Պուտինի հայտարարությունն ի՞նչ կապ ունի արցախահայության իրավունքների պաշտպանության հետ

«Վալդայ» դիսկուսիոն ակումբի ամենամյա նիստի ելույթում ՌԴ նախագահ Պուտինը մի շարք ուշագրավ աշխարհաքաղաքական հայտարարություններ արեց։ Սակայն ՀՀ-ի, հայ ժողովրդի և արցախահայության դիտանկյունից ուշագրավ էր նրա հայտարարությունը Ղրիմի և Նովոռոսիայի բնակիչների իրավունքների մասին։

Հեղինակավոր ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովի հարցին, թե ի՞նչ սահմաններով ենք ճանաչում Ուկրաինան, Պուտինը բավականին երկար ու հանգամանալից ներկայացրեց ՌԴ դիրքորոշումներն Ուկրաինայում հեղաշրջումներ չընդունելու, Ուկրաինայի չեզոք կարգավիճակի և այլնի մասին։ Նա նաև ասաց, որ Ղրիմի ու Նովոռոսիայի բնակիչները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ ունեն ինքնորոշման իրավունք։

«Ես արդեն ասել եմ, բայց ևս մեկ անգամ կկրկնեմ մեր գործողությունների տրամաբանությունը։ Եթե ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք, ապա և՛ Ղրիմում ապրող ժողովուրդը, և՛ մարդիկ, ովքեր ապրում են Ուկրաինայի հարավ-արևելքում՝ «ուկրաինացիները, ովքեր համաձայն չեն պետական ​​հեղաշրջման հետ, ինքնորոշման իրավունք ունեն»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը։

Նա նաև հիշեցրել էր, որ Կոսովոյի հարցով Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ ցանկացած տարածք, որը հռչակում է իր անկախությունը, պարտավոր չէ տվյալ պահին հարցնել այն երկրի կենտրոնական իշխանությունների կարծիքը և թույլտվությունը, որում ներառված է այդ տարածքը որոշման կայացման պահին։ Այսինքն, նրա խոսքով, ինքնորոշման իրավունքի իրացումը լիովին համապատասխանում է այսօրվա միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը: «Սա նշանակում է, որ այդ տարածքները, այդ թվում՝ Նովոռոսիան և Դոնբասը, իրավունք ունեին որոշում կայացնել իրենց ինքնիշխանության վերաբերյալ։ Սա լիովին համապատասխանում է այսօրվա միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը»,- ասել է Պուտինը:

Կարդացեք նաև

Այդ հիմքով, ըստ ՌԴ ղեկավարի, Ռուսաստանն իրավունք ուներ նոր տարածքների հետ կնքել համապատասխան միջպետական ​​պայմանագրեր, ինչը և արեց։

«Այս պայմանագրերը ներառում են փոխադարձ օգնության դրույթներ: Մենք դրանք վավերացրել ենք և որոշակի պարտավորություններ ենք ստանձնել։ Եվ հետո այս նորաստեղծ պետությունները մեզ դիմեցին այս պայմանագրերի շրջանակներում օգնության կոչով։ Մենք հնարավորություն ունեինք և պարտավոր էինք դա անել, ինչն էլ արեցինք՝ փորձելով կասեցնել Կիևի ռեժիմի կողմից 2014 թվականին սկսված ռազմական գործողությունները։ Մենք չենք սկսել ինտերվենցիան և ագրեսիան, մենք փորձում ենք դա կասեցնել»,- ընդգծել է Պուտինը։

168.am-ի հարցին, թե ՌԴ դիրքորոշումներն ուկրաինական հակամարտությունում, ինքնորոշման իրավունքի շեշտադրումն ի՞նչ նշանակություն ունի՝ որպես սկզբունք հակամարտությունների կարգավորման գործընթացում, արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին պատասխանեց, որ նախ հակամարտությունները տարբեր են և հնարավոր չէ ընդհանրական խոսել, եթե կան կոնկրետ դեպքեր, դրանցից յուրաքանչյուրը պետք է առանձին քննարկել։

Նրա խոսքով, ՌԴ-ն իր դիրքորոշումն Ուկրաինայի և այս տարածքների վերաբերյալ երբեք չի թաքցրել, այդ դիրքորոշումը փորձել է պահպանել նաև քաղաքականությամբ, հստակ քայլերով, նախաձեռնություններով, ինչպես նաև Ուկրաինայում հատուկ գործողությունը նախաձեռնել էր, այդ թվում՝ Դոնբասի պաշտպանության նպատակով։

«Ինքնորոշման իրավունքը, դրա շեշտադրումը, իհարկե, կարևոր են, սակայն կարևոր են այն քայլերը, որոնք արվում են այդ իրավունքն իրացնելու նպատակով, այսինքն՝ ուժային ներգործության բաղադրիչը ևս կա այս ամենում որոշ հակամարտությունների դեպքում»,- նկատեց նա։

Վերլուծաբանի կարծիքով, ինքնորոշման իրավունքի կարևորության շեշտադրումը ՌԴ նախագահի կողմից առաջին պլան է բերում հենց այդ իրավունքը տարածքային ամբողջականության փոխարեն, սակայն այդ իրավունքով զբաղվող սուբյեկտի դիվանագիտական ճկունությունից, ստեղծարարությունից ու կարողություններից շատ բան է կախված։

«Ցավալիորեն տեսանք, որ այս իրավունքը, որը երկար տարիներ առաջատար էր ԼՂ հակամարտության դեպքում, լիովին մոռացվեց պատերազմից հետո, և այստեղ գործեց տարածքային ամբողջականության տրամաբանությունը։ Այս իրավունքը պաշտպանողը պետք է լիներ Հայաստանը, հենց այդ պատճառով էր ռուսական կողմը պատերազմից հետո նշում է, որ ՀՀ-ն չճանաչեց Ղարաբաղը, և դա էապես բարդացրեց իրավունքների հարցով քաղաքականությունը»,- նշեց վերլուծաբանը։

Նրա խոսքով, դա ներկայումս է՛լ ավելի բարդ է թվում, քանի որ հայկական բնակչություն այնտեղ այլևս չկա։

«Հիմա, եթե ճիշտ եմ հասկանում, առավելապես խոսվում է վերադարձի իրավունքի մասին, այդ մասին ռուսական կողմը ևս բազմիցս խոսել է, թեև առաջընթաց դեռ չկա։ Իհարկե, սա մի թեմա է, որի շուրջ պետք է լուրջ բանակցություններ տեղի ունենան, պայմանավորվածություններ լինեն անվտանգության մեխանիզմների շուրջ, որպեսզի վերադարձ հնարավոր լինի։ Հակամարտության պատմությունն իրավունքների տրամաբանությունը փոփոխել է։ Ինքնորոշման իրավունքը կարող է բարձրացվել հայկական բնակչության առկայության պարագայում։ Այո, դա կարևոր իրավունք է, և Ադրբեջանն այնպես արեց, որ այդ հարցը հնարավոր չլինի բարձրացնել։ Սակայն վերադարձի իրավունքի ուղղությամբ ջանքեր ծավալելն իրավունքների պաշտպանության հետագա քայլերի համար հնարավորություն կստեղծի»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը։

Սակայն, նրա խոսքով, ներկայումս նման հարց քաղաքական տիրույթում չկա, քանի որ Երևանն ու Բաքուն պաշտոնապես քննարկում են միայն իրենց ուղիղ հարաբերությունները։ «Կան Ղարաբաղի հայերի իրավունքներ, որոնք չհստակեցված են, ուստի նախ դրանից է հարկավոր սկսել, եթե կա իրավունքների պաշտպանության պահանջ այս հարցով։ Արտաքին ազդակները կարող են նպաստող լինել կամ՝ հակառակը, սակայն կարևորը սեփական գործողություններն ու որոշումներն են այս հարցում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930