44-օրյա պատերազմին առնչվող Պապիկյանի զգուշավորությունը և Օհանյանի անուղղակի սլաքները Գլխավոր շտաբի ուղղությամբ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար, գնդապետ-հետախույզ Արթուր Ավանեսյանը (Կանդազ) մարտի 31-ին հիշեցրել էր Աննա Հակոբյանի՝ 2023 թվականի ապրիլի 1-ին Տավուշ կատարած այցի ժամանակ արված հայտարարությունը, որ 11.000 դասալիք է եղել 44-օրյա պատերազմի ընթացքում, ապա շեշտել էր. «Մեր զինվորները դասալիք չեն, նրանք կռվում էին առյուծի նման»:
Աննա Հակոբյանն անարձագանք չէր թողել հետախույզի հիշեցումը՝ գրելով. «Չեմ կարողանում մտաբերել այս անձնավորությանը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Աչքովս ընկած կլիներ անպայման, և, իհարկե, տպավորված կլիներ, դժվար թե մոռանայի։ Իսկ պատերազմի մասին նրա ինֆորմացվածության աստիճանն ու ներհայաստանյան ընդամենը մեկամսյա վաղեմության սենսացիոն նորության մասին ինֆորմացվածության աստիճանն ուղիղ համեմատական են։ Ակնհայտորեն երկուսից էլ գաղափար (լուր) չունի»:
2020 թվականի պատերազմի ժամանակ դասալքության դեպքեր, իհարկե, եղել են, բայց հարց է՝ որքա՞ն, կանոնավոր բանակի՞ց, թե՞ պատահական պատերազմի դաշտում հայտնված պահեստազորից և կամավորականներից, և ի՞նչն է մղել դրան:
Իր գրառման մեջ Աննա Հակոբյանը կարծես թե կասկածի տակ է դնում զինվորի դասալիք չլինելու փաստը, այլոց իրազեկվածության աստիճանը նման նուրբ հարցերի վերաբերյալ, չենք կասկածում, որ նա տեղեկատվական լուրջ բազայի է տիրապետում:
Ավելին, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանի օրինակով նրա ձեռքի տակ եղած շատ տեղեկություններ չունեն ո՛չ 44-օրյայի քննիչ հանձնաժողովը, ո՛չ էլ իրավապահ մարմինները: Ինչո՞ւ:
Արդյո՞ք նման ծավալի տեղեկատվական բազային տիրապետելը և այն լիովին չփոխանցելը համապատասխան մարմիններին չի ենթադրում կոնկրետ պատասխանատվություն:
Իսկ մենք դասալքության հետ կապված թարմ տվյալներ ստանալու նպատակով ապրիլի 1-ին գրավոր հարցումներ էինք ուղարկել ՀՀ քննչական կոմիտե, ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ պաշտպանության նախարարություն:
Արթուր Պողոսյանի ղեկավարած կառույցից մեզ հայտնեցին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ դասալքության վերաբերյալ «թարմ» տվյալներ չունեն:
Աննա Վարդապետյանն էլ տեղեկացրել է, որ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, դասալքության և զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու մեղադրանքներով 44-օրյա պատերազմից 6 տարի հետո մեղադրական դատավճիռ է կայացվել 410 անձի վերաբերյալ:
Իսկ Պաշտպանության նախարարությունը մեր գրավոր հարցմանը պատասխանել է 30-օրյա ժամկետի խախտմամբ: Պաշտպանական գերատեսչությունից փորձել ենք պարզել՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը դասալքության քանի՞ դեպք է արձանագրվել, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն ի՞նչ տեղեկություններ է ունեցել, արդյո՞ք եղել է 11-12.000 դասալիք, և դրանցից քանի՞սն է առնչվում կանոնավոր բանակին, քանի՞սը՝ պահեստազորին:
Ավելի քան 30 օր հետո մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ դրանք «ՀՀ պաշտպանության նախարարության իրավասության շրջանակից դուրս են»:
Ինչպե՞ս հասկանալ՝ կանոնավոր բանակից դասալիքներ չե՞ն եղել, թե՞… մի բան հստակ է՝ Պաշտպանության նախարարն առնվազն չի հաստատում Աննա Հակոբյանի պնդումը կամ կասկածը՝ կանոնավոր բանակից դասալքության հետ կապված:
Նշենք, որ 168.am-ն ապրիլի 11-ին բացառիկ տեղեկություններ և փաստաթղթեր էր հրապարակել 44-օրյա պատերազմի ժամանակ ոստիկանների և քրեակատարողական հիմնարկների ծառայողների շրջանում դասալքության և դիրքերը թողնելու դեպքերի վերաբերյալ:
Իսկ պաշտպանության նախարարությանը հասցեագրված մեր գրավոր հարցման մեջ նաև հետևյալ հարցերն ենք ներառել՝
– 44-օրյա պատերազմի ժամանակ Աննա Հակոբյանը որտե՞ղ է եղել նախքան «Էռատո» ջոկատի կազմավորումը, որևէ հանձնարարություն նրան տրվե՞լ է, կա՞ տեղեկություն՝ որտե՞ղ նա կարող էր տեսնել կամ չտեսնել հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, որևէ հետախուզական խնդիր Աննա Հակոբյանին առաջադրվե՞լ է:
– «Էռատո» ջոկատը որտե՞ղ է եղել 44-օրյա պատերազմի ժամանակ:
– Աշոտ Փաշինյանի ջոկատը 44-օրյա պատերազմի ժամանակ որտե՞ղ, ե՞րբ և որքա՞ն ժամանակով է եղել և մարտական գործողություն իրականացրել: Եվ ե՞րբ է նրա ջոկատը նահանջել Ալփաշա բարձունքից:
Նախքան «Էռատո» ջոկատի կազմավորումը, Աննա Հակոբյանի պատերազմի օրերի գործողություններին վերաբերող հարցին ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանը դարձյալ նշել է, որ դրանք «ՀՀ պաշտպանության նախարարության իրավասության շրջանակից դուրս են»: Իսկ այդ ժամանակահատվածում Հակոբյանը եղել է հրամանատարական կետում, հեռավար հետևել ընթացող մարտական գործողություններին, մինչդեռ ղեկավար փաստաթղթերը հստակ սահմանում են՝ ովքեր ունեն դրա իրավունքը:
«Առհասարակ, ղեկավար փաստաթղթերի համաձայն, հրամանատարական կետերում գործառութային պարտականություններ կատարող համապատասխան պաշտոնատար անձանց մուտք գործելու համար տրվում են մշտական կամ ժամանակավոր թույլտվություններ»,- 2024 թվականին մեր գրավոր հարցմանն իր պատասխանում հայտնել էր Պաշտպանության նախարարությունը, երբ խնդրել էինք պարզաբանել, թե ըստ կանոնակարգի՝ ովքե՞ր կարող են մուտք գործել հրամանատարական կետ, ի վերջո, Աննա Հակոբյանը միակ չէ, որ մուտք է գործել «արգելված տարածք»:
Ինչ վերաբերում է պատերազմի ժամանակ «Էռատո» ջոկատի գործողություններին, տեղակայման վայրին, ՀՀ պաշտպանության նախարարությունն իր գրության մեջ նշել է.
««Էռատո» ջոկատը, ինչպես մյուս կամավորական ջոկատները, ներառվել է Զինված ուժերում նոր կազմավորված զորամասերի (ստորաբաժանումների) կազմում, հանդերձավորվել և անցել 1-ին բանակային կորպուսի հրամանատարի ենթակայության տակ»:
Նշենք, որ այս պատասխանում որևէ նոր բան չկա, ավելին, 2023 թվականին 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն այլ մանրամասներ էր հայտնել, որ 2020թ. հոկտեմբերի 25-ին հանդերձավորվել և անցել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի ենթակայության տա, որ ջոկատը նախ տեղակայվել է Հարթաշեն գյուղի տարածքում, ապա՝ Կոռնիձորի N մարտական դիրքում:
Իսկ 2021 թվականի հունիսին Աբովյան քաղաքում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Էռատո» ջոկատի «մարտական» գործողություններին, հայտարարել էր.
«Ստեփանակերտից հետո, երբ ասում եմ, որ սա Սարդարապատ է, պետք է կանգնել, կինս կանանց կամավորական ջոկատ է կազմում, ու գնում են Սիսիանում մարտական պատրաստություն են անցնում ու գնում կանգնում Գորիսի խրամատներում: Ի՞նչն է այստեղ վատ, դավաճանությո՞ւն ա: Պետք է գնային սալոններում լինեին, որ ճիշտ լինե՞ր»:
Թե ինչ է սա տվել պատերազմական գործողությունների համատեքստում, դժվար չէ ենթադրել, եթե չասենք՝ ինչ է «վերցրել»:
Հավելենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ 1-ին բանակային կորպուսի հրամանատարը եղել է գեներալ Ժիրայր Պողոսյանը, ով քրեական գործերով կարծես թե որպես վկա է անցնում միայն:
Ինչ վերաբերում է Աշոտ Փաշինյանի կամավորական գործողությանը, Սուրեն Պապիկյանը հիշեցրել է, որ այս մասին 2023 թվականին արդեն հայտնել են տեղեկություններ: Այո, որոշակի տվյալներ տրամադրվել են՝ որտե՞ղ է եղել, ե՞րբ է Արցախից վերադարձել, ո՞վ է եղել հրամանատարը:
Բայց մեզ այդպես էլ չի հաջողվել պարզել, նաև այս անգամ՝ Ջրականում և Կուբաթլիում 44-օրյա պատերազմի ժամանակ Աշոտ Փաշինյանը ե՞րբ է եղել, որքա՞ն է մնացել և ի՞նչ մարտական գործողությունների է մասնակցել, ե՞րբ է այդ տարածքներից դուրս եկել:
Համաձայնեք, որ իրադարձությունների ժամանակագրությունը և կոնկրետությունը շատ բան կարող է հուշել, հատկապես, երբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով դատական նիստի ընթացքում պարզում ես, որ Աշոտ Փաշինյանի ջոկատը կարող է առնչություն ունենալ Ալփաշա բարձունքից նահանջի հետ:
Ի դեպ, երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանի ամբիոնից հիշել է Տիրան Խաչատրյանին, ընդ որում, 44-օրյային առնչվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունների ֆոնին:
«Հարավային ուղղության պատասխանատվությունը դաշնակցական Տիրան Խաչատրյանի վրա է եղել, որն էլի պատահաբար վիրավորվեց, և մենք հարավում ունեցանք անհաջողություններ: Դուք փակ դաշնակցական ֆորմատով կարող եք Տիրան Խաչատրյանին հարցեր տալ՝ էդ ո՞նց էղավ: Այդ ամբողջը կա զեկույցում, բարի եղեք, կարդացեք: Եվ տեսանյութեր էլ կան, և դրանք հիմնավորում են այն, ինչը ես ասեցի»,- հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը:
Թույլատրելի սահմանում մենք դեռ կփորձենք պարզել, թե 44-օրյայի զեկույցում ինչ «տոնայնությամբ» է հիշատակվում գեներալը: Իսկ այսօր Սեյրան Օհանյանն իր վերջին շրջանի հայտարարությունները համալրել է ևս մեկով՝ նշելով.
«Իհարկե, պատասխանատվություն պետք է կրեն այն մարդիկ, ովքեր տեսնելով այդ ամբողջ նահանջը, խրախուսել են ամբողջ նահանջի ճանապարհը: Դա երկրի այսօրվա ղեկավարին է վերաբերում, և այն ժամանակվա նախագահին: Ինքն ասում է, թե իրեն գեներալական և հերոսների կոչումների համար ինչ ներկայացրել են, ինքն էլ դա նախագահին է ներկայացրել: Դու քո պարտականությունները չգիտե՞ս, կամ՝ ինչպիսի՞ խնդիր է ինքը կատարել: Եթե մարտի դաշտում ինչ-որ մի տեղ հակագրող է կազմակերպվել, ապա թող այդ կապիտանը, սերժանտը, շարքայինը հերոսի կոչում ստանար»:
Արդյո՞ք այստեղ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը դարձյալ Նիկոլ Փաշինյանին, այսպես ասած, «կպնելու» համատեքստում, անուղղակի չի թիրախավորում ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին, որը եղել է հարավային ուղղության պատասխանատուն, և Օնիկ Գասպարյանին, ով առաջարկել է նրան Ազգային հերոսի կոչում տալ, որի «ատրիբուտները» չի էլ վերցրել Տիրան Խաչատրյանը:
Եվ շատ հետաքրքիր է, որ այս օրերին և նշված կոնտեքստում Սեյրան Օհանյանը երբեք չի հիշել Աշոտ Փաշինյանի ջոկատը, որը կարող էր առնչություն ունենալ Ալփաշա բարձունքից նահանջի հետ: Սա առանձին քննարկման թեմա է:



