Հնարավոր է` Բաքուն հայաստանյան ներքաղաքական կյանքին առնչվող որոշակի կանխատեսումներ ունի. Վիտալի Մանգասարյան

Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում չէր շրջանցել Հայաստանի զինման հարցը, ինչի հետ կապված՝ Ադրբեջանը վաղուց է պահանջներ առաջ քաշում, որ պետք է սահմանափակումներ մտցվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ և ՀՀ բանակաշինության, ռազմական քաղաքականության մեջ:

Բայց այս անգամ Ալիևն իր պահանջում ավելի կոնկրետ է եղել՝ «Ֆրանսիան և մյուս երկրները, որոնք զենք են մատակարարում Հայաստանին, պետք է չեղարկեն այդ պայմանագրերը, իսկ արդեն մատակարարված սպառազինությունը պետք է վերադարձվի»:

Ալիևի այս պահանջին Փաշինյանը, ըստ էության, համաձայնություն է տվել, իր հերթին՝ առաջարկելով սպառազինության վերահսկման և քվոտավորման շուրջ բանակցություններ սկսել:

Թե սա ի՞նչ ռիսկեր է ենթադրում, 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի հետ:

Կարդացեք նաև

– Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հայտարարություններն այս համատեքստում ունեն տարբեր քաղաքական և անվտանգային նրբերանգներ, որոնք արժանի են մանրակրկիտ գնահատման:

Եթե Հայաստանն իսկապես հրաժարվի մատակարարված զենքից կամ սահմանափակումներ դնի սպառազինության ձեռքբերման վրա, դա միանշանակ վտանգի տակ է դնելու Հայաստանը և, ինչո՞ւ չէ, ողջ տարածաշրջանը, հատկապես այն պարագայում, երբ այդ ամենը տեղի ունենա միակողմանի տարբերակով, ինչին, ցավոք սրտի, գործող իշխանությունների օրոք բազմիցս ականատես ենք եղել:

Ադրբեջանը, որը վերջին տարիներին զգալիորեն մեծացրել է իր զինանոցը, բնականաբար, այս իրավիճակն օգտագործելու է՝ որպես ռազմավարական առավելություն:

Մյուս կողմից, Ադրբեջանի պահանջներն ակնհայտորեն նպատակ ունեն՝ Հայաստանի վրա դիվանագիտական ճնշում գործադրել և համաշխարհային հանրության առջև Հայաստանը ներկայացնել որպես «սպառազինության մրցավազք հրահրող»: Եվ եթե համապատասխան աշխատանք չտարվի հատկապես խոշոր խաղացողների հետ, ապա այդ ամենը կարող է ազդել միջազգային հանրության վերաբերմունքի վրա և ստեղծել լրացուցիչ բարդություններ։

Ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է շեշտակի կերպով ընդգծի իր անվտանգության կարիքները և ձգտի ստանալ երաշխիքներ՝ ինչպես միջազգային կազմակերպություններից, այնպես էլ՝ ռազմական գործընկերներից:

Ադրբեջանը վերջին տարիներին ակտիվորեն մեծացրել է իր ռազմական ծախսերը և պահպանում է զգալի առավելություն ռազմական տեխնիկայի քանակով և որակով, ուստի, առավել քան վստահ եմ, որ սպառազինությունների վերահսկման ոչ մի ձևաչափի չի համաձայնվելու։ Ավելին, Ադրբեջանն օգտվում է Թուրքիայի, Պակիստանի և Իսրայելի աջակցությունից, որոնք զգալիորեն նպաստում են նրա ռազմական հզորացմանը: Այսպիսի պայմաններում սպառազինության վերահսկումը ձեռնտու չէ Բաքվին:

Հաշվի առնելով բոլոր ռիսկերը, Հայաստանը պետք է մշակի նոր ռազմական դոկտրին, ինչի մասին տարբեր առիթներով իշխանությունները խոսել են, նշելով և կարևորելով նաև համապարփակ պաշտպանության կոնցեպտը, որը, ըստ իրենց իսկ հայտարարությունների, ընդունվել է ԱԱԽ նիստում, սակայն գործնականում փաստացի ոչ մի առաջընթաց չունենք։

– Ալիևը, ըստ էության, պատրաստվում է հարձակման, պատերազմի՝ պատասխանատու կարգելով ՀՀ-ին՝ որպես «ֆաշիստական պետություն», նա առաջարկել է՝ կամ Փաշինյանը կոչնչացնի նման գաղափարախոսությունը, սպառնալիքը, կամ՝ իրենք: Ադրբեջանի նախագահի այս հայտարարության տողատակում Դուք ի՞նչ եք տեսնում:

Ալիևի այս հայտարարությունները պետք է դիտարկել մի քանի համատեքստում, քանի որ դրանք միաժամանակ ներառում են քաղաքական, քարոզչական և ռազմական նպատակներ։ Նրա ասածները ոչ միայն ուղիղ սպառնալիք են Հայաստանի հանդեպ, այլև հստակ ազդանշան ապագա հնարավոր ռազմական սցենարների մասին:

Այն նախ նպատակ ունի Հայաստանը ներկայացնել՝ որպես «ագրեսոր» և «վտանգավոր պետություն»՝ արդարացնելու ապագա հարձակումներն ու ռազմական գործողությունները։ Նմանօրինակ հայտարարությունները նաև իրենց մեջ պարունակում են Ադրբեջանի հասարակությանը նոր պատերազմի նախապատրաստրաստելու էլեմենտ՝ ներկայացնելով՝ որպես «արդարացի» պայքար «ֆաշիզմի դեմ»:

Մյուս կողմից գաղտնիք չէ, որ Ադրբեջանի բռնապետի համար «ֆաշիզմի» առաջնորդներ են համարվում Հայաստանի նախկին նախագահները, ռազմական և ներքաղաքական դաշտում ընդդիմադիր կեցվածք ունեցող տարբեր գործիչներ:

Եվ հնարավոր է Բաքուն հայաստանյան ներքաղաքական կյանքին առնչվող որոշակի կանխատեսումներ ունի, որի համաձայն՝ մեծ է հավանականությունը, որ, այսպես կոչված, «ֆաշիստները» կարող են տապալել Փաշինյանի իշխանությունը, ինչը, բնականաբար, առնվազն այս փուլում ձեռնտու չէ Ադրբեջանին։

Ալիևն այսպիսով փորձում է հասկացնել՝ եթե Հայաստանի ներկայիս իշխանությունը տապալվեց և իշխանության գան նժդեհյան գաղափարներ կրող ուժեր, ապա դա կարագացնի «ֆաշիզմի» դեմ պայքարի պրոցեսը։

Ի դեպ, ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ՀՀ պատկան մարմիններին հրավիրել էր համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտնվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործով՝ հիմնավորելով՝ «առաջնորդվելով լուրջ հիմքերով, որոնց համաձայն՝ քննության ընթացքում արծարծված դրվագներում որպես կասկածյալ կամ վկա անցնող անձանցից շատերն այժմ Հայաստանի Հանրապետության տարածքում են»: Կոնկրետ անուններ, իհարկե, չէր նշվել, և կարող ենք միայն ենթադրություններ անել: Մյուս կողմից, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող զեկույցը դեռ չներկայացված՝ վերջերս կալանավորվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, հնարավոր է՝ լինեն այլ կալանավորումներ, թե ում, ժամանակը ցույց կտա, ինչպես ասում են՝ կախված է քաղաքական նպատակահարմարությունից:

– Չեմ կարող ասել, թե կոնկրետ ում կկալանավորեն, սակայն նոր կալանավորումների հավանականությունը բարձր եմ գնահատում հատկապես այն ֆոնին, երբ ադրբեջանական կողմից ամենաբարձ մակարդակով ուղիղ պահանջներ են դրվում հայաստանյան իշխանություններին, այսպես կոչված, «ֆաշիզմի» դեմ պայքարի տրամաբանության մեջ։

Ինչ վերաբերում է Տիրան Խաչատրյանի կալանավորմանը, ապա ընթերցելով Քննչական կոմիտեի հայտարարությունը և համեմատելով այն պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի՝ գեներալ Խաչատրյանի մասին հայտարարությունների հետ, կարող եմ ասել հետևյալը՝ Տիրան Խաչատրյանին դատում են նրա համար, ինչի համար Փաշինյանը նրան ՀՀ ազգային հերոսի կոչում է շնորհել։

– 2021 թվականին, երբ նույն Տիրան Խաչատրյանին «ծիծաղի» պատճառով Փաշինյանը որոշեց ազատել ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից, ՀՀ զինված գեներալներն անմիջապես հայտարարություն տարածեցին, պահանջեցին Փաշինյանի հրաժարականը՝ համարելով, որ նա ի վիճակի չէ ադեկվատ որոշումներ կայացնել ճգնաժամային և ճակատագրական իրավիճակներում: Այսօր, երբ իրավիճակն առավել քան վտանգավոր է, երբ պետության լինել-չլինելու հարց կա, իսկ Փաշինյանն իրավիճակին համարժեք որոշումներ չի կայացնում, գեներալները լռություն են պահպանում, այդ թվում՝ նրանք, որոնք 2021-ին ստորագրել էին Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ: Ավելին, գործում են Փաշինյանի օրակարգի տրամաբանության մեջ, հենց նույն ԳՇ գործող պետը:

– 2021 թվականին գեներալների և բարձրաստիճան զինվորականների կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի արտահայտումը (հայտնի՝ որպես ԶՈՒ ԳՇ-ի հայտարարություն) հայաստանյան ներքաղաքական պատմության առանցքային դրվագներից էր։ Այնուամենայնիվ, այսօրվա լռությունը, որը դուք նշում եք, կարող է բացատրվել մի շարք գործոններով, այդ թվում՝ քաղաքական, իրավական և անձնական մոտիվացիաներով:

2021 թվականի դեպքերից հետո մի շարք գեներալներ և բարձրաստիճան զինվորականներ հայտնվեցին իրավական հետապնդման թիրախում կամ ստիպված եղան հրաժարական տալ։ Նման իրավիճակում նրանք, հնարավոր է, մտածում են, որ քաղաքական թեմաների մեջ ներգրավվելը կհանգեցնի ավելի մեծ ճնշումների։ Բնական է՝ հասարակության մի մասը, որը աջակցում էր գեներալների պահանջներին 2021-ին, այսօր արդարացիորեն հիասթափված է, քանի որ լռությունն առնվազն ստեղծում է անվստահություն։

– Վերադառնանք նախնական հարցերի տրամաբանությանը, պատերազմական գործողությունների հավանականությանը: Որքանո՞վ է իրական էսկալացիայի վտանգը, և ո՞ր ուղղությամբ այն կարող է տեղի ունենալ: Ի դեպ, Ալիևն իր հայտարարություններում, պահպանելով Հայաստանի վրա հարձակվելու վտանգը, խոսում է նաև սահմանազատման գործընթացի մասին, ո՞ր ուղղությամբ կարող է լինել դրա հաջորդ փուլը, կա՞ ուղղություն, ո՞ր ուղղությունում սահմանազատումը և սահմանագծումը ձեռնտու կլինի Հայաստանին:

– Կարծում եմ, որ Սյունիքը շարունակում է մնալ ամենաֆունդամենտալ ռազմավարական ուղղությունը Ադրբեջանի համար, քանի որ Ադրբեջանի ռազմավարական նպատակն է՝ կապ ապահովել Նախիջևանի հետ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով»։

Ինչքան էլ Ադրբեջանից հնչած ռազմատենչ հայտարարությունները խոսում են այն մասին, որ նրանք փորձելու են ուժի միջոցով հարցերը լուծել, մասնավորապես, հարձակում գործելով Սյունիքի ուղղությամբ, պետք է հաշվի առնել նաև զարգացումների այլ սցենարներ, օրինակ, որ հնարավոր է ադրբեջանցիները կետային հարվածներ հասցնեն խորքում գտնվող օբյեկտներին, այդպիսով ճնշում գործադրելով և ստիպելով ՀՀ իշխանություններին, որ նրանք իրենց կամքով հայտարարեն՝ համաձայն են ադրբեջանական պայմաններին։ Ցավոք սրտի, նման դառը փորձի մենք արդեն մի քանի անգամ ականատես ենք եղել, ինչպես արդեն վերևում նշեցի:

Ինչ վերաբերում է սահմանազատմանը, ապա, բնականաբար, հայկական կողմին ձեռնտու է պրոցեսը սկսել այն հատվածներից, որտեղ ադրբեջանական մխրճումներ կան ՀՀ սուվերեն տարածք։ Սակայն այստեղ էլ դժվար է լավատեսություն ունենալը, քանի որ վերջին տարիների փորձը տրամագծորեն հակառակի մասին է խոսում։

Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի այցը Բաքու և Երևան արդյո՞ք ինչ-որ չափով իրավիճակի, տրամադրությունների «հետախուզություն» չէ, իսկ գուցե ինչ-ինչ մեսիջների և իրանական կողմի դիրքորոշումների փոխանցում, եթե հաշվի առնենք, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» թեման և այլ հանգամանքներ:

– Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի այցերը Բաքու և Երևան միանշանակ ունեն կարևոր նշանակություն։ Այդ այցերը պետք է դիտարկել՝ ինչպես տարածաշրջանային իրավիճակի գնահատման, այնպես էլ՝ Իրանի շահերի համատեքստում։

Կարծում եմ՝ Իրանը փորձում է հնարավորինս լավ հասկանալ Ադրբեջանի մտադրությունները Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև նրա ռազմական հնարավորությունների և ծրագրերի մանրամասները։

Իրանը հետաքրքրված է նաև Հայաստանի անվտանգային խնդիրներով և հնարավոր ռազմական համաձայնություններով, որոնք կարող են ազդեցություն ունենալ տարածաշրջանային անվտանգային համակարգի վրա, և հայկական կողմն այստեղ աշխատելու լայն դաշտ ունի։

Իրանը հստակ հայտնել է՝ դեմ է «Զանգեզուրի միջանցք» կոչվող ծրագրին, որը կարող է խաթարել Իրանի սահմանային կապը Հայաստանի հետ։ Այցերի նպատակներից մեկն էլ, կարծում եմ, այն է, որ Իրանը ցանկանում է համոզվել՝ Հայաստանն իր դիրքորոշումը չի փոխել՝ հաշվի առնելով Ադրբեջանից կամ արտաքին ուժերից եկող հնարավոր ճնշումները։

Իրանը ցանկանում է հանդես գալ որպես ուժեղ տարածաշրջանային խաղացող՝ հավասարակշռելով Ռուսաստանի, Թուրքիայի և Արևմուտքի ազդեցությունը Հարավային Կովկասում։ Այցի միջոցով Թեհրանն ազդակ է ուղարկում, որ շարունակում է հետևողականորեն պաշտպանել իր շահերը և պատրաստ է գործել որպես միջնորդ՝ հնարավոր էսկալացիաների կանխարգելման համար։

Հայաստանը պետք է օգտվի Իրանի հետ հարաբերություններից՝ զուգահեռաբար աշխատելով այլ միջազգային գործընկերների հետ՝ անվտանգությունն ապահովելու համար։

– Տարածաշրջանային պատերազմ որքանո՞վ է հավանական այսօր, և դա ի՞նչ գործոններից է կախված:

– Տարածաշրջանային պատերազմի ռիսկը շատ իրական է, բայց այն կախված է Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններից, ինչպես նաև՝ միջազգային խոշոր խաղացողների և Իրանի արձագանքներից։ Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը (հատկապես՝ վերջին ելույթներում) և ռազմական կարողությունների կուտակումը հստակ հուշում են, որ Ադրբեջանը պատրաստ է ուժի կիրառմանը, եթե գտնի՝ պայմանները նպաստավոր են։

Կարճաժամկետ հեռանկարում համոզված եմ, որ Ադրբեջանը Թուքիայի և Իսրայելի աջակցությամբ շարունակելու է ճնշումը Հայաստանի և Իրանի վրա: Ուստի, կրկնում եմ՝ կարևոր է, որ Հայաստանը խորացնի հարաբերություններն Իրանի հետ, ինչն անգամներով կմեծացնի անվտանգության երաշխիքները։ Իրանում անցկացվող զորավարժությունները և հստակ նախազգուշացումները հուշում են, որ Թեհրանն ուշադիր հետևում է իրավիճակին։

– Փորձագետներն ասում են, որ Սիրիայի դեպքերից, Համասի, Հեզբոլլահի ջախջախումներից հետո նա թուլացած վիճակում է և այսօր փորձում է պահել Հարավային Կովկասի «ֆրոնտը»։ Այլ հարց է՝ արդյո՞ք այդ պահպանումը չի կարող լինել Ադրբեջանի և Թուրքիայի հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների տեսքով նաև, ինչ-ինչ փոխզիջումների, որից Իրանը կարող է չտուժել, բայցև Հայաստանը չշահի, եթե կարելի է այսպես ասել:

– Բնականաբար, ամեն ինչ իր գինն ունի, և նայած, թե ինչ գին կառաջարկվի:

Տեսանյութեր

Լրահոս