Բաժիններ՝

2025 թվականին երիտասարդ մարմնամարզիկները կընդգրկվեն մեծահասակների թիմում. Հակոբ Սերոբյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ամփոփել է անցնող` 2024 թվականը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում` լրագրողների հետ հանդիպման ընթացքում, Սերոբյանը տարվա մեծագույն ձեռքբերումը համարեց Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը:

«Մեզ համար այս տարին լավն էր, սակայն կարող էր ավելի լավը լինել: Մենք մեր նշաձողը, որն ինքներս ենք սահմանել, ավելի ենք բարձրացնում: Փորձելու ենք ավելիին հասնել, եթե անգամ այս տարի ինչ-որ բան չստացվեց, ապա Օլիմպիական խաղերում էր, որտեղ ուզում էինք ոսկե մեդալ նվաճել: Մեզ համար այս տարին առաջընթացի տարի էր»,-ասաց Սերոբյանը:

Վերջինիս խոսքով` մարզական լրագրության ոլորտը լուսաբանող լրագրողները լավ գիտեն, թե ինչ ճանապարհ է անցել Հայաստանի մարմնամարզության հավաքականը և թե ինչ պայմաններում են թիմերը մարզվում:

«Անցնող տարում հատուկ կնշեմ երիտասարդների մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը, որտեղ ունեցանք Եվրոպայի չեմպիոն: Շատ լավ երիտասարդ մարզիկներ ունենք, որոնք 2025 թվականին կմասնակցեն արդեն մեծահասակների պայքարին»,-ասաց նա:

Ըստ Սերոբյանի` 2025 թվականից սկսած մարմնամարզության ամբողջ թիմը սկսում է նախապատրաստվել Լոս Անջելեսի 2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերին:

«Երիտասարդ մարզիկ Համլետ Մանուկյանը մեծ ապագա է խոստանում: 2025 թվականին երիտասարդ մարմնամարզիկները կընդգրկվեն մեծահասակների թիմում։ Երիտասարդները հաջորդ տարի չեն մասնակցի միջազգային մրցաշարերի, որպես մրցաշարի, այլ ձգտելու ենք մեդալներ նվաճել»,-ասաց մասնագետը:

Անդրադառնալով 2024 թվականի «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում հաղթելուն` Սերոբյանը նախ շնորհակալություն հայտնեց մարզական լրագրողներին, վստահեցրեց, որ մրցանակն առավել շատ է պարտավորեցնում:

«Իմ կարծիքով լավագույնն այս տարի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն էր: Բայց ես շնորհակալ եմ բոլորից, ովքեր քվեարկել են իմ օգտին»,-առանձնացրեց նա:Միջազգային ֆեդերացիայի նոր կանոնադրությամբ թե մեծահասակները և թե երիտասարդներն այժմ վարժությունը կատարելիս կանեն 8 տարր: Արթուր Դավթյանի վարժությունում նոր օլիմպիական շրջափուլում փոփոխություններ չեն լինի: Ի տարբերություն նախորդ մրցափուլի գնահատման համակարգի, նոր մրցաշրջաններում մարմնամարզիկները հնարավորություն կունենան նաև բոնուսային միավորներ ստանալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս