«Փաշինյանը փորձում է ինքնավստահ ղեկավարի տպավորություն ստեղծել, իշխանության բուրգն ադապտացնել նախընտրական ռեժիմին». Սուրեն Սուրենյանց
Երեկվանից Կառավարությունում հրաժարականների շքերթ է՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ՀԾՔ պետ Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հեռացել են զբաղեցրած պաշտոններից։
Երեկ 168.am-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանն արդեն 3 ամիս չէր ընդունում որևէ նախարարի, այն դեպքում, երբ նախկինում ընդունում էր շաբաթը մեկ։
Փախվարչապետներին ևս ընդունում է շաբաթը մեկ։ Եվ միայն աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին է Փաշինյանն ընդունում օրը երկու անգամ` առավոտյան և երեկոյան։ Կառավարությունում շշնջում են` Փաշինյանը սկսում է ակտիվ քարոզարշավի փուլը։ Այդ ազատումներն այդ տրամաբանության ներքո են։
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը սկսում է ակտիվորեն պատրաստվել խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին։
«Նիկոլ Փաշինյանը փորձում է ստեղծել ինքնավստահ ղեկավարի տպավորություն, որովհետև երբ ուժային, իրավապահ մի քանի կառույցների ղեկավարների միանգամից փոխում է, ընդ որում՝ երկրից բացակայելու շեմին, սա նշանակում է, որ ինքը փորձում է իշխանության կոնցեպտը փոխել՝ անկհայտ նախընտրական համատեքստում տեղավորվող քայլ է։
Թե հիմա այդ ընտրությունն արտահե՞րթ կլինի, թե՞ հերթական, այդքան էլ կարևոր չէ։ Ինքն ինչ-որ հաշվարկ ունի և փորձում է իշխանության բուրգն ադապտացնել նախընտրական ռեժիմին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սուրեն Սուրենյանցը։
Ըստ քաղաքագետի, այս ամենն ԱԺ-ում տեղի ունեցած սկանդալային միջադեպի հետ կապելը շատ պարզունակ կլինի (Արգիշտի Քյարամյանի, Հովիկ Աղազարյանի և այլոց մասնակցությամբ), քանի որ մեկ ամսից ավելի է անցել այդ միջադեպից։ Ոչ էլ երեկ Նիկոլ Փաշինյանը իմացավ, որ իրավապահ համակարգը թաթախված է կոռուպցիայի մեջ, որ սկսեց իր կադրերին հեռացնել։
«Կրկնում եմ՝ այս ամենն ավելի շատ նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ է։
Այն մարդկանց, որոնք այսօր ազատում է աշխատանքից, քանիցս համոզվել ենք, որ բոլորը նրա հրամաններն անվերապահորեն կատարող մարդիկ են եղել։ Անկեղծ, դրանց մեջ ես չգիտեմ մեկին, որ ինչ-որ հարցում փորձի թեկուզ թույլ դիմադրություն ցույց տա Փաշինյան։
Բոլոր այն պաշտոնյաները, որոնք առնվազն պատերազմից հետո համաձայնել են նրա հետ աշխատել՝ պատասխանատվություն կրում են։ Մինչև պատերազմը մարդիկ կարող էին ասել, որ ինչ-որ իդեալների են հավատացել, ինչ-որ կարգախոսների, բայց պատերազմից հետո դժվար է նման բացատարություն լսելը»,- եզրափակեց Սուրեն Սուրենյանցը։
Հիշեցնենք, որ անցնող Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը խոսքն ուղղելով իրավապահ համակարգի ղեկավարներին, ասել է՝ իր համբերության բաժակը լցվել է, և կոնկրետ արդյունքներ է ակնկալում։
«Հարգելի՛ իրավապահ, դատական համակարգի ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է, ոնց որ քյասիբի ռադիո լինեմ. գալիս եմ ձեր բոլորի միջոցառումներին, ելույթ եմ ունենում, խոսում եմ, դուք էլ ծափ եք տալիս, ես թողնում, գնում եմ, հետո հաջորդ տարի էլի գալիս եմ, նույն ելույթն եմ ունենում, դուք ավելի ուժեղ եք ծափ տալիս, ես թողնում, գնում եմ։ Ուզում եմ հասկանալ` ո՞վ ա ում ձեռ առնում։
Ես ուղիղ եմ ասում` սրա վերջը եկել է։ Ինձնից ինչ ուզել եք, ես տվել եմ, էլ բան չունեմ տալու։ Չեմ միջամտել որևէ մեկի գործին։ Սա նշանակում է, որ ՀՀ-ում թույլ իշխանությո՞ւն է։ Ո՛չ, թույլը ոստիկանությունն է. ես թույլ չեմ տա որևէ մեկին` ինձ թույլ անվանի։ Ո՞նց կարող է լինի, որ պետության մեջ ընդհանրապես որևէ մեկը թպրտա։ Ես որևէ մեկին նման հիմք եմ տվել, որ նման բան ասի՞»,- կառավարության նիստում ասել էր Նիկոլ Փաշինյանը։