Արևմուտքը կամ Եվրոպան սպասել են, որ Արցախը հայաթափվի, նոր զենք վաճառե՞ն
Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հարց է տվել, թե ինչո՞ւ այսօր իրենց ձեռք բերած սպառազինությունը նախկինում չէր գնվում, կամ՝ ինչո՞ւ են հիմա կարողանում ձեռք բերել, իսկ նախկինում՝ ոչ:
«Կետերից կարևորագույնն այն է, որ մեր ռազմավարությունները հիմա հիմնված են լեգիտիմության վրա: Այն ժամանակ մարդիկ մեզ թափանցիկ ասում էին՝ ամենայն հարգանքով, բայց չենք կարող ձեզ սպառազինություն վաճառել, որովհետև չունենք երաշխիք, որ դուք այդ սպառազինությունը չեք օգտագործի ձեր ինքնիշխան տարածքի հետ կապված կարիքներից դուրս, այսինքն՝ չենք տեղակայի տարածքներում, որը չի հանդիսանում մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը: Սահմանը դրա համար է»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ առաջիկայում դրա մասին մանրամասն խոսելու է:
Հիշեցնենք, որ 2023 թվականին էլ, երբ օրակարգում էին Ռուսաստանի հետ սպառազինության մատակարարման և պայմանագրային պարտավորությունների չկատարման խնդիրները, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադառնալով սպառազինության գնման խոչընդոտներին կամ այդ գործընթացի բաղադրիչներին, մանրամասնել էր.
– Առաջին՝ ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին,
– երկրորդ՝ կան երկրներ, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին, բայց կան երկրներ, ովքեր պատրաստ չեն այն փաստին, որ Հայաստանն այն երկրից, որը պատրաստ է իրեն զենք վաճառել, զենք գնի,
– երրորդ՝ կան երկրներ, որոնք ուզում են, պատրաստ են Հայաստանին զենք վաճառել, բայց չունեն անհրաժեշտ զենքը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով,
– չորրորդ՝ Հայաստանը ելք չունի դեպի ծով, և շատ դեպքերում տրանսպորտային կոմպոնենտն իր բարդությամբ չի տարբերվում նախորդ կոմպոնենտներից, երբեմն ավելի սրվում է, այդ թվում՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:
Այլ առիթներով խոսվել է նաև, որ Հայաստանի ՀԱՊԿ անդամ պետություն լինելն է եղել խոչընդոտ Արևմուտքից կամ ՆԱՏՕ անդամ երկրներից զենք ձեռք բերելու համար, ինչը ժամանակի ընթացքում հերքվեց գործնականում, թեև մինչև դա էլ պարզ էր ամեն ինչ:
Եվ հիմա Փաշինյանը նոր պատճառ է առաջ քաշում ոչ ռուսական զենք գնել-չգնելու հետ կապված: Իսկ թե կոնկրետ ո՞ւմ կամ ո՞ր երկրներին նկատի ուներ Փաշինյանը լրագրողների հետ հիշատակված զրույցում արված պնդումներում, չի մասնավորեցրել, գուցե խոսքն Արևմուտքի՞, ՆԱՏՕ-ի անդամ կամ եվրոպական երկրների՞ մասին է, քանի որ Ռուսաստանի դեպքում նման խնդիր չի եղել:
Մասնավորապես, 168.am-ը գրել էր, որ ՀՀ-ի բարեկամ Ֆրանսիան պատրաստակամություն էր հայտնել Հայաստանի հետ զենքի մատակարարման պայմանագիր կնքել, կամ այդ մասին ֆրանսիական կողմը հայտարարել էր միայն 2023 թվականի հոկտեմբերին՝ Արցախի հայաթափումից հետո: Մեծ հաշվով, Հնդկաստանը ևս այս հարցում ակտիվություն դրսևորեց 44-օրյա պատերազմից հետո, թեև նախկին իշխանությունների օրոք արդեն ինչ-ինչ պայմանավորվածություններ եղել էին:
Մյուս կողմից, գրել էինք նաև, թե ինչպես էր Հայաստանը նախկին իշխանությունների օրոք ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտադրած դիպուկահար հրացաններ գնում, ինչն առաջացնում էր Ադրբեջանի դժգոհությունը: Հայաստանը նախկին իշխանությունների օրոք Սերբիայից զենք գնելու փորձ է ունեցել, որի հետ Ադրբեջանն այսօր ամուր ռազմատեխնիկական համագործակցություն ունի, և ուներ 44-օրյա պատերազմից առաջ:
Ի դեպ, հետաքրքիր է, որ նույն Արևմուտքը, ՆԱՏՕ-անդամ երկրները, Եվրոպան, Ֆրանսիան երբեք շատ խիստ խնդիր չի դրել Ադրբեջանի առաջ, որ ձեռք բերված սպառազինությունը չօգտագործվի Արցախի և ՀՀ-ի դեմ:
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությամբ, թե՝ «մարդիկ մեզ թափանցիկ ասում էին՝ չենք կարող ձեզ սպառազինություն վաճառել, որովհետև չունենք երաշխիք, որ դուք այդ սպառազինությունը չեք օգտագործի ձեր ինքնիշխան տարածքի հետ կապված կարիքներից դուրս», չի լեգիտիմացնում Ադրբեջանին զենքի մատակարարների պակաս պահանջատիրությունը և այն Արցախի դեմ օգտագործելը։
Այս համատեքստում հարկ է նշել, որ Բաքվի «դատավարության» ժամանակ Արցախի ռազմաքաղաքաքական նախկին ղեկավարությունը ոչ մեկ անգամ հայտարարել է, որ, օրինակ, «Տոչկա-Ու», «Սմերչ», «Սկադ» և հրթիռային այլ համակարգեր ՊԲ զինանոցում չեն եղել, որոնք Բաքվի պնդմամբ օգտագործվել են:
Ավելին, ՀՀ-ում պարբերաբար խոսվում է, թե Արցախում 44-օրյա պատերազմի և 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայկական կողմը 6 միլիարդի զենք է կորցրել, հանձնել Ադրբեջանին, որոնք մեծամասամբ գնվել են նախկին իշխանությունների օրոք:
Իհարկե, դրանք հիմնականում ռուսական են եղել, բայց, ամեն դեպքում, արդյո՞ք Փաշինյանի ձևակերպումը՝ «…ՀՀ ինքնիշխան տարածքի հետ կապված կարիքներից դուրս…», ճիշտ է այս համատեքստում…

