Գերիների ազատ արձակում տեղի չունեցավ, ինչը վկայում է, որ բանակցային գործընթացն այդքան էլ հարթ չի ընթանում․ Իրավապաշտպան

Հայաստանյան հանրային շրջանակներում Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովից՝ COP29-ից հետո հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ սպասումներ կային․ իրավապաշտպանները նշում էին՝ 2023 թվականին 32 գերիների վերադարձը նաև կապված էր Բաքվում COP29-ի անցկացման հարցում Հայաստանի դիրքորոշման հետ։ Նոյեմբերի 22-ին ավարտվեց COP29 համաժողովը․ գերիների վերադարձի հարցով սպասումները չարդարացվեցին։

«Այս միջոցառմանը համընթաց գերիների արձակում տեղի չունեցավ, ինչն արդեն իսկ վկայում է, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն այդքան էլ հարթ և կառուցողական չի ընթանում։

Դրա ֆոնին նաև Հայաստանը պատվիրակություն չուղարկեց միջոցառմանը ներկա գտնվելու, ինչի դրական սպասումներն առնվազն սկզբնական փուլում առկա էին, նաև խաղաղության պայմանագրի առումով տեղաշարժ չկա»,- 168am-ի հետ զրույցում թեմային անդրադառնալով՝ նշեց «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Ըստ նրա՝ ի պատասխան բանակցային առկա բացասական դինամիկայի՝ Ադրբեջանը հրաժարվում է հայրենադարձել գերիներին, ինչն էլ վերահաստատում է իրողությունը, որ հայ գերիներն իրականում պատանդներ են, որոնք պահվում են բանակցային գործընթացում քաղաքական զիջումներ կորզելու նպատակով։

Կարդացեք նաև

Նույն իրողություններին փոխկապակցված մեկ այլ խնդրի՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցի մասին իր դիտարկումներում Սիրանուշ Սահակյանն արձանագրեց, որ թեև ՀՀ քաղաքացիության ստացումը չի կարող խոչընդոտել Արցախ վերադարձի իրավունքը իրացնելու հարցում, սակայն խոչընդոտելու է քաղաքական իրավունքներն իրացնելու տեսանկյունից։

«Յուրաքանչյուր անձ, որը բնակվել է Արցախում, ունեցել է Արցախի քաղաքացիություն, այնտեղ թողել է գերեզմաններ, գույք, բնականաբար, իրավունք ունի վերադառնալու, օգտվելու իր իրավունքներից, սակայն այդ դեպքում վերադարձի իրավունքը՝ ինքնորոշման հեռանկարով, չի կարող տեղի ունենալ»,- պարզաբանեց նա։

Իրավապաշտպանը մանրամասնեց, որ վերադարձի իրավունքն ունի երկարաժամկետ և կարճաժամկետ դրսևորումներ․ օրինակ, կարելի է ապահովել վերադարձի իրավունք՝ իրեր վերցնելու նպատակով, կամ՝ կրոնական իրավունքների իրացման համար, բայց երբ խոսքն արցախցիների վերադարձի մասին է, մենք պետք է կարողանանք հասնել հիմնական, երկարաժամկետ, անվտանգ, արժանապատիվ ու ապահով վերադարձի իրավունքի իրացմանը, որի վերջնակետը կլինի նաև Արցախի ինքնորոշումը։

«ՀՀ քաղաքացիություն ստանալն անհատական որոշում է․ նրանք, որոնք հրաժարվում են, ենթարկվում են սահմանափակումների, սակայն պայքար են մղում երկարաժամկետ հեռանկարով՝ ցանկանալով անձնական զոհողությունների հաշվին իրենց ներդրումն ունենալ Արցախի կորսված պետականության վերականգնման հարցում, իսկ նրանք, որոնք ընտրում են քաղաքացիություն ստանալը, կարծում եմ, որ պետք է գիտակցեն, որ այն ազդեցություն է թողնելու քաղաքական իրավունքների իրականացման վրա՝ վերադարձի պարագայում»,- ամփոփեց Սիրանուշ Սահակյանը։

Տեսանյութեր

Լրահոս