
«Ի՞նչ են եղել գյուղացիների համար ցածր տոկոսով վարկերը… համոզված եմ՝ չինովնիկները անտոկոս գցում են կողքի բանկում. ժողովրդի հախից են գալիս, որ մի քանի չինովնիկի հարստացնեն». Հրաչ Բերբերյան

Գործարար Հարություն Մնացականյանն ահազանգել էր, որ իր տեղեկություններով՝ մարզային անասնաբուժական լաբորատորիաները փակելու համար իշխանությունները նախագիծ են դրել շրջանառության մեջ։
«Մենք բոլորս գիտենք, որ անասնապահության վիճակը տարեցտարի վատանում է, իսկ պետությունը գործուն քայլեր ձեռնարկելու փոխարեն, ըստ օդում կախված լուրերի, մի բան էլ փորձում է ոչնչացնել ենթակառուցվածքները: Բազմաթիվ ֆերմերներ հրաժարվում են անասնապահությունից` օր օրի շատացող հիվանդությունների պատճառով: Խոզերի անկման դեպքերն արդեն վաղուց տարածվել են բոլոր մարզերում: Տարբեր հիվանդություններ են արձանագրվում, չենք խոսում, որ արտահանմանը չխոչընդոտենք, բայց դրանից հիվանդությունը չի վերանում: Գյուղացին է մնում մենակ, որովհետ շատ հիվանդությունների պատասխան չեն տալիս, որ փոխհատուցում չտան: Ու այս պատկերի վրա, հիմա էլ որոշել են փակել բոլոր անասնաբուժական մարզային լաբորատորիաները, փոխանակ զարգացնելու: Մի քանի քիչ մասնագետներն էլ կմնան անգործ, էլ չասած այլ լուրջ վտանգներ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Հարություն Մնացականյանը։
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ մարզերում անասնաբուժական լաբորատորիաների փակման վերաբերյալ իրեն ևս որոշակի լուրեր հասել են, սակայն այս պահին որևէ հստակ տեղեկություն չունի։
«Մարզերում այս լաբորատորիաները շատ ժամանակ օպերատիվ աշխատանքի համար էին, օպերատիվ գործունեության համար։ Խոշոր մորթերի ժամանակ ունեցել են ակտիվ մասնակցություն։ Այնպես որ, այդ լաբորատորիաներն ունեն իրենց տեղն ու դերը, եթե, օրինակ, որևէ գյուղում համաճարակ է բռնկվում, եթե այդ լաբորատորիաները հագեցած են սարքավորումներով, սկսում են ունենալ իրենց մեծ նշանակությունը։
Պետք չեն այն լաբորատորիաները, որտեղ չկան և՛ սարքավորումներ, և՛ համապատասխան մասնագետներ։ Դրա համար փակելու փոխարեն՝ պետք է մի քանի վայրերում ստեղծել հագեցած լաբորատորիաներ, որոնք կսպասարկեն գոնե այդ տարածաշրջանի գյուղերը։ Իսկ համայնքները պետք է անասնաբույժներ ունենան, հատկապես՝ խոշորացված համայնքները»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հրաչ Բերբերյանը։
Նրա խոսքով՝ պետք է ոչ թե պայմանները նվազեցնեն այնպես, որ գյուղացին առհասարակ անասնապահությամբ չզբաղվի, այլ ուղղակի պայմաններ ստեղծեն՝ շեշտելով, որ այսօր Հայաստանում անասնապահությամբ զբաղվելու առաջին պայմանը, չգիտես՝ ինչու, դարձել է վարկային քաղաքականությունը։ Եթե ոլորտում մի քանի տարի առաջ գործում էին 8-10 տոկոսանոց վարկեր, ապա այսօր գյուղացու համար այդ վարկերը դարձրել են 24 տոկոս։
«Ոլորոտը բերել-հասցրել են այն վիճակին, որը կար մոտ 2000-ականների սկզբին։ Թե ի՞նչ են եղել գյուղացիների համար այդ ցածր տոկոսով վարկերը՝ չգիտենք։ Բազմիցս դիմել ենք Ֆինանսների նախարարությանը, որպեսզի մեզ ասեն, թե անտոկոս վարկերը կոնկրետ ովքե՞ր են ստացել, խոսքը խոշոր վարկերի մասին է։ Ցավոք, մեզ որևէ պատասխան չեն տալիս։ Այստեղ թող Դատախազությունն արդեն զբաղվի, համոզված եմ՝ չինովնիկները գյուղացու համար նախատեսված վարկերը ստացել են ու անտոկոս գցել կողքի բանկում։ Ոչինչ չանելով, գյուղացու անվան տակ փող են կուտակում»,- շեշտեց Հրաչ Բերբերյանը։
Այս համատեքստում Հրաչ Բերբերյանը նաև ասաց, որ խնդիրներն ու թերությունները գյուղատնտեսության ոլորտում շատ են, որովհետև դրանց լուծմամբ որևէ մեկը չի զաղվում։ Մեծ խնդիրներ կան նաև մսի շուկայում, օրինակ, սպանդանոցների հետ կապված՝ գյուղում չեն ստեղծում սպանդանոց, սակայն գյուղացուց պահանջում են սպանդանոցային մորթ։
«Ես պնդում եմ՝ ամեն գյուղ պետք է ունենա իր սպանդանոցը, և մորթը պետք է լինի անասնաբույժի վերահսկողությամբ։ Սպանդանոցի համար մեծ տարածք պետք չէ, մի լոգասենյակի չափ տարածք ու մի կոյուղի՝ վերջ։
Երկու օր է՝ հետևում եմ մսավաճառներին, Սննդամթերքի անվտանգությանը խորհուրդ կտամ հասկանան, թե ո՞ւմ են ուղարկում այդ խանութները, և ի՞նչ նոր կոռուպցիայի աղբյուր է ստեղծել։ Պատահական բան չեմ ասում, ի՞նչ է նշանակում՝ մի խանութում շատ լավ է, բայց մյուս խանութից, շատ կներեք, մորթված գառն ամբողջությամբ կամ կեսը վերցնում-տանում են, ո՞ւր են տանում։ Ժողովրդի հախից են գալիս, որ մի քանի չինովնիկի հարստացնեն»,- ընդգծեց Հրաչ Բերբերյանը։