասները՝ տեսանյութում