Գուրգեն Մարգարյանի գործով Ադրբեջանն ակտիվ քաղաքական աշխատանք է տանում. Նրանից պահանջում են վճարել դատական ծախսերը, բայց Ադրբեջանը ցինիկաբար հրաժարվում է գեթ մեկ լումա վճարել. Սիրանուշ Սահակյան

«Արդեն շուրջ 4 տարի է՝ Գուրգեն Մարգարյանի հետ կապված գործընթացը գտնվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կատարողական փուլում, և Ադրբեջանը, ցինիկ վարք դրսևորելով, չի էլ փորձում այն կատարել։ Ադրբեջանից պահանջում են վճարել դատական ծախսերը, բայց Ադրբեջանը հրաժարվում է գեթ մեկ լումա վճարել։ Հարուստ պետության կողմից դատական ծախսերի չվճարումը նշանակում է դատական ակտի չկատարում։ Նման ցինիկ վարքագծի պարագայում ԵԽ Նախարարների կոմիտեն դեռևս չի նախաձեռնում խախտումների արձանագրման գործընթաց, որը, որպես կանոն, հանգեցնում է պատժամիջոցների կիրառման։ Հիմա Ադրբեջանին մինչև մյուս տարվա հունիս ժամանակ են տրամադրել, և եթե մինչ այդ փոփոխություն չլինի, կկիրառվի բանաձև»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների, մասնավորապես՝ Ռուբեն Վարդանյանի շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

Նրա խոսքով՝ սա ցույց է տալիս, թե Ադրբեջանն ինչ ակտիվ աշխատանք է տանում Նախարարների կոմիտեում, և այս պարագայում Հայաստանի իշխանությունը պետք է միջամտի ու պահանջի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, ինչը չի արվում:

«Եվրոպական դատական համակարգը շատ դանդաղ է գործում։ Շուրջ 10 տարի պահանջվեց Գուրգեն Մարգարյանի հրատապություն պահանջող գործով դատական ակտ կայացնելու համար»,- ասաց ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի ներկայացուցիչը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, 2004թ. Հունգարիայում ՆԱՏՕ-ի կազմակերպած «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում անգլերենի 3-ամսյա ուսումնական դասընթացների ընթացքում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարել էր 25-ամյա Գուրգեն Մարգարյանին։

ՆԱՏՕ-ի կազմակերպած այդ դասընթացներին մասնակցում էին սպաներ նաև Ադրբեջանից, նրանց թվում էր Սաֆարովը:

2004թ. փետրվարի 19-ի առավոտյան՝ ժամը 5-ին, Սաֆարովը մուտք էր գործել հանրակացարանի այն սենյակ, որտեղ բնակվում էին Մարգարյանն ու նրա հունգարացի դասընկեր Քութի Բալաշը։ Սաֆարովը քնած Մարգարյանի գլխին և վզին կացնի 16 հարված է հասցրել։ Բալաշը, զարթնելով ձայներից, ապշած տեսարանից՝ գոռգոռացել է Սաֆարովի վրա և դուրս է վազել սենյակից՝ օգնություն կանչելու։ Սաֆարովն այդ ընթացքում կացինը ձեռքին՝ գնացել է մյուս հայ սպա Հայկ Մակուչյանի սենյակ, որը, սակայն, փակ է եղել։ Սաֆարովը գոռացել է նրա անունը և պահանջել, որ բացի դուռը։ Մակուչյանի լիտվացի հարևանը թույլ չի տվել բացել դուռը։ Շուտով ժամանած հունգարական ոստիկանությունը ձերբակալել է Սաֆարովին։

Բուդապեշտի քաղաքային դատարանը 2006-ի ապրիլին Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ առաջին 30 տարվա ընթացքում առանց համաներման իրավունքի։ Սակայն 2012թ․ օգոստոսին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջան, որտեղ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում շնորհվեց, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից կոչումը բարձրացվեց լեյտենանտից՝ մայորի։

2012թ. արտահանձնումից հետո Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցրեց: Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը Հունգարիայի քայլն անվանել էր աններելի։ «Իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար: Այս որոշմամբ նրանք ուղերձ են տալիս մարդասպաններին, նրանք այսուհետև գիտեն, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարված սպանությունը կարող է անպատիժ մնալ: Ես դա հանդուրժել չեմ կարող, Հայաստանի Հանրապետությունը դա հանդուրժել չի կարող»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

2013թ. մարտին Մարգարյանի իրավահաջորդները դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ներկայացնելով անհատական հայց Ադրբեջանի և Հունգարիայի դեմ:

2022թ. դեկտեմբերի սկզբին Նիկոլ Փաշինյանը՝ Արարատ Միրզոյանի հետ միասին, վերականգնեց դիվանագիտական հարաբերությունները մարդասպան Սաֆարովին Ալիևին հանձնած Հունգարիայի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս