
«Փոքր բիզնեսը փակվում է. այսօր ՀՀ-ում բիզնես միջավայրը շատ վտանգավոր և անկանխատեսելի է». ՓՄՁ Ասոցիացիայի Շիրակի մասնաճյուղի տնօրեն

Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները: Համաձայն այդ փոփոխությունների, ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չներկայացրած տնտեսվարողների համար կրկնապատկվում է շրջանառության հարկը՝ 5-ից դառնալով 10 տոկոս, իսկ փաստաթղթեր ներկայացնողների համար, հակառակը, 1,5 տոկոսից իջնում է։ Այդ փոփոխություններով նաև հստակ պահանջ է դրվել՝ գույքագրել ապրանքը։ Այս փոփոխությունների դեմ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները Կառավարության և ԱԺ շենքերի մոտ բազմիցս բողոքի ակցիաներ են իրականացրել, բարձրաձայնել, որ շրջանառության հարկի բարձրացման հետևանքով իրենց հարկային տեռորի են ենթարկում և ուղղակի այդ քայլով փակում են փոքր և միջին բիզնեսը։
Սակայն այդ բողոքները որևէ արդյունք չտվեցին, որի հետևանքով էլ այսօր շատ տնտեսվարողներ պարզապես փակում են իրենց բիզնեսը։
ՓՄՁ Ասոցիացիայի Շիրակի մասնաճյուղի տնօրեն Կարեն Ավագյանի խոսքով՝ Շիրակում փոքր և միջին բիզնեսը խայտառակ վիճակում է, շատերն արդեն փակվել են։
«Եկեք միասին գնանք շուկա, ցույց տամ, թե ինչ վիճակ է, կտեսնեք, թե վերջին 6 ամսվա ընթացքում ինչքան խանութներ են փակվել ու ինչքան են ավելացել օբյեկտները, որոնց վրա փակցված է՝ «Տրվում է վարձով»։ 6 ամիս առաջ ինչն աշխատում էր, հիմա փակ է, կամ, եթե ունեին ապրանք, հիմա լիկվիդացիա է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Ավագյանը։
Հարցին՝ եթե խանութները փակվում են, տնտեսվարողներն ինչպե՞ս են վճարելու վարկերը, որոնք վերցրել ու ապրանք են գնել, Կարեն Ավագյանը պատասխանեց, որ անձամբ այն եզակի տնտեսվարողներից է, որ բանկերից 1 դրամ անգամ չի վերցրել։
«Ինքս իմ գումարով եմ աշխատում, քիչ է, թե շատ՝ ինձ լրիվ բավարարում է։ Մեծ ռիսկերի տակ չեմ մտնում՝ ինչի՞ համար, քանի որ այսօր բիզնես միջավայրը Հայաստանում շատ վտանգավոր և անկանխատեսելի է, ինքներդ էլ եք տեսնում, որ օրը մեջ օրենք են փոխում։ Հենց այդ պատճառով չարժե ավելի մեծ ռիսկերի դիմել։ Կարծում եմ՝ բոլորն էլ նույն կերպ են մտածում և ավելի մեծ ռիսկերի չեն դիմում։ Հիմա, եթե կոնկրետ բանկային ու վարկային մասնագետներին էլ հարցնեք, բանկերն ունեն մեծ գումարներ, որոնք բիզնեսը չի վերցնում, այսինքն՝ վարկի պահանջարկ, որպես այդպիսին, չկա։
«Հետք» լրատվականն ուսումնասիրություն էր կատարել և պարզել էր, որ ՀՀ-ում բանկերն իրենց գումարն արդեն ներդնում են արտասահմանում, գոյություն ունի տոկոսային ծախս, որպեսզի կարողանան այդ տոկոսային ծախսն ինչ-որ կերպ փոխհատուցել»,- հավելեց Կարեն Ավագյանը։
Նա նաև ընդգծեց՝ փոքր բիզնեսի վարկունակությունը չափազանց նվազել է, և ռիսկային գործարքների հիմնականում չեն գնում։
«Մենք կանախատեսել ենք, որ փոքր բիզնեսի այն խավը, որ իրապես աշխատում էր, ոլորտում էր, ոչ թե խոշորի ստվերն էր, որի հետևից իրենք ընկած են, այդ բիզնեսն այսօր շատ ծանր դրության մեջ է։ Մնացորդների վրա, ինչպես ուզում եք՝ հաշվեք, գալիս այդ տոկոսն անցնում է, թեկուզ այդ գույքագրումով հարկային վճարումները։ Իսկ փաստաթղթով շրջանառությունը, հասկացանք՝ 1 տոկոս է, բոլոր ծախսերը դրա տակ չենք կարող մտցնել, մեծ մասը չի էլ մտցնում, ուղղակի զուտ թանկ հաշվապահ չվարձելու պատճառով։ Այսօր նորմալ հաշվապահության համար կոնկրետ ծրագիրը վարձով է՝ ամսական դրա սպասարկման համար պետք է վճարել։ Նախկինում նման բան չկար, կար անվճար տարբերակ, որը, որքանով տեղյակ եմ՝ հիմա միայն 2 ամիս է աշխատում, դրանից զատ, պետք է հաշվապահի համար ևս լրացուցիչ վճարել, որպեսզի հետևի ապրանքի մուտքին ու ելքին»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Կարեն Ավագյանն ասում է՝ այստեղ խնդիրը խոշորին բռնելու կամ նրա հետևից գնալու մեջ չէ, պարզապես փորձում են լրացուցիչ բարդություններ ստեղծել փոքր բիզնեսի համար, որպեսզի ավելի խոշոր ծավալով առևտուր անողները կարողանան իրենց «կոմֆորտ» զգան և գրավեն շուկան։
«Եթե ադեկվատ իշխանություն լիներ, արդեն 2 եռամսյակից հետո պետք է հետևություններ աներ՝ հաշվետվությունների մասով, ՓՄՁ-ների փակվելու մասով, բայց ես չեմ տեսել որևէ հաշվետվություն»,- ընդգծեց Կարեն Ավագյանը։
Տնտեսվարող Արթիկ Արզաքանցյանը, ով գործունեություն է ծավալում Գավառում, նշեց, որ մինչև այս պահը Գավառում շատ բիզնես չի փակվել, սակայն փոքր և միջին բիզնեսը մի կերպ է գոյատևում։
«Փոքր բիզնեսը տեղում դոփում է, որևէ առաջընթաց չկա, մարդիկ զարգացում չեն նկատում, չգիտեմ, եթե այսպես շարունակվի՝ ինչ է սպասվելու ոլորտին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արթիկ Արզաքանցյանը։