Պուտինը խուսափո՞ւմ է Հայաստան այցից

Հայաստանի Հանրապետությունը  չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Նիկոլ Փաշինյանը կնախագահի ԵԱՏՄ խորհրդի նիստը Մոսկվայում։ Ուշագրավ է, որ հայկական կողմը, որպես նախագահող, չի հյուրընկալում միջոցառումը, ինչը տեղի է ունենում բնականոն արարողակարգի պարագայում, այլ նա պատրաստվում է վարել նիստը Մոսկվայում։

Օրերս ճեպազրույցի ժամանակ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի խնդրանքով տեղի կունենա ՌԴ տարածքում՝ Սանկտ Պետերբուրգում: «Հայկական կողմի խնդրանքով նիստը կազմակերպվել է Ռուսաստանի տարածքում, չնայած այդ նիստը նախագահելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հրավերներն ուղարկվել են»,- ասել է նա։

Միաժամանակ Ուշակովը հաստատել է, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Երևանը զգուշացրել է, որ դեմ չէ նիստում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը:

Ուշակովն ասել է, որ ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնուրույն կուրսին, որը դադարեցրել է իր գործուն մասնակցությունը ՀԱՊԿ-ում, սակայն պահպանում է անդամակցությունը կազմակերպությանը, և ՀԱՊԿ բոլոր միջոցառումների դռները բաց են ՀՀ-ի առջև: «Կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների՝ իրենց կուրսն ինքնուրույն որոշելու իրավունքը: Դե յուրե Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և այդպիսով պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները»,- հավելել է նա:

Կարդացեք նաև

«ՀԱՊԿ-ում աշխատանքին Հայաստանի ֆիզիկական վերադարձի դռները բաց են, և մենք հույս ունենք, որ, այնուամենայնիվ, հայկական ներկայացուցիչները վաղ թե ուշ կվերսկսեն իրենց համագործակցությունն այդ կազմակերպության շրջանակներում»,- եզրափակել է Ուշակովը: Ուշակովի ճեպազրույցից երկու օր առաջ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հարցազրույց էր տվել «Իզվեստիա»-ին՝ նշելով, որ ՌԴ-ն նախկինի պես հավատարիմ է ՀՀ անվտանգության ապահովման իր պարտավորություններին՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ ՀԱՊԿ-ի գծով։ Կոպիրկինն ասել է՝ ՌԴ-ն կարծում է, որ ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, համադրելի իրական այլընտրանքներ չկան: Դեսպանի խոսքով, Մոսկվան ակնկալում է, որ Երևանը գործուն կերպով կմիանա Եվրասիայում անվտանգության հավասար և անբաժանելի համակարգի մշակման համատեղ ջանքերին, որի գաղափարն առաջ է քաշվել ՌԴ նախագահ Պուտինի կողմից։

Դեսպանի խոսքով՝ Մոսկվան հետաքրքրված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր խաղաղության հաստատմամբ. «Կարևոր է, որ տարածաշրջանի համար ճակատագրական այս փաստաթուղթը հիմնված լինի բոլոր փոխադարձ մտահոգությունների արդարացի կարգավորման վրա՝ առանց կողմերից որևէ մեկի մոտ «դառնահամի»։

Հիշեցնենք, որ հայկական կողմը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հայտնել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին, քանի որ, նրա պնդմամբ, այդ կառույցը «սպառնալիքներ է ստեղծել հանրապետության ինքնիշխանության համար»: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում անվտանգության հարցերով միջազգային համաժողովում հայտարարել էր, որ Երևանը հաշվարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հետ կապված բոլոր ռիսկերը: Սակայն կազմակերպությունից դուրս գալու մասին կոնկրետ որոշումներ Հայաստանը չի կայացրել։

Հաշվի առնելով ՀՀ իշխանությունների հայտարարությունները՝ առանձնակի զարմանք չի հարուցում ՀՀ իշխանությունների՝ ՀԱՊԿ միջոցառումը բաց թողնելու, սակայն ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու որոշումը։ Սակայն ուշագրավն այն է, որ, ըստ Ուշակովի, հայկական կողմը խնդրել է միջոցառումը կազմակերպել ՌԴ տարածքում և ոչ ՀՀ-ում՝ այն դեպքում, երբ նախագահող երկիրը պետք է հյուրընկալի մասնակիցներին։

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ չնայած ՀՀ-ն չունի լուրջ, իրատեսական այլընտրանք այն անվտանգային միջավայրին, որը կա ռեգիոնում և կար ՌԴ հովանու ներքո, սակայն շարունակում է բոյկոտել ՀԱՊԿ աշխատանքները, ինչին ՌԴ-ում հասկանալիորեն ըմբռնումով են մոտենում, հատկապես, երբ ՌԴ-ն գլոբալ պատերազմի մեջ է և այլևս նման փոքր հարցերով զբաղվելու կարևորությունը չի տեսնում։ Ըստ նրա, հայ-ռուսական հարաբերություններում այսօր քիչ թե շատ առանց խնդիրների առաջ է գնում տնտեսական բաղադրիչը։

«ՀՀ-ն շատ մեծ օգուտներ ունի, որոնց նմանը չի կարող ունենալ Արևմուտքից, այս համագործակցությունն այնքան օգտակար ու ձեռնտու է ՀՀ-ի համար, որ ՀՀ իշխանությունները, չնայած Արևմուտքին անընդհատ տրվող հավատարմության երդումներին, շարունակում են ԵԱՏՄ աշխատանքներին մասնակցել։ Սակայն կարծում եմ, որ Արևմուտքը նման հարց ևս դնում է Երևանի առջև, որից ՀՀ-ն կարողանում է ինչ-որ կերպ խուսափել։ Ռեգիոնալ իրողություններ ասելով, նկատի ունենք հենց սա, տնտեսական այս համագործակցությունն իրողություն է, որն անտեսել, հաշվի չառնել հնարավոր չէ»,- ասաց Տարասովը։

Նրա խոսքով, միջոցառումը Երևանում չանցկացնելն ամենայն հավանականությամբ կոնսենսուսային որոշում է։ Ըստ նրա, ռուսական կողմին ևս հարմար է այն կազմակերպել ՌԴ տարածքում, հաշվի առնելով ՌԴ նախագահի անվտանգային նկատառումները գլոբալ պատերազմի ընթացքում։ Հայտարարությունները, նրա խոսքով, ոչ միշտ են իրապես արտացոլում իրականությունը։

«Իսկ Երևանը, բնականաբար, իր արևմտյան գործընկերներին ցույց կտա, որ ԵԱՏՄ նիստի նախագահողն է, սակայն չի ցանկանում այն հյուրընկալել։ Արևմուտքում ուշի- ւշով են հետևում Երևան-Մոսկվա, Երևան-ՀԱՊԿ, Երևան-ԵԱՏՄ կապերին ու մեծ ոգևորությամբ ընդունում այն քայլերը, բոյկոտները, որը Երևանն է անում այս երեք սուբյեկտների դեմ»,- ասաց Տարասովը։

Ինչ վերաբերում է ռեգիոնում ՌԴ նախագահի կողմից առաջ քաշվող անվտանգության նոր կոնցեպտին, Տարասովը գտնում է, որ Երևանն ամեն դեպքում այն չի բոյկոտի, քանի որ շարունակում է գտնվել ԵԱՏՄ-ում, շարունակում է կասկածներ ունենալ և աշխարհաքաղաքական, և ռեգիոնալ զարգացումների ապագայի հարցում։ «Ուստի Երևանը չի կարող ամեն ինչ և ողջ ծավալով բոյկոտել։ Մեկ լուրջ օրինակ արդեն կա, որ Արևմուտքն իր հովանու ներքո կողմերի հետ երկար բանակցեց, Երևանին վստահեցրեց, որ մինչև վերջ կտանի գործընթացը, սակայն դա տեղի չունեցավ, իսկ Ադրբեջանը շարունակեց ձեռքբերումներ ունենալ։ Սա արդեն իսկ լուրջ ազդակ պետք է լիներ»,- նկատեց նա։

Հիշեցնենք, որ Պուտինի վերջին աշխատանքային այցը ՀՀ 2022թ. նոյեմբերի 23-ին էր, երբ նա Երևանում մասնակցեց ՀԱՊԿ նիստին, դա ընդհանուր առմամբ նրա 9-րդ և դեռևս վերջին այցն է ՀՀ, որը նրա ամենակարճ օտարերկրյա այցերից մեկն է։ Հայտնի է, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո ՌԴ նախագահն էականորեն կրճատել է օտարերկրյա այցերի քանակը՝ ելնելով իր անձնական անվտանգությունից։ ԵԱՏՄ նիստերը ՀՀ նախագահության պայմաններում այլևս ՀՀ-ում չեն անցկացվում, Հայաստանի առանձնահատկությունն այն է, որ ՀՀ-ն ոչ միայն դիրքավորվել է՝ որպես արևմտամետ երկիր, այլև վավերացրել է Հռոմի ստատուտը, որը ենթադրում է ՌԴ նախագահի քրեական հետապնդում այն վավերացրած երկրներում։ Թեև ՀՀ իշխանությունները նշում էին, որ երկկողմ համաձայնագրով այդ հարցը լուծելի է Երևանի և Մոսկվայի միջև, որով կարող են երաշխիքներ ստեղծվել կողմերի միջև, սակայն, ինչպես ամիսներ առաջ նշեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայ-ռուսական միջգերատեսչական կոնտակտներ գրեթե չկան։

Հայաստանն էլ, ի պատասխան, բազմաթիվ անգամներ նշել է, որ Հռոմի ստատուտի վավերացումն ադրբեջանական ռեժիմի գործողությունների սանձման տեսանկյունից է ՀՀ-ի համար կարևոր: Սակայն այս ամենը կարծես չի բավարարում ռուսական կողմին։

Տեսանյութեր

Լրահոս