«Թուրքիան և Ադրբեջանն արդեն ՀՀ տարածքում տեղի ունենալիք շինարարության տենդերներ են վաճառում». Դավիթ Սիրունյան
«Թուրքիան և Ադրբեջանը չեն թաքցնում, որ հաջորդը մենք ենք և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»: Թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան արդեն մի քանի անգամ հայտարարել են, որ վերջացրել են միջանցքի իրենց հատվածի շինարարությունը, և արդեն տենդերներ են վաճառում, թե որ կազմակերպությունը պետք է կառուցի հայկական հատվածով անցնող մասը: Անգամ շինարարական պրոցեսում հայկական տնտեսվարողները ներգրավվածություն չեն ունենալու. այդտեղ էլ են շահելու թուրքական տնտեսվարողները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ՈւԿ խորհրդի անդամ Դավիթ Սիրունյանը՝ նկատելով, որ Թուրքիան փորձում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարը վաճառել և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի վրա՝ որպես Միջին միջանցքի առանցքային հատված:
«Վերջին լոգիստիկ-տնտեսական զարգացումները հերթական անգամ ապացուցում են, որ «Զանգեզուրի միջանցքը» բացառապես աշխարհաքաղաքական արժեք կրող միավոր է: Այս պահին Չինաստանի երկաթուղային տրանսպորտի ծանրաբեռնվածության 60 տոկոսն անցնում է Ռուսաստանով, մոտ 40 տոկոսը՝ Ղազախստանով: Մի քանի շաբաթ առաջ Չինաստանը պայմանագիր կնքեց Ղրղըզստանի և Ուզբեկստանի հետ՝ նոր երկաթուղային ճանապարհ կառուցելու վերաբերյալ, որը, բացի լոգիստիկ, կոմունիկացիոն կարևոր դերից՝ նաև կապող միջոց է հանդիսանալու Չինաստան-Իրան դուետի համար: Բացի այդ, որոշ ժամանակ առաջ Չինաստանը վրացական սահմանի երկայնքով շահագործման է վերցրել շատ խորջրյա նավահանգիստ: Փաստացի, Չինաստանն իր լոգիստիկ ուղիները կիսում է երկու ուղղությամբ մեր տարածաշրջանում՝ Սյունիքից դեպի վերև՝ տեսականորեն, «Հյուսիս-Հարավ»-ով դեպի Չինաստան և Հյուսիսից դեպի ներքև՝ Իրանի հետ կոմունիկացիա ձեռք բերելու համար: Այսինքն՝ եթե աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը՝ Չինաստանը, շահավետ չի համարում «Զանգեզուրի միջանցք»-ը և 5 մլրդ դոլար է ներդնում նոր ուղիներ ստեղծելու համար, արդեն ակնհայտ է դառնում, որ «Զանգեզուրի միջանցք»-ը չի կրում տնտեսական որևէ արժեք, դա արդեն աշխարհաքաղաքական միավոր է դառնում՝ Թուրքիայի, Ադրբեջանի, նրանց պանթուրքիստական գաղափարախոսության առաջխաղացման համար»,- ընդգծեց նա:
Նրա խոսքով՝ Հայաստանն աշխարհաքաղական ստեղծված իրավիճակում առավելագույնը բուֆերային գոտու կարգավիճակ կարող է ունենալ՝ տերությունների հակամարտությունների ֆոնին.
«Այս պահին մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ մի կողմից՝ մեր իշխանությունները չեն կարողանալու լեզու գտնել ԱՄՆ նոր ադմինիստրացիայի հետ, մյուս կողմից՝ փորձում են թուլացնել հակառուսական հռետորաբանությունը: Դեսպան Մակունցը Հանրապետականների նախընտրական կոնվենցիային միայնակ էր մասնակցել, իսկ Դեմոկրատների կոնվենցիային ԱԺ-ից դելեգացիա էին տարել: Հիմա, երբ փորձում են թուլացնել հակառուսական հռետորաբանությունը, ապացույցն է նրա, որ մեր իշխանությունները հեռանկար չեն տեսնում Թրամփի ադմինիստրացիայի հետ աշխատելու»:
Բայդենի վարչակարգի օրոք Ադրբեջանն ԱՄՆ-ին մեղադրում է Հայաստանին զինելու մեջ, որին, ի դեպ, պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է. Մեթյու Միլլերը նշել է, որ Միացյալ Նահանգների անվտանգային աջակցությունը և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին՝ ուղղված է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցության ամրապնդմանը՝ բարելավելու բանակի պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև Իրանի հետ երկու երկրների սահմանի ամրապնդմանը։
Դավիթ Սիրունյանի խոսքով՝ Ադրբեջանը մշտապես փորձում է Հայաստանին ագրեսորի իմիջ փոխանցել.
«Մինչև 2020-21թթ. միջազգային հանրության մոտ կար կոնսենսուս, որ մեր կոնֆլիկտում ագրեսորն Ադրբեջանն է: 2016թ. ապրիլյան մարտերից հետո Ադրբեջանի ագրեսորի կարգավիճակն ավելի էր ամրապնդվել, որովհետև ԵԱՀԿ ՄԽ ամբողջ կազմը դատապարտող հայտարարություն էր տարածել Ադրբեջանի նկատմամբ, այդ փաստաթուղթը ստորագրել էր նաև Թուրքիան: Հիմա Ադրբեջանը փորձում է իր արտաքին քաղաքականության միջոցով ագրեսորի կերպարը փոխանցել Հայաստանին: Հայաստանի իշխանություններն ավելի շատ են դրա համար աշխատում, քան Ադրբեջանի կառավարությունը: ԱԺ նախագահը, երբ ամբիոնից հայտարարում է, թե Ադրբեջանն ուներ լեգիտիմ իրավունք հարձակվելու Արցախի վրա, Ադրբեջանը դուխ չէր անում նման հայտարարություններ անել, ու այդ հայտարարությունն արվում է ՀՀ առաջին ամբիոնից: Փաշինյանի վարչակազմն ինտենսիվ ստեր է տարածում կոնֆլիկտի և դրա հետագա զարգացման վերաբերյալ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում