Ինչո՞ւ աշխարհազորի մասին օրենքն ընդունվեց 44-օրյայի վերջում, ինչո՞ւ ձախողվեց դրսից կամավորների մասնակցությունը. փաստերի հետքերով
Հոկտեմբերի 31-ի կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է «Պաշտպանության մասին», «Տարածքային կառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է, որ Հայաստանում աշխարհազորը փոխարինվի տեղական պաշտպանության ուժերով: Կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական այս նախաձեռնությանը:
Մասնավորապես, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծում նշվում է, որ տեղական պաշտպանության ուժերը կազմավորվում են՝ որպես համայնքի պաշտպանության ստորաբաժանումներ, որոնց խնդիրներն են՝
– մասնակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանների պահպանությանն ու պաշտպանությանը.
– Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման հետմղման ժամանակ առանձին մարտական խնդիրների կատարումը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միավորումների և զորամասերի հետ համատեղ.
– մասնակցությունը հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ պայքարին.
– ռազմական, հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների, բնակչության պաշտպանությանն աջակցությունը:
Հավելենք, որ տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնելու է տվյալ համայնքի վարչական տարածքի պաշտպանությունն ապահովող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համապատասխան զորամիավորումը, և տեղական պաշտպանության ուժերը ներառվելու են զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ:
Այսինքն, ստորաբաժանումների կիրառումը, այդ թվում՝ նաև ՀՀ սահմանների պահպանության և պաշտպանության նպատակով, իրականացվելու է զորամիավորման հրամանատարի հրամանով՝ ըստ այն զորամասի մարտական խնդիրների, որի կազմում ներառված է ստորաբաժանումը:
Հավելենք, որ 2024թ. մայիսի 13-ին գնդապետ Սամվել Մինասյանը նշանակվել էր Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար՝ ազատվելով Տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարի պաշտոնից:
Իսկ պաշտպանության նախարարության ներկայացրած օրենսդրական փաթեթի հիմնավորման մեջ, մասնավորապես, շեշտվում է.
«2020 թվականի հոկտեմբերին «Պաշտպանության մասին» և մի շարք այլ օրենքներում կարգավորումներ սահմանվեցին աշխարհազորի համակարգի վերաբերյալ, սահմանվեց աշխարհազորի նպատակները, ձևավորման և կիրառման կարգը և այլն: Համաձայն կատարված փոփոխությունների՝ ստեղծվում էին աշխարհազորի պայմանական զորամիավորումներ, բրիգադներ և գումարտակներ, որոնց ղեկավարներ (հրամանատարը) էին հանդիսանալու համապատասխանաբար՝ մարզպետի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի (Երևանի քաղաքապետի) տեղակալները և վարչական շրջանների ղեկավարները:
Միաժամանակ, այդ մարմինների վրա էր դրվում նաև աշխարհազորային պայմանական ստորաբաժանումները կամավոր սկզբունքով քաղաքացիների համալրման ապահովման գործընթացը: Այդ նպատակով նաև ստեղծվեցին մարզպետների տեղակալների համապատասխան հաստիքներ, սակայն գործընթացի գործնական կիրառման ընթացքը ցույց տվեց, որ սահմանված համակարգը գրեթե չի գործում, աշխարհազորային ստորաբաժանումները ձևավորվում են հիմնականում տարածքային զինկոմիսարիատների կողմից, նրանց ղեկավարման հետ օրենքով սահմանված մարմինները որևէ առնչություն մինչ այժմ չեն ունեցել»:
Հիմնավորման մեջ միաժամանակ նշվում է, որ ՀՀ տարածքի ռազմավարական խորության բացակայությունը, անվտանգային միջավայրի վերլուծությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ունենալ տեղային և կամավորության սկզբունքով ձևավորվող տեղական պաշտպանության ուժեր, որոնք ըստ կոնկրետ ուղղությունների սպառնալիքների դեպքում ունակ կլինեն աջակցելու ՀՀ զինված ուժերի համապատասխան զորամասերին, ինչպես նաև դրանց ձևավորումը կդրվի բացառապես պաշտպանության համակարգի վրա:
Քանի որ այստեղ շոշափվում է 44-օրյա պատերազմի օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերին աշխարհազորի համակարգի ստեղծման և դրա անգործունակ լինելու փաստը, հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել մի քանի կարևոր փաստի վրա:
Պատերազմից մեկ ամիս առաջ՝ 2020 թվականի օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 8-ը ՀՀ պաշտպանության նախարարությունը e-draft.am-ում շրջանառության մեջ էր դրել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որտեղ, մասնավորապես, ասվում էր.
– Աշխարհազորի համակարգը գործում է տարածքային սկզբունքով, և ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ պայմանականորեն բաղկացած է զորամիավորումներից և դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից:
– Աշխարհազորի կառուցվածքը, պատրաստության և կիրառման պլանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով:
– Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի միջոցով:
– Աշխարհազորային զորամիավորման ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի տեղակալը:
– Աշխարհազորային բրիգադի ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ համապատասխան քաղաքային համայնքի ղեկավարի տեղակալն է, իսկ Երևան քաղաքի վարչական շրջաններում՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, և այլն:
Իսկ խնդիրները, ըստ էության, նույնն են եղել՝ մասնակցություն Հայաստանի Հանրապետության սահմանների, կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանություն, պայքար հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ, մասնակցություն հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների զինված, ինչպես նաև զորքերի և բնակչության զանգվածային տեղաշարժի կենտրոնական երթուղիների զինված պահպանությանը և պաշտպանությանը, և այլն:
Նշենք, որ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ ԵԿՄ-ն դժգոհել է, որ իրենց հետ կոնսուլտացիաներ չեն արել, իսկ մտահոգությունը կապված է եղել նրա հետ, որ աշխարհազորի ղեկավարումը վերապահվել էր ՏԻՄ ղեկավարներին (տեղակալներին):
Մի կողմ թողնենք և այս փաստը, որ աշխարհազորի ստեղծման նախագծի քննարկումները երբեմն բուռն են անցել, այդ թվում՝ այն առնչությամբ, որ Հայաստանը, լինելով Արցախի անվտանգության երաշխավորը, հստակ չի շեշտվել նախագծում Արցախի պաշտպանությանը մասնակցության մասին, մյուս կողմից՝ գուցե դա նկատի են ունեցել «հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանություն» ձևակերպման տակ:
Ի դեպ, 2020 թվականի պատերազմից մոտ 20 օր առաջ՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպմանն այդ ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանն աշխարհազորի ստեղծման մասին խոսելիս՝ հայտարարել էր.
«Մեզ մոտ երեքշաբթի անվտանգության խորհրդի նիստ է լինելու առաջին անգամ և քննարկվելու է աշխարհազորի հարցը, թե ոնց ենք մենք դա պատկերացնում, ոնց է լինելու մեզ մոտ: Մեր տեսակետն այն է, որ ոչ թե աշխարհազորին մտցնելու ենք զորքերի մեջ, այլ դա առանձին զորամաս է լինելու»:
Հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է, որ աշխարհազորում հնարավորություն ունենան ընդգրկվել սփյուռքահայերը, Սամվել Բաբայան ասել էր, որ անվտանգությունից ելնելով՝ չի կարող այդ հարցին պատասխանել, ապա հավելել է. «Ինձ չի թվում, որ սփյուռքահայերը կարողանալու են գոնե առաջին ամիսներին օգնության գալ, տարբեր պատճառներով: Ռազմավարական ծրագիր է մշակվում, որ մենք ամբողջովին լինենք վստահ, որևէ խնդիր չունենանք, Ադրբեջանն էլ սսկվի, տեղը վեր ընկնի: Կա մի ասացվածք՝ եղունգ ունես, գլուխդ քորի: Հույսներդ մի դրեք ոչ մեկի վրա, ինքներդ ձեր վրա դրեք»:
Հավելենք, որ այդ օրերին տեղի էին ունենում թուրք-ադրբեջանական զորավարժություններ, իսկ ՀՀ-ում էլ ռազմական ղեկավարության կողմից զգուշացվում էր, որ մեր հակառակորդն այլևս միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Սա, մեծ հաշվով, հասկանում էր նաև Նիկոլ Փաշինյանը:
Մասնավորապես, ԱԽ-ի՝ 21.08.2020-ի նիստի ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել էր.
«Հաջորդ գործոնը, որն արձանագրված է Ազգային անվտանգության ռազմավարության մեջ և շատ արագ արտահայտվեց, Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունն է մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում: Կարծում եմ, որ Թուրքիայի ապակայունացնող և ապակառուցողական գործունեությունն էական անհանգստություններ և մտահոգություններ է առաջացնում ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ Եվրասիական տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպական տարածաշրջանի մեր գործընկերների մոտ»:
Ինչևէ, չշեղվենք մեր բուն թեմայից և վերադառնանք աշխարհազորի ստեղծմանը: Եվ այսպես՝ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով ստեղծվում էր աշխարհազոր ու սահմանվում է այդ եզրույթը, ԱԺ-ն ընդունել է միայն 2020 թվականի հոկտեմբերի 28-ին, որից հետո հոկտեմբերի 29-ին նշանակվել էին մարզպետների միանգամից 7 տեղակալներ՝ Վայոց ձոր-Արայիկ Մուրադյան, Արմավիր-Ալեքսան-Ալեքսանյան, Սյունիք-Մելիքսեթ Պողոսյան, Տավուշ-Արթուր Հովակիմյան, Գեղարքունիք-Հենրիկ Մուրադյան, Արագածոտնի մարզ-Ռազմիկ Պետրոսյան, Արարատի մարզ-Ամիրխանյան Նորիկ։
Ի դեպ, այդ ժամանակ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 29-ին էր ստորագրել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։
Իսկ 2020 թվականի նոյեմբերի 3-ին խորհրդարանն ընդունել էր ևս երկու նախագիծ, որոնք կապված էին աշխարհազորի ստեղծման հետ։
Ավելի կոնկրետ՝ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկել էր Կառավարության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը և երկուսն էլ ամբողջությամբ ընդունել, որի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինները կունենան նոր տեղակալ, որը պիտի զբաղվեր աշխարհազորի կազմակերպման և աշխարհազորային բրիգադի ղեկավարման աշխատանքներով, Երևանի պարագայում նույնպես առաջարկվել էր ավելացնել քաղաքապետի տեղակալների թիվը՝ 3-ից դարձնելով 4, վերջինը բացառապես և ուղիղ զբաղվելու էր աշխարհազորի կազմակերպման և ղեկավարման գործառույթով։
Եվ նոյեմբերի 3-ին Շիրակի մարզպետի տեղակալ էր նշանակվել Պողոս Աբրահամյանը, իսկ դեկտեմբերի 28-ին Լոռու մարզպետի տեղակալ էր նշանակվել Գոռ Ասրյանը, և այլն:
Ի դեպ, նրանց մեջ կային նաև զինվորական կենսագրություն ունեցող անձինք, ավելին, նրանցից ոմանք ազատվեցին իրենց պաշտոններից 2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարարությանը հաջորդած ԳՇ շուրջ զարգացումների ֆոնին:
Իսկ մենք արձանագրենք, որ աշխարհազորի ստեղծման գործընթացը հունի մեջ մտավ միայն պատերազմի ավարտին, իսկ պատերազմից հետո սկսեցին քննարկել դրանում առկա բացերը: Բայց օրենքի բացակայությունը չի խանգարել, որ կամավորական տարբեր խմբեր գործուղվեն մարտական գործողությունների վայր:
Մասնավորապես, 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է անում.
«Քայլ 1. Ձևավորել կամավորական ջոկատ (նվազագույնը 30 հոգի):
Քայլ 2. Ընտրել հրամանատար:
Քայլ 3. Դիմել հրամանատարի բնակության վայրի զինկոմիսարիատ:
Քայլ 4. Զորամասերից մեկում անցնել ներդաշնակում, պատրաստում:
Քայլ 5. Մեկնել հայրենիքի պաշտպանության առաջնագիծ:
Քայլ 6. Հաղթել»:
Իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանի այս, մեղմ ասած, անլուրջ կոչից հետո մարզպետների, համայնքապետների գլխավորությամբ ձևավորվել են կամավորական ջոկատներ, կրկնում ենք, աշխարհազորի ստեղծմանն առնչվող օրենքներն այդ ժամանակ դեռ ընդունված չեն եղել, և ոչ էլ համապատասխան գծով մարզպետների տեղակալներ կային:
Կարո՞ղ ենք այստեղ օրենքի կամ օրինականության հետ կապված խնդիրներ արձանագրել: Իսկ որքանո՞վ է այս հարցը քննարկման առարկա դարձել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում, հայտնի չէ:
Բայց նույն ժամանակահատվածում մեկ այլ նմանօրինակ իրադարձություն է տեղի ունեցել. 2020 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ սահմանադրական դատարանը վավերացրել էր «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան, որից հետո ԱԺ-ն նոր միայն փաստորեն ընդունել է աշխարհազորի մասին օրենքը:
Թե այս կոնվեցիայի պատերազմի օրերին քննարկումն ու վավերացումն ինչո՞վ էր պայմանավորված, չենք կարող ասել: Մյուս կողմից հարկ է հիշեցնել, որ 2023 թվականի հունիսի 28-ին իր տարածած հայտարարության մեջ ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն անդրադարձել էր այս հարցին:
«Անպատասխանատու մոտեցման հետևանքով ձախողվեց մարտական գործողություններին մասնավոր ռազմական կազմակերպությունների և այլ երկրներից կամավորականների մասնակցելու նախաձեռնությունը:
Ընդ որում, սկզբնական շրջանում խոչընդոտներ էին առաջանում ֆինանսական միջոցների հատկացման առումով, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ միջազգային կոնվենցիան» վավերացնելու մասին ՀՀ օրենքի ընդունումով վերջնականապես տապալվեց բավականին մեծ թվով կամավորականների` պատերազմին ներգրավելու գործընթացը»,- իր հայտարարության մեջ շեշտել էր գեներալ-գնդապետը:
Արդյոք քննարկվե՞լ է, թե որքանով է նշվածն ազդել պատերազմի ելքի վրա, ինչի մասին ակնարկել է Օնիկ Գասպարյանը: Մյուս կողմից, նա ևս պետք է պատասխանի, թե ինչո՞ւ աշխարհազորի մասին օրենքն ընդունվեց միայն պատերազմի վերջերին, և արդյո՞ք իրավաչափ էր նախքան դա, այսպես ասած, մարզպետների նախաձեռնությամբ կամավորական ջոկատների գործուղումը պատերազմի դաշտ:
Ի վերջո, պատերազմի ելքի վրա պակաս ազդեցություն չեն ունեցել պատահական ջոկատների ձևավորումն ու գործուղումը մարտական գործողությունների վայրեր:
Իսկ թե որքանով տարածքային պաշտպանության ուժերն արդյունավետ կլինեն, թողնենք ժամանակի քննությանը: