
Էդուարդ Շարմազանովի հայտարարությունից օրեր անց էլ ադրբեջանական կայքերը չեն դադարում վայնասուն բարձրացնել

Մոսկվայում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցած Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված սիմպոզիումի ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը հակահայկական քարոզչություն էր իրականացրել, ինչին կտրուկ պատասխանել էին հայկական պատվիրակության ներկայացուցիչները:
«Այն, ինչ այսօր արել է Ադրբեջանի ղեկավարությունը, էթնիկ զտումն է, քսենոֆոբիա և նեոնացիստական քաղաքականություն։ Պատերազմի արդյունքներն անարդար են և ոչ մի ընդհանուր բան չունեն ՄԱԿ-ի կանոնադրության հետ։ Կեցցե ազատությունը և ԼՂ ժողովուրդը»,- իր ելույթում նշել էր ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Սիմպոզիումում հնչած այս և այլ հայտարարություններից անգամ օրեր անց Ադրբեջանում քարոզչական վայնասունը չի դադարում. ադրբեջանական կայքերը տարբեր խմբագրականներով հանրապետական գործչին որակում են՝ որպես ռևանշիստ, նշում, որ նա Սերժ Սարգսյանի ղեկավարած ռևանշիստական ուժի` ՀՀԿ ներկայացուցիչն է։
«Բարձրանալով ամբիոն՝ Էդուարդ Շարմազանովը սկսեց խոսել ոչ թե Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի մասին, այլ նորից սկսեց մեղադրել Ադրբեջանին ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ոտնահարելու, ֆաշիզմի, այլատյացության և այլնի մեջ»,- նշել են ադրբեջանցիները՝ զարմանքով արձանագրելով, թե ինչո՞ւ ռուսական հարթակը չի արձագանքել Էդուարդ Շարմազանովի կողմից օբյեկտիվ փաստերի արձանագրմանը։
Ի դեպ, Էդուարդ Շարմազանովն իր ծավալուն ելույթի հենց սկզբում մեծ ակնարկով անդրադարձել էր Հայրենական Մեծ պատերազմին և այդ համատեքստում ևս կարճ լիկբեզ էր կազմակերպել ադրբեջանցիների համար։
Նա մասնավորապես նշել էր, որ ուղիղ 80 տարի առաջ միասնական ջանքերով, ահռելի մարդկային կորուստներով տրվեց Նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակը, իսկ Եվրոպայի ազատագրումը հնարավոր դարձավ բացառապես խորհրդային զինվորի հերոսության շնորհիվ։
«Ուզում եմ նկատել, որ Առաջին համաշխարհային պատերազմում հանցագործության անպատժելիությունը և հատկապես Օսմանյան Թուրքիայի անպատժելիությունը ծնեց հիտլերիզմը»,- ասել էր հանրապետական գործիչը և խոսել այդ անպատժելիության շարունակության մասին Արցախում։
ՀՀԿ ԳՄ անդամը հայտարարել էր նաև, որ ԼՂ-ում 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վանդալիզմի նշանառության տակ հայտնվեցին Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների հայկական հուշարձանները։
Հիշեցնենք՝ ֆորումի ժամանակ նախ ադրբեջանցի պատվիրակն իր ժողովրդի հաղթանակների մեջ հիշատակել էր 44-օրյա պատերազմը՝ նշելով, որ հնարավոր եղավ վերականգնել «արդարություն», որից հետո ՀՀԿ-ից՝ Էդուարդ Շարմազանովը, և ԲՀԿ-ից՝ Իվետա Տոնոյանն իրենց ելույթներով տապալել էին ադրբեջանական սադրանքը՝ հիշեցնելով Արցախի շրջափակման, Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման և արցախցիների բռնի տեղահանման, արցախցիների ինքնորոշման իրավունքի, Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումների, էթնիկ զտումների, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին:
Հենց այս ֆիասկոն, հավանաբար, Շարմազանովին ու մյուս պահանջատեր հայերին չեն ներում ադրբեջանցիները։
Մանրամասները՝ տեսանյութում