Սխալ կերպափոխվածները կամ մի քաղաքական արշավի պատմություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ սխալվել է, երբ ժամանակին Աղդամը համարել է իր հայրենիքը: «Բոլորս էլ սխալվում ենք»,- շեշտել է նա:

Հակադարձմանը՝ Նիկոլ Փաշինյանն է՞լ է սխալվել, երբ հայտարարարել էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ինչը հանգեցրեց մի քանի հազար զոհի, Սիմոնյանն արձագանքել է. «Վարչապետը դրա մասին ասել է: Մեր մտածելակերպի մեջ մենք բոլորս այլ պատկերացում ենք ունեցել, այդ թվում՝ ես, ինքը»:

Այսինքն, Ալեն Սիմոնյանն ուզում է ասել, որ այսօր իրենց գաղափարները կերպափոխվել են անվտանգային, տարածաշրջանային մարտահրավերներին համահո՞ւնչ, իսկ այն ժամանակ գործել են տվյալ պահի իրականությանը համապատասխա՞ն, թե՞ առանց սառը հաշվարկի, իսկ գուցե գիտակցվա՞ծ են գնացել իր նշած «սխալ» քայլին:

Օրինակ, երբ 2019 թվականին գտնում էին, որ իրենց «միասնական ազատություններն ու միասնական երազանքները պաշտպանված են 42.000 քկմ տարածքի վրա», և եթե իրենց դավանած արժեքների պաշտպանության հարցում զիջման գնան, «կբռնեն պարտության ուղին», ինչպես 2019 թվականի հունվարի 28-ին ՊՆ զորամասերից մեկում ասել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, դա ի՞նչ էր, քաղաքական ռոմանտի՞զմ էր:

Կարդացեք նաև

Կամ՝ երբ 44-օրյա պատերազմից օրեր առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 23-ին, Ալեն Սիմոնյանը, իսկ դրանից շատ ավելի առաջ ՀՀ պաշտպանության այսօրվա նախարար Սուրեն Պապիկյանը (2019-ի դեկտեմբերի 1-ին) հայտարարում էին՝ «Աղդամը իմ հայրենիքն է», սա զուտ անմեղ սխա՞լ էր:

Եվ սա՝ այն դեպքում, երբ հուլիսյան մարտերն էին տեղի ունեցել, դրանից անմիջապես հետո էլ թուրք-ադրբեջանական զորավարժությունները հուշում էին, որ պատերազմ է լինելու, ավելին, 2020 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետը, հերթապահություն իրականացնող զորամասերում զգոնությունը բարձրացնելու, ակտիվացած հակառակորդի սադրիչ գործողություններին դիմագրավելու և ՀՀ առաջապահ ստորաբաժանումների անձնակազմի անվտանգ ծառայությունն ապահովելու նպատակով արձակել էր թիվ 041 կարգադրությունը, որով հրամայել էր նաև ՊԲ հրամանատարին բարձրացնել անձնակազմի զգոնությունը, ուժեղացնել հետախուզությունը և դիտարկումը, պատրաստ լինել հակառակորդի հավանական սադրանքները դիմագրավելուն, միջոցներ ձեռնարկել մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի անվտանգության ապահովման ուղղությամբ:

Եվ սա Օնիկ Գասպարյանի միակ հրամանը չի եղել, իսկ 2020թ. սեպտեմբերի 25-ին արդեն Նիկոլ Փաշինյանը հստակ տեղեկություն էր ստացել պատերազմի մասին, և դա շատ վստահելի էր թվացել: Ավելին, իշխանափոխությունից հետո Փաշինյանը հենց արտաքին գործերի նախարարի միջոցով փորձել էր ծանոթանալ բանակցային ամբողջ գործընթացին, իսկ վերջերս էլ նա հերթական անգամ պնդել էր, որ «1994 թվականից բանակցել ենք Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու շուրջ»:

Մի կողմ թողնենք, որ Նիկոլ Փաշինյանը ստում է, Ալեն Սիմոնյանը, ըստ էության, հավատում է իր քաղաքական առաջնորդի խոսքին, և հաստատ 2020 թվականի սեպտեմբերի դրությամբ որոշակի տեղեկություններ ունեցել է, այս դեպքում, կրկնում ենք, «Աղդամը մեր հայրենիքն է» քաղաքական արշավն անհաշվարկ քա՞յլ էր, քաղաքական ռոմանտի՞զմ, թե՞ շատ լավ հաշվարկված քաղաքական քայլ:

Հիշեցնենք, որ վերը նշված քաղաքական արշավի արմատները տանում են դեպի 2016 թվական:

Մասնավորապես, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը 2016 թվականի սեպտեմբերի 11-ին ելույթ ունենալով «Քաղաքացիական պայմանագիր» իր կուսակցության հանրահավաքում, հայտարարել էր.

«Քանի դեռ Պաշտոնական Բաքուն, Ադրբեջանը հայտարարում է, որ Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշ պետք է ծածանվի, հայկական քաղաքական բառապաշարից փոխզիջում բառը պետք է արմատախիլ անել։ Ու եթե ապրելու մեր պատմական ճակատագրի ցիկլը հաղթահարելու կամք ունենք, ուրեմն պիտի չվախենանք հայտարարել՝ Աղդամը, այո, մեր հայրենիքն է»։

Մեկ անգամ չէ, որ գրել ենք՝ նշված քաղաքական արշավը ոչ թե հանուն էր, այլ ընդդեմ՝ ցույց տալու, որ եթե Սերժ Սարգսյանն «Աղդամը չի համարում իր հայրենիքը», ապա իրենք համարում են:

Հիշեցնենք, որ ըստ մամուլում եղած տեղեկությունների, 2001 թվականի մայիսի կեսերին, Հայաստանի խորհրդարանում ղարաբաղյան հարցով լսումների ընթացքում, Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին՝ որո՞նք են Արցախի իրական սահմանները, հայտարարել էր.

«Ընդհանրապես ցանկացած երկրի, այդ թվում և՝ մեր սահմաններն անցնում են այնտեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը։ Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։ Եթե բանակցային պրոցես է գնում, ու դու փորձում ես դիմացինիդ հիմարի տեղ դնել, նրա մոտ միայն հեգնանք է առաջանում,– ասել էր նա և հավելել,- Չեմ կարող տուրք տալ հասարակության մեջ տարածվող այն կարծիքներին, որ մենք Աղդամն ազատագրել ենք: Պետք չէ դիմացինին անլուրջ մարդու տեղ դնել: Այո, եղել են տարածքներ, որոնք մենք գրավել ենք: Եվ դրանից մենք երբեք չպետք է ամաչենք: Այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը: Դրա մասին մենք հայտարարել ենք 1992 թ., 1994 թ., հայտարարում եմ հիմա: Միգուցե իմ հայտարարությունը դիվանագիտական չէ, բայց սա է»:

2021-ի փետրվարին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել էր Ակնայի հետ կապված իր հայտարարությանը:

«Հիշո՞ւմ եք, որ դա ոչ միայն այն ժամանակ շահարկվեց, դա շահարկվեց վերջերս, երբ անմեղսունակ մարդիկ, իրականությունը լավ չպատկերացնող մարդիկ սելֆի էին անում Աղդամի ֆոնին և ասում էին՝ Աղդամն իրենց հայրենիքն է։ Ես տեսա, թե այդ հայրենիքն իրենք ինչպես պահեցին»,- շեշտել էր ՀՀ 3-րդ նախագահը:

2021-ի հունիսին Սերժ Սարգսյանն այս թեմայի վերաբերյալ խոսել էր նաև BBC-ին տված հարցազրույցում։

«Դուք ոչ մի պարագայում չէիք կարող լսել ինձնից, որ մենք երբեք չենք վերադարձնի այդ տարածքները: 2001թ. ես անգամ խորհրդարանի ամբիոնից հայտարարեցի, որ Աղդամը իմ հայրենիքը չէ… Ես պատրաստ էի կրել դավաճանի խարանը, բայց լուծել հարցը, որպեսզի այսպիսի ճակատագրի չարժանանայինք»,- ասել էր Սարգսյանը:

Ալեն Սիմոնյանը, որ այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում սրտնեղել էր՝ անընդհատ հիշվում է 44-օրյայի ժամանակ մի քանի հազար զոհի մասին, բայց մոռացվում է, որ Փաշինյանի շնորհիվ 25.000 մարդ է փրկվել շրջափակումից, չգիտես՝ ինչու, մոռանում է, որ իրենք էլ Սերժ Սարգսյանի խոսքից իրենց նպատակահարմար մասն էին միայն վերցրել և անտեսել մի շատ կարևոր հատված՝ «սահմաններն անցնում են այնտեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը» և «այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը»:

Նշենք, որ Ապրիլյան մարտական գործողությունների ոչ պակաս կարևոր, սակայն այդքան էլ չլուսաբանված գործողությունները տեղի ունեցան հենց Ակնայի (Աղդամ) ուղղությամբ:

Ըստ april2016.am-ի, ապրիլի 4-ի երեկոյան՝ ժամը 17:30-ի սահմաններում, չորրորդ պաշտպանական շրջանի հրետանային ստորաբաժանման հետախույզների կողմից ավտոշարասյուներ, հրետանային մարտկոցներ են հայտնաբերվել Ակնայի առաջնագծի երկայնքով` Ադրբեջանի Բալլար-Սարիջալու-Չամանլու գյուղերի ուղղությամբ, առանձնացված տանկային շարասյուներ՝ Ղարադաղլու, Էվօղլու և Աֆաթլու գյուղերի ուղղությամբ, ինչպես նաև հրետանային մարտկոցների կրակային դիրքեր` Աֆաթլու, Էվօղլու, Ղարադաղլու, Մահրիզլու, Սարիջալու բնակավայրերի ծայրամասերում:

Ժամը 18:00-ի սահմաններում ՊԲ կենտրոնական ենթակայության հրետանային զորամասի և չորրորդ պաշտպանական շրջանի դիվիզիոնների համատեղ ուժերով համազարկային կրակ է բացվել հակառակորդի այդ կուտակումների դեմ:

Ընդհանուր, համատեղված համազարկով ՊԲ կենտրոնական ենթակայության հրետանային ստորաբաժանումներին հաջողվել է ճնշել վերը նշված կուտակված բրիգադների ուժերը և ոչնչացնել բրիգադի հրամանատարական կետը:

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը «Մեդիամաքսի» հետ զրույցում մի առիթով մանրամասնել էր.

«Հակառակորդի պլանը հետևյալն էրˋ հարձակման չորրորդ կամ հինգերորդ օրը կենտրոնական՝ Աղդամի ուղղությամբ ճեղքում անել ու հասնել Ստեփանակերտ: Ըստ իրենց հաշվարկի, ունեցած արսենալի ճիշտ օգտագործման դեպքում Ադրբեջանը կարող էր իրագործել այդ պլանը»:

2016-ին Արցախ կատարած այցից հետո «Արաքսից Թալիշ. նոր առաջնագիծ» վերտառությամբ իր հոդվածում «Ձախողված տանկային բլիցկրիգ» ենթավերնագրի ներքո Նիկոլ Փաշինյանը գրել էր. 

«Հիմա արդեն բոլորն են ընդունում, որ չորսօրյա պատերազմի շրջադարձային պահը ապրիլի 4-ին Ակնայի (Աղդամի) դիմաց՝ ադրբեջանական Քարադաղլի գյուղի ուղղությամբ հայկական կողմի հասցրած հրետանային հարվածն էր, որի ընթացքում ադրբեջանցիները առնվազն երեք տանկ են կորցրել և մոտ 200 զոհ տվել: Իսկ հրետանային մշակման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ՊԲ-ն խորքային հետախուզության միջոցների կիրառմամբ արձանագրել է, որ նշված ուղղությամբ տեղի է ունենում զորքերի, տանկերի խոշոր կուտակում և որոշում է կայացվել հրետանային ծավալուն գործողություններով ցրել հակառակորդի կուտակումը:

Այցի ընթացքում մեզ ներկայացվեց ապրիլի 4-ի հրետանային գործողության տեսագրությունը: Ռազմական փորձագետները համոզված են. գործողությամբ կանխվել է հակառակորդի հարձակումը Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ:

Այդ դրվագում հայկական հրետանու ճշգրտությունը, իհարկե, առասպելների առիթ է դարձել, բայց տվյալ դեպքում առավել կարևոր է, որ խորքային հետախուզման համակարգը, որի գործադրմամբ հայտնաբերվել է թշնամու տանկային շարասյունը, դեպքից ընդամենը մեկ ամիս առաջ է գործարկվել, ու հիմա ակնհայտ է, որ եթե այդ համակարգը չլիներ, հետախուզության սովորական միջոցները կարող էին և չհայտնաբերել թշնամու կուտակումը, ինչը ճակատագրական նշանակություն կունենար հայկական կողմի համար: Թերևս, հենց այս դրվագն է պատճառ դարձել, որ ԼՂՀ կառավարությունը որոշել է խորքային հետախուզության այդ նույն միջոցներով ապահովել ողջ առաջնագիծն այնպես, որ ճակատի ոչ մի հատված դուրս չմնա համակարգի տեսադաշտից»:

Եվ նույն Փաշինյանը 44-օրյա պատերազմի ավարտին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, առանց կրակոցի, հանձնեց Ակնան… Սա ճշգրիտ քա՞յլ էր, թե՞ սխալ: Իսկ կարո՞ղ է մի օր տարածաշրջանային զարգացումներից և թուրք-ադրբեջանական տանդեմի սպառնալիքներից ելնելով՝ Ալեն Սիմոնյանը և Նիկոլ Փաշինյանը հիմա էլ որոշեն, որ ՀՀ ինքնիշխան տարածքը 29.743 քկմ չէ…

Ի դեպ, հետաքրքիր է՝ «Աղդամը մեր հայրենիքն է» քաղաքական ակցիային 2019-ին մասնակցած պատմաբան-պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նույնպե՞ս իր այդ քայլը սխալ է համարում…

Տեսանյութեր

Լրահոս