Փաշինյանի ո՞ր ասածն է համարժեք եղել. Ի՞նչ կա այդ խաղաղության տակ, է՞լ ինչ է տալու Հայաստանից. ՀԱՐՑՈՒՄ
Բաքվի բռնապետը նախօրեին Հայաստանի հասցեին սպառնալիքների հերթական հեղեղն է տեղացել։ Նա ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է, թե Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» պե՛տք է և կբացվի, ֆաշիզմը պետք է ոչնչացվի…
Նմանատիպ ջղաձգումներով մի ելույթ էլ Ալիևի Ամանորյա ուղերձն էր, որի առյուծի բաժինը դարձյալ Հայաստանի Հանրապետությանն էր առնչվում։
Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին ուղղված սպառնալիքներին այսօր արձագանքել է Նիկոլ Փաշինյանը՝ վերահաստատելով «խաղաղության» օրակարգին հավատարմությունը։
«Թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել: Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձևավորելու համար:
Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը: Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու: Մենք շարունակելու ենք կենտրոնացած մնալ սահմանազատման, խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման, հումանիտար հարցերի, այդ թվում՝ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման խնդիրների վրա»,- ի մասնավորի՝ նշել է Նիկոլ Փաշինյանը։
168․am-ն այսօր փոքրիկ հարցախույզով մեր համաքաղաքացիներից հետաքրքրվել է՝ համարժե՞ք է արդյոք Նիկոլ Փաշինյանի արձագանքն Ադրբեջանից հնչող սպառնալիքներին։
«Փաշինյանի ո՞ր ասածն է համարժեք եղել, որ սա լինի․ մարդը սպառնում է, կատարում է։ Ի՞նչ համարժեքության մասին է խոսքը,- ասաց մեր քաղաքացիներից մեկը և հավելեց, որ այսօր առհասարակ հանրության տարբեր շերտեր են ոչ համարժեք ընկալում իրավիճակը,- Նայեք՝ ո՞ր մեկն է տագնապ ապրում, մինչդեռ պատերազմը մեր դուռն է եկել, մեր պետությունը կործանվում է»։
Մեկ ուրիշն էլ հավելեց․ «Այդպես չեն պատասխանում, ավելի լավ է՝ չպատասխաներ»։
Տեսակետ հնչեց նաև, թե Ալիևն ու Փաշինյանն իրար հետ համագործակցում են։
Պատասխաններում գերակշիռ մասը վերաբերում էր նաև «խաղաղության օրակարգի» անիրականանալիությանը․ մարդիկ ուղղակի չեն հավատում Ադրբեջանի հետ խաղաղությանը։
«Ի՞նչ կա այդ խաղաղության տակ, է՞լ ինչ է տալու Հայաստանից», «Թուրքերը երբեք մեզ հետ համերաշխ չեն եղել, չեն էլ լինելու», «Այնքան խառն է, ոչ մի բանի չես հավատում․ պետք է չթալանեն, չլափեն, որ հարուստ լինես, զենք ունենաս, նոր խաղաղություն կլինի, որ քեզնից վախենան ու հետդ խաղաղություն անեն»՝ ի պատասխան խաղաղության մասին իշխանությունների հավաստիացումների՝ նշեցին քաղաքացիները։
Մանրամասները՝ տեսանյութում