Հունվար-սեպտեմբերին հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 767 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ
2024 թ. 9 ամիսների տվյալներով ՀՀ-ում հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 1 տրլ 767 մլն դրամ, որը 112.7 մլրդ դրամով կամ 6.8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Մինչև տարեվերջ մենք ակնկալում ենք, որ այս դինամիկան վերև է գնալու, այսինքն` բարելավում ենք ունենալու»,- նշեց նա։
Նա տեղեկացրեց, որ հարկ վճարողների կողմից սեպտեմբերին ներկայացված եկամտահարկի հաշվարկներով հայտարարագրված է 768 547 աշխատատեղերի թվաքանակ, ինչը 42 491-ով կամ 5.9 տոկոսով ավելի է 2023 թ. 9 ամիսների համեմատ։
Անդրադառնալով հարկային բուն վարչարարությանը, թե հարկային գործիքներով որքան գումար է ՊԵԿ–ն առաջադրում ու մասամբ հավաքագրվում ՀՀ պետական բյուջե` Բադասյանը նշեց, որ այդ թիվը կազմում է 133.9 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 38.5 մլրդ դրամով կամ 40 տոկոսով։
«2024 թ. 9 ամիսներին մեր հավաքագրած լրացուցիչ եկամուտները կազմել են 2024 թ. համար սպասվող տարեկան ՀՆԱ–ի շուրջ 0.5 տոկոսը։ Նշեմ, որ ներկայացված տվյալները մեր աշխատանքի ուղիղ արդյունքն են»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը։
Նա նշեց նաև, որ հարկային վարչարարության առումով ՊԵԿ աշխատանքը 2025 թվականին նույնական է լինելու։