Գևորգ Պապոյանի մակերեսային մանիպուլյացիան․ հերթական փուչիկը պայթեց

Օրերս էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փորձել էր դաս տալ բոլոր նրանց, ովքեր միտումնավոր կամ չիմացությամբ կեղծ տեղեկություններ են տարածում Հայաստանի արտաքին պարտքի վերաբերյալ։ Այդ մարդկանց իրենց տեղը դնելու համար, էկոնոմիկայի նախարարը մի սրտաճմլիկ տեսանյութ էր հրապարակել՝ հատուկ ընդգծելով, որ մեր ամենամեծ չարիքը մեր չիմացությունն է։ Իրականում այդպես էլ կա, ու դա վերաբերում է հենց Գևորգ Պապոյանին, ով ինքն էլ չգիտի, թե ինչքան է Հայաստանի արտաքին պարտքը, բայց ուրիշներին է խրատներ տալիս ու մեղադրում։

Նախ՝ այն մասին, թե ինչ էր ասել Գևորգ Պապոյանը։

«Ի վերջո, որքա՞ն է Հայաստանի Հանրապետության  արտաքին պարտքը:

Սիրելի հայրենակիցներ, վերջերս շատ եմ ստանում նամակներ ձեզնից, մեկնաբանություններ սոցցանցերի էջերում, նաև անհանգստություններ, որ ի՞նչ ենք անելու կամ ինչպե՞ս եղավ, որ ՀՀ արտաքին պարտքը դարձավ 12 միլիարդ դոլար:

Կարդացեք նաև

Սիրելի հայրենակիցներ, ՀՀ արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար չէ, ՀՀ արտաքին պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դոլար է: Այն մարդիկ, որոնք որ տարածում են 12 միլիարդ թիվը կամ տեղեկացված չեն կամ միտումնավոր են անում, մանիպուլյացիայի են ենթարկում, որպեսզի քաղաքական դիվիդենտներ շահեն՝ ձեզ սխալ տեղեկատվություն տալու միջոցով»,- ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր Էկոնոմիկայի նախարարը։

Հիմա տեսեք, թե ով է սխալ տեղեկություններ տարածում. Հայաստանի արտաքին պարտքը բոլորովին էլ 5 մլրդ 962 մլն դոլար չէ, ինչպես փորձում է միտումնավոր կամ չիմացությամբ ներկայացնել էկոնոմիկայի նախարարը։

Ֆինանսների նախարարության հրապարակած պաշտոնական տվյալներով, անցած տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմել է 6 մլրդ 454 մլն դոլար։ Եթե Գևորգ Պապոյանն այդ մասին չգիտի, կարող է բացել ֆիննախի պետական պարտքի ամսական տեղեկագիրը, որտեղ հատուկ տող կա ՀՀ արտաքին պետական պարտքի վերաբերյալ։ Ու այդ տողում գրված է, որ Հայաստանի արտաքին պետական պարտքը անցած տարվա վերջին կազմել է 6 մլրդ 454 մլն դոլար։ Դրանից հետո նոր տվյալներ չեն հրապարակվել։

6 մլրդ 454 մլն դոլարից 5 մլրդ 950 մլն դոլարը՝ կառավարության, իսկ 504 մլն դոլարը՝ Կենտրոնական բանկի պարտքն է։ Գևորգ Պապոյանի հրապարակած 5 մլրդ 962 մլն դոլարը, որը, հայտնի չէ, թե որտեղից է վերցրել, ենթադրվում է, որ վերաբերում է միայն կառավարության արտաքին պարտքին։ Բայց Հայաստանի արտաքին պարտքը միայն կառավարության պարտավորությունների գծով չէ։

Ամոթ է, երբ էկոնոմիկայի նախարարը չգիտի, որ Կենտրոնական բանկի պարտքն էլ է մտնում Հայաստանի արտաքին պարտքի պարտավորությունների մեջ, կամ գիտի, բայց միտումնավոր մանիպուլացնում է, որպեսզի, ինչպես ինքն է ասում, քաղաքական դիվիդենտներ շահի՝ սխալ տեղեկատվություն տալու միջոցով:

Ինչ մնում է 12 միլիարդին, որը Գևորգ Պապոյանը մեծահոգաբար «կլորացրել է» ու կրկին կեղծել, ապա դա Հայաստանի պետական պարտքն է։ Ու ոչ թե 12 միլիարդ, այլ 12 մլրդ 842 մլն դոլար է։ Այսինքն՝ ընդամենը 158 մլն դոլարով է պակաս 13 միլիարդից։

Այդ գումարի մեջ մտնում է Հայաստանի՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին պարտքը։

Արտաքին պարտքը կազմում է 6 մլրդ 454 միլիոն դոլար, ներքին պարտքը՝ ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ 6 մլրդ 388 մլն դոլար։

Երբ երիտհեղափոխականները, որի մաս է կազմում Գևորգ Պապոյանը, եկան իշխանության, Հայաստանի պետական պարտքն ընդամենը 6,7 մլրդ դոլար էր, որից արտաքին պարտքը 5,5 միլիարդ էր, իսկ ներքին պարտքը՝ 1,2 մլրդ դոլար։ Իրենց իշխանության տարիներին արտաքին պարտքն ավելացրել են 947 մլն դոլարով, ներքին պարտքը՝ 5 մլրդ 142 մլն դոլարով։

Ինչպես տեսնում եք, պարտքն ավելացել է հիմնականում ներքին պարտքի հաշվին։ Ու քանի որ ներքին պարտքը թանկ պարտք է, Հայաստանի պետական պարտքը վերջին տարիներին ոչ միայն գրեթե կրկնապատկվել է, այլև կտրուկ թանկացել է։

Թանկացել է գերազանցապես կառավարության ներգրավված պարտքերի թանկացման հաշվին ու էապես մեծացրել ճնշումը պետական բյուջեի վրա։

Անցած տարվա վերջի տվյալներով, Հայաստանի կուտակած 12 մլրդ 842 մլն դոլար պարտքից  կառավարության բաժինը կազմել է 12 մլրդ 338 մլն դոլար։ Այդ գումարը կուտակվել է 30-35 տարվա ընթացքում, որի կեսից ավելին կուտակել է երիտհեղափոխականների իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մինչև սրանց իշխանության գալը, կառավարության պարտքը՝ ներքին ու արտաքին, կազմում էր 6 մլրդ 157 մլն դոլար։ Կառավարության պարտքը 6,5 տարում ավելացրել են 6 մլրդ 181 մլն դոլարով։ Ավելի շատ, քան նախորդ բոլոր իշխանությունները միասին։

Կուտակել են՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ հատկապես ներքին պարտքն ավելացնելու միջոցով։

Կառավարության պարտքը ոչ միայն կրկնապատկել, այլև թանկացրել են։ Երբ եկան իշխանության, պարտքի միջին տոկոսադրույքը 4,9 էր, անցած տարվա վերջին կազմել է 7,2 տոկոս։ Ավելացել է 2,3 տոկոսային կետով։

Մասնագետները լավ կհասկանան, թե սա ինչպիսի ահռելի ծանրաբեռնվածություն է պետական բյուջեի վրա։

Պետական պարտքն այնքան են թանկացրել, որ հասցրել են առևտրային վարկերի տոկոսներին։ Ու դրա, ինչպես նաև՝ պարտքի կրկնապատկման պատճառով կառավարության պարտքի միայն տոկոսավճարները կազմում են տարեկան շուրջ 1 մլրդ դոլար։ Այնտեղ են հասցրել, որ բյուջեի հարկային եկամուտների 13-14 տոկոսը գնում է պարտքի միայն տոկոսները մարելուն։

Սրա համար թող անհանգստանա Գևորգ Պապոյանը։ Թող անհանգստանա նաև նրա համար, որ պարտքի մարման ժամկետայնության կարմիր լույսը սկսել է վառվել։ Ժամկետը սահմանված նվազագույնից ներքև է իջել, ու դա լուրջ ռիսկ է պարտքի համար։

Այլապես մանիպուլյացիաներ անելով՝ պարտքի մեծությունն ու ծանրաբեռնվածությունը չի փոխվի։ Փաստն այն է, որ Հայաստանի պետական պարտքն ընդհուպ մոտեցել է 13 միլիարդ դոլարի։ Ու դրա կեսը կուտակել է Գևորգ Պապոյանի քաղաքական թիմը՝ ընդամենը 6,5 տարվա ընթացքում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս