Բաժիններ՝

«Փետրվարի 6-ին բոլոր համայնքներից ոտքի են կանգնելու. սպանդանոց չկա, բայց պահանջում են՝ մորթն անենք սպանդանոցում». Շիրակի բնակիչ

Շիրակի մարզում արդեն տասնյակ մսավաճառներ են տուգանվել՝ մորթը սպանդանոցներում չանելու պատճառաբանությամբ, այն դեպքում, երբ Շիրակում որևէ սպանդանոց գոյություն չունի։

Երեկ գյուղացիները մսավաճառների հետ միասին բողոքի ակցիա իրականացրեցին Շիրակի մարզպետարանի մոտ` պահանջելով կա՛մ սպանդանոց կառուցել, կա՛մ իրենց հանգիստ թողնել, որպեսզի կարողանան իրենց օրվա հացը վաստակել։

168.am հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակից Հովհաննեսն ասաց, որ բողոքի ակցիան որևէ արդյունք չի տվել, ուստի փետրվարի 6-ին Շիրակի մարզի բոլոր համայնքներից կրկին հավաքվելու են մարզպետարանի մոտ՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար։

«Փետրվարի 6-ին բոլոր համայնքներից մարդիկ ոտքի են կանգնելու։ Սպանդանոց չկա, բայց մեզանից պահանջում են՝ մորթն անենք սպանդանոցում։ Ասում են՝ սպանդանոցում չարեցիք, տուգանելու ենք, ու արդեն շատերին տուգանել են։ Ինքս բանվոր մարդ եմ, մեզ համար օր աշխատում, ապրում ենք, թող պատկան մարմիններն ասեն, թե ինչ անենք, երբ չկա սպանդանոց»,- նշեց մեր զրուցակիցը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, Շիրակի մարզում մի քանի համայնքներ կան, և պետք է յուրաքանչյուր համայնք ունենա իր սպանդանոցը, միայն դրանից հետո կարող են սովորական գյուղացիների առաջ պահանջներ դնել։

«Թող դե ասեն՝ սպանդանոցների բացակայության պայմաններում ինչո՞ւ են մեզ տուգանել։ Մեր ակցիայի ժամանակ կարծեմ փաստաբան էլ կար, որպեսզի հասկանա՝ ինչն ինչոց է։ Այսպես չենք կարող շարունակել»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ երեկ բողոքի ակցիայի մասնակիցներին հանդիպել էր մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։

Նա գյուղացիներին ասել էր, որ կառավարության կողմից ընդունվել է որոշում՝ նախատեսված սպանդանոցների փոխարեն կարող են կառուցել սպանդանոցային կետեր, իսկ սրանք ավելի մատչելի կնստեն գյուղացիների վրա։

Այս ամենը կրկին հարուցել էր գյուղացիների զայրույթը, նրանք պաշտոնյային ասել էին, որ գյուղացին այդքան գումար չունի, որպեսզի սպանդանոց կառուցի։

Տեսանյութեր

Լրահոս