Բժեզինսկին 1995թ. մեկնեց Բաքու, որպեսզի այդ գաղափարը «վաճառի» Ալիևների կլանին. Էրդողանին չի կարելի վստահել ոչ մի դեպքում. Պեպե Էսկոբար

Ալիևն իսկական «գանգստեր» է, իսկ Էրդողանը՝ «բոլոր ուղղություններով խաղացող» դերակատար։ Ադրբեջանի և Թուրքիայի դաշինքը շատ բարդ միություն է։ Նրանք չեն մասնակցում ոչ մի նշանավոր նախագծի։ Թուրքիան ու Ադրբեջանն ունեն իրենց ռազմավարությունը, բայց իրենք էլ չեն կարողանում նորմալ բացատրել, թե ինչ են ուզում։ Այս մասին նորվեգացի քաղաքագետ, Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենի հետ հարցազրույցում ասել է բրազիլացի քաղաքական վերլուծաբան և հեղինակ Պեպե Էսկոբարը՝ խոսելով Իրանի դեմ պատերազմում Ադրբեջանի ներքաշվելու հավանականության և Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների մասին։

Էսկոբարը հիշեցրել է, որ Իսրայելի նավթի մոտ 49 տոկոսը գալիս է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով։

«Ես հետևում եմ այս պատմությանն ամենասկզբից՝ այն ժամանակներից, երբ Բժեզինսկին 1995 թվականին մեկնեց Բաքու, որպեսզի այդ գաղափարը «վաճառի» Ալիևների կլանին։ Դա շատ երկար պատմություն է, և արդեն այն ժամանակ հնչում էր նույն խոսույթը՝ «մեզ պետք է շրջանցել Ռուսաստանն ու Իրանը, ուստի ինչո՞ւ չկառուցել նավթամուղ, որը կարժենա գրեթե 4 մլրդ դոլար։ Բայց խնդիրն այն է, որ Ալիևն ու Էրդողանը ոչինչ չարեցին, որպեսզի դադարեցնեն Բաքվի նավթի մատակարարումն Իսրայելին։ Դա Էրդողանի ու Ալիևի մշուշոտ ու կասկածելի գործարքների մի մասն է։ Ալիևն իսկական գանգստեր է, Էրդողանը՝ բոլոր ուղղություններով խաղացող, նա միշտ ապահովագրում է իրեն։ Դա շատ ու շատ բարդ դաշինք է, և Իրանի տեսանկյունից նրանք մեծ ուշադրություն են դարձնում այն ամենին, ինչ անում են՝ ընդհուպ մինչև ամենափոքր մանրուքները։ Նրանք հասկանում են, որ չեն կարող թշնամացնել Թուրքիային, և ընդհակառակը՝ Էրդողանը չի կարող թշնամացնել Իրանին։ Նախ և առաջ, էներգետիկ կապեր կան, և նրանք հարևաններ են, և, իհարկե, Թուրքիայում՝ Էրդողանի գիտակցության խորքերում, դեռևս պահպանվում է առանցքային եվրասիական խաղացող դառնալու գաղափարը։ Տվյալ պահին այդպես չէ։ Նրանք չեն մասնակցում ոչ մի նշանավոր նախագծի։ Նրանք ունեն իրենց ուրույն ռազմավարությունը, որն իրենք էլ չեն կարողանում նորմալ բացատրել, թե ինչ են ուզում»,- մեկնաբանել է Պեպե Էսկոբարը։

Այս լույսի ներքո բրազիլացի հայտնի լրագրողը պատմում է Պոլսում կենտրոնակայան ունեցող Թյուրքական պետությունների կազմակերպության միջոցով Էրդողանի ու իր ընկերների կողմից իրականացվող կոռուպցիոն սխեմաների մասին։

Կարդացեք նաև

«Ըստ էության, դա անշարժ գույքի սխեմա է, որը թույլ է տալիս Էրդողանի ընկերներին պայմանագրեր կնքել ամբողջ կենտրոնասիական տարածաշրջանում։ Այսքանն ընդամենը։ Այնպես որ, դա ուժի պրոյեկցիայի մասին չէ։ Աշխարհաքաղաքական իմաստով, եթե Թուրքիային համեմատենք Չինաստանի կամ Ռուսաստանի հետ Կենտրոնական Ասիայում, պարզապես ծիծաղելի կլինի։ Դա ուղղակի կատակ է։ Նրանք նույնիսկ լուրջ չեն ընկալվում, բայց նկրտումներ նրանք ունեն, և, իհարկե, Թուրքիայի ու Իսրայելի հարաբերություններն առաջվա պես մշուշոտ են։ Մեր ընկեր պրոֆեսոր Մարանդին, ի դեպ, մշտապես խոսում է այդ մասին։ Իր դիրքորոշումը, ես կասեի, համընկնում է Իրանի իշխող շրջանակների մոտեցումների հետ։ Էրդողանին չի կարելի վստահել ոչ մի դեպքում, նա միշտ երկակի խաղ է խաղում։ Դա ճշմարիտ է՝ նա երկակի խաղ է խաղում բոլորի հետ, բայց Ադրբեջանի պարագայում ամեն ինչ շատ բարդ է»,- նշել է Էսկոբարը։

Գլեն Դիզենն էլ իր հերթին՝ նշել է, որ Եվրասիայի էներգետիկ ճարտարապետության մեջ Ադրբեջանը փոքրիկ «միջանցք» ունի Իրանի և Ռուսաստանի միջև, և եվրոպացիներն իրենց հույսը դնում են հենց այդ ռեսուրսների վրա՝ ԵՄ էներգետիկ քաղաքականության դիվերսիֆիկացիայի նպատակով, ուստի այժմ իրավիճակն ավելի զգայուն է դառնում, քան նախկինում էր։

Գլեն Դիզենը նաև խոսել է Հնդկաստան-Իրան-Ռուսաստան հարաբերությունների մասին՝ նշելով, որ Հնդկաստանը հրավիրել էր Իրանին մասնակցելու ռազմածովային զորավարժությունների, իսկ հետո տեսնելով, թե ինչպես են ամերիկացիներն Իրան վերադառնալու ճանապարհին ոչնչացնում իրանական ռազմանավը, չկարողացավ որևէ կերպ դատապարտել դա, բայց մյուս կողմից՝ Իրանն այսօր թույլ է տալիս հնդկական նավերին անցնել Հորմուզի նեղուցով։ Բացի այդ, Ռուսաստանից Իրանի տարածքով Հնդկաստան գնացող «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը դառնում է Հնդկաստանի ռազմավարական հետաքրքրությունը։

Դիզենի կարծիքով՝ եթե հնդիկները չզարգացնեն «Հյուսիս-Հարավն» իրանցիների հետ, չեն կարողանալու հուսալի կապ ապահովել Ռուսաստանի հետ, իսկ դա նշանակում է, որ ռուսներն էլ ավելի կթեքվեն դեպի Չինաստան, և Հնդկաստանի շահերից է բխում Եվրասիայում փոխադարձ կախվածության ավելի հավասարակշռված համակարգ ստեղծելը, որպեսզի ուժի բազմաթիվ կենտրոններ լինեն, և Չինաստանը չափից ավելի գերիշխող չդառնա Եվրասիայում։

«Դիվերսիֆիկացիայի համար Իրանն է անհրաժեշտ։ Առանց Իրանի՝ Եվրասիան չափից ավելի կողմնորոշված կլինի դեպի Չինաստան, և հենց այդ պատճառով դա չի բխում՝ ինչպես Հնդկաստանի, այնպես էլ՝ Միացյալ Նահանգների շահերից, ուստի ես չեմ հասկանում այս միջանցքը խաթարելու մոլուցքը»,- նշել է նորվեգացի պրոֆեսորը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031