Օնիկ Գասպարյանի նախազգուշացման իրականություն դառնալու հավանականությունը. երբ է Թուրքիան օգնության հասնում Փաշինյանին

Հունական Kathimerini օրաթերթին տված Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել է.

«Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է հավասարակշռված դիրքորոշում ունենա տարածաշրջանի տարբեր զարգացումների վերաբերյալ: Պակաս ուշադրություն չի դարձվում Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությանը, որը կարող է և՛ խթանել, և՛ վտանգել մի շարք գործընթացներ։ Հայաստանը մյուս կողմից ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը»:

Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի կողմից սպառնալիքներին գործնականում կարևորություն չէր տալիս 2020 թվականի հուլիսյան մարտերից և առաջ, և հատկապես 44-օրյա պատերազմից առաջ: Ինչու ենք ասում գործնականում, որովհետև 2020 թվականի նոյեմբերի 16-ին ԱԺ-ում Փաշինյանը խոստովանել էր.

«2020թ. ամռանը մեր գնահատականն այն է եղել, որ մենք կարող ենք բավական հաջող դիմակայել Ադրբեջանին, նաև մենք հասկացել ենք, որ կան ռիսկեր Թուրքիայի և ահաբեկիչների կողմից պրոցեսին ներգրավվելու»:

Կարդացեք նաև

Իսկ նման վերլուծություն, ինչպես 2020 թվականի նոյեմբերի 17-ի իր ուղերձում նշել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, հունիսի 12-ին նախ Նիկոլ Փաշինյանին, ապա մի քանի օր անց նաև՝ անվտանգության խորհրդին էր ներկայացրել, այդ թվում՝ ՀՀ զինուժի կարողությունները և, մասնավորապես, զգուշացրել.

«Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն»:

Այն, որ Օնիկ Գասպարյանի կողմից՝ որպես ԳՇ պետ, եղել է զգուշացում Թուրքիայի կողմից սադրանքների կամ հստակ գործողությունների մասին, 2021 թվականի ապրիլին չէր հերքել նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Մասնավորապես, factor.amի հետ զրույցում վերծանելով ԱԽ-ի՝ 21.08.2020 թ. նիստի արձանագրությունը, Արմեն Գրիգորյանն ասել է. «Օնիկ Գասպարյանը ոչ թե ասում է, որ Թուրքիան կարող է Ադրբեջանին աջակցել, մեր հրապարակած թղթում էլ դա երևում է… Օնիկ Գասպարյանի հիմնական միտքը եղել է, որ Թուրքիան, հնարավոր է՝ արևմտյան ուղղությամբ հարձակվի (ի դեպ, Արմեն Գրիգորյանը սկզբում ասում է արևելյան ուղղությամբ, հետո երևի հիշում է, որ Թուրքիան ՀՀ-ի արևմուտքում է։- Մ.Պ.):

Հավելենք, որ ըստ ԱԽ-ի 21.08.2020թ. նիստի արձանագրության, Օնիկ Գասպարյանը մասնավորապես ասել է. «…Արևելյան օպերացիոն ուղղությունում… և հյուսիսարևելյան օպերացիոն ուղղությունում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները…»:

Արդեն 2023 թվականի հունիսի 28-ին տարածված հայտարարության մեջ Օնիկ Գասպարյանը պնդել էր, որ ոչ իրատեսական գնահատական պետության ղեկավարությանը երբեք չի ներկայացրել և բացել էր փակագծերը.

«Մասնավորապես, իմ զեկույցում նշել եմ, որ ըստ կատարված օպերատիվ-մարտավարական հաշվարկների՝ արևելյան և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղություններում ուժերի և միջոցների հարաբերակցությունն առանց Թուրքիայի գործոնի հաշվառման հնարավորություն է ընձեռում մարտ վարել «ոչ մի քայլ ետ» սկզբունքով…:

Դա ենթադրում է դիրքային պաշտպանության կիրառում, երբ տարածքի կորուստը համարվում է անթույլատրելի և տեղանքի տեղամասերը և կարևոր օբյեկտները պահվում են ջանքերի առավելագույն լարումով` պատճառելով հակառակորդին առավելագույն կորուստներ: Դա չի նշանակում, որ կարելի է մարտ վարել անժամկետ, քանի որ զորքերի կարողությունները սահմանափակվում են կրակային խոցման միջոցների, հրթիռների և զինամթերքի ու նյութատեխնիկական այլ պաշարների առկայությամբ»:

Ի դեպ, ԱԽ-ի՝ 21.08.2020-ի նիստի ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել էր.

«Հաջորդ գործոնը, որն արձանագրված է Ազգային անվտանգության ռազմավարության մեջ և շատ արագ արտահայտվեց, Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունն է մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում: Կարծում եմ, որ Թուրքիայի ապակայունացնող և ապակառուցողական գործունեությունն էական անհանգստություններ և մտահոգություններ է առաջացնում ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ Եվրասիական տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպական տարածաշրջանի մեր գործընկերների մոտ:

Այս բոլոր վերլուծությունների, գնահատականների և այդ ժամանակահատվածում՝ 2020թ. հուլիս-օգոստոսին Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում անցկացված թուրք-ադրբեջանական զորավարժություններին առնչվող փաստերի առկայության պարագայում, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հասարակությունից թաքցրել էր պատերազմի սպառնալիքը, մանիպուլյացիայի դիմել, այլ նաև դրան զուգահեռ սադրել Թուրքիային՝ օրինակ, 44-օրյա պատերազմից մեկ ամիս առաջ Սարդարապատում հուլիսյան մարտերում հաղթանակների համար պարգևատրման արարողություն կազմակերպելով:

Ւ դեպ, 44-օրյա պատերազմից 26 օր առաջ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասնը «գաղտնի» նամակ էր ուղարկել։  

Փաստաթղթում զորավարժությունների սցենարի համատեքստում մանրամասն նկարագրված էր այն, ինչին հետագայում ականատես եղանք պատերազմի ժամանակ և ոչ միայն: Օրինակ, այնտեղ այսպիսի հատված կար.

С учетом обстановки в мире, приведшей к закрытию границ между государствами для «Визирии» (Թուրքիա-Մ.Պ.) и «Азерии» (Ադրբեջան-Մ.Պ.) особую остроту приобрела возможность создания сухопутной связи через территорию «Ноякерта» (Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն.- Մ.Պ.) и г.МЕГРИ, что возможно только при достижении уступок со стороны «Севании» (Հայաստանի Հանրապետություն.- Մ.Պ.) по «арцахскому» вопросу. В связи с этим государства «Кавказского союза» (Ադրբեջան, Թուրքիա, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն.- Մ.Պ.), резко нарастили масштабы совместных действий, направленных против «Республики Севания».

168.am-ը մանրամասն ներկայացրել է պատերազմական նախազգուշացումների խրոնոլոգիան, ուստի այլ փաստերի այս պահին նորից չենք անդրադառնա:

Այսօր Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, դարձյալ չի հերքում Թուրքիայից եկող սպառնալիքների գոյությունը, ընդունում է մեր տարածաշրջանում Թուրքիայի 44-օրյա պատերազմից հետո և այսօր առկա ազդեցիկ դերակատարությունը, որ մեզնից վրեժ են լուծում նախորդ 30 տարիների համար, այսինքն, Արցախյան առաջին պատերազմում հաղթանակի, դրանից հետո կանոնավոր բանակի հաղթանակի, խաղաղություն պարտադրել կարողացած հայկական բանակների՝ ՊԲ, հիմա ՀՀ ԶՈՒ և այլն: Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունում է, որ Թուրքիայից կան սպառնալիքներ, բայց հիմա ի տարբերություն 2020 թվականի՝ նա բաց տեքստով հասկացնում է, որ այս ամենը նաև իր նպատակների մեջ են եղել: Եվ, ըստ նրա տրամաբանության, ՀՀ-ն պետք է մտնի թուրքական հովանոցի տակ, և ՀՀ բանակը չպետք է դիտարկել որպես անվտանգային երաշխավոր, որ պետք է հրաժարվել պատմական Հայաստանից և ապրել իրական ՀՀ-ում, որտեղ մեր անվտանգությունը ոչ թե ՀՀ բանակից պիտի կախված լինի, այլ Թուրքիայի բարեհաճությունից: Իսկ բանակի՝ որպես լուրջ գործոն, պրոցեսը, իհարկե, գործնականում ավելի վաղ է սկսվել:

«Մենք պետք է գտնենք լուծումներ, թե ոնց ենք մեր երկրի անվտանգությունն ապահովում: Երբ անվտանգություն ենք ասում, առաջինն ասում ենք բանակ, բայց բանակը պետք է վերջում ասենք, որովհետև երբ բանակը մտել է գործի մեջ, դա նշանակում է, որ, վերջ, ամեն ինչ ավարտվել է, և գործը բանակինն է»,- մարտի 23-ին Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ շեշտել է Փաշինյանը՝ Տավուշից տարածքների և դիրքերի հանձնման թուրք-ադրբեջանական պահանջի և այն կատարելու իր պատրաստակամության համատեքստում:

«Մենք խոսակցությունը սկսում ենք նրանից, որ անվտանգությունն ապահովելու համար պետք է մեր լեգիտիմության գծերի վրա կանգնենք, իսկ այդ գիծը միջազգայնորեն ճանաչված սահմանն է, որպեսզի որևէ մեկը մեր դեմ հարձակումը արդարացնելու հնարավորություն չունենա՝ «բա, ասենք, օրինակ, իրենք մեր էս տարածքը վերցրել չէին տալիս, մենք դրա համար հարձակվեցինք», մնացածն էլ կանտրոլից դուրս եկավ»,-շարունակել է նա:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերին և ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսին ասում է, որ իրավունք չունեն միջամտելու այս գործընթացին, որին տվել է՝ սահմանազատում և սահմանագծում անունը, մինչդեռ իրականում այն միակողմանի զիջման և զորքի հետքաշման գործընթաց է, ինչը ենթադրում է հյուսիսարևելյան պաշտպանական ամուր գծի վերացում, 3-րդ բանակային կորպուսի կրճատում և գուցե հետո վերացում:

Ի դեպ, այն, որ շատ անգամ բանակի անելիքն իրենց վրա են վերցրել, փորձում վերցնել ռազմամարզական հասարակական կազմակերպությունները, երբեմն կամ շատ անգամ ՏԻՄ-երի հետ պայմանանավորվածությամբ պաշտպանական ինչ-որ կառույցներ ստեղծելով բնակավայրերի շուրջ, դա ևս վկայում է պետության և բանակի քանդված հիմքերի մասին: Այսինքն, սա ինչ-որ առումով տեղավորվում է բանակի դեմ քաղաքականության տրամաբանության մեջ. բանակը չեն հզորացնում և անվտանգային խնդիրները դնում են մասնավոր սեկտորի վրա, որոնք «լեգիտիմ իրավունքներ» չունեն: Սա բնավ բանակին աջակցության մասին չէ, և ոչ էլ տեղավորվում է ազգ-բանակ կոնցեպտի մեջ:

Իսկ 168.amգրել էր, որ դա անօրինական հրաման է, և բանակն այն կատարելու դեպքում դառնալու է հանցակից, ավելին՝ Փաշինյանը մի օր քաղաքական որոշում է կայացնելու՝ դատել իր իսկ անօրինական հրահանգները կատարած զինվորականներին:

Վերադառնանք ԱԽ նիստում ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի նախազգուշացմանը և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մեկնությանը, որ «Օնիկ Գասպարյանի հիմնական միտքը եղել է, որ Թուրքիան, հնարավոր է՝ արևմտյան ուղղությամբ հարձակվի»:

Եվ եթե 2020 թվականին Թուրքիայի կողմից ուղիղ հարձակումը հավանական չէր թվում, կամ գոնե ՀՀ իշխանություններն այս մասին ուղիղ տեքստով չէին հայտարարում, ապա այսօր իրավիճակը փոխվել է: Մասնավորապես, մարտի 18-ին Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանը վախեցրել է, թե Արմավիրից Թուրքիան կհարձակվի, եթե չգնանք զիջումների:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը Թուրքիայից անմիջական հարձակումը հնարավոր է համարել ռուսական զորքի բացակայության պայմաններում:

«Նիկոլ Փաշինյանը ստում է ժողովրդին, գյուղացիներին, որ հող տալով՝ կարող է հասնել խաղաղության: Թուրքիան կարող է Արմավիրից հարձակվել, եթե ռուսական զորքերը դուրս գան: Քանի ռուսական կողմն այնտեղ է, նրանք թույլ չեն տա Թուրքիային որևէ նման քայլ անել ՀՀ սահմանների ուղղությամբ: Ես սա հստակ գիտեմ»,- իր վերջին ուղերձում նշել է Կարապետյանը:

Ճիշտ է, Արշակ Կարապետյանը ռուսական անվտանգային երաշխավորության կողմնակից է, բայց չենք կարող չընդունել, որ այստեղ կա ճշմարտության տարր։ Ի վերջո, հակառուսական կողմնորոշում ունեցողներն էլ ցանկանում են այդտեղ տեսնել ՆԱՏՕ-ի անդամ երկրներից զորք, կամ՝ ԵՄ դիտորդների, մինչդեռ ՆԱՏՕ-ն, ըստ էության, իրեն այս տարաշածրջանում ներկայացված է համարում Թուրքիայի տեսքով:

Եվ վերոնշյալ վտանգն աչքի տակ ունենալով ՀՀ իշխանությունները հայ-թուրքական սահմանից փորձում են հասնել ռուսական ներկայության հեռացմանն ու բացառմանը:

Հետաքրքիր է նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, անմիջական Թուրքիայից հարձակման մասին հիշում է, կամ նրա անմիջական օգնությանը «դիմում է» Զինված ուժերի և երկրի համար ճակատագրական պահերին, Թուրքիան էլ իր մասին այդ ժամանակ է հիշեցնում: Օրինակ, 2021 թվականի փետրվարի 25-ին, երբ Զինված ուժերը պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ նա այն անվանել էր ռազմական հեղաշրջում, մեկ օր հետո՝ փետրվարի 26-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ Հայաստանում կառավարության փոփոխմամբ պետք է զբաղվի ժողովուրդը, այլ ոչ՝ բանակը։

«Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման։ Երբ բանակը խառնվում է քաղաքականությանը, դա անընդունելի է։ Եթե պետք է փոխել կառավարությանը, ապա դա պետք է անի հայ ժողովուրդը, այդ գործը պետք է թողնել նրան։ Հայ ժողովուրդը հոգնել է այս իշխանությունից»,- հայտարարել է Էրդողանը։

Եվ կան տարբեր կարծիքներ, որ Օնիկ Գասպարյանի հեռացման հարցում եղել են նաև արտաքին գործոններ, օրինակ, անմիջական սպառնալիք Թուրքիայից, ու նա, ըստ էության, փորձել է խուսափել առավել մեծ աղետից: Այլ հարց է՝ իրականում խուսափեցի՞նք աղետից, կամ դա օգնե՞ց խուսափել առհասարակ, թե՞ լավագույն դեպքում հետաձգեց այն:

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն այսօր անդրադառնալով Տավուշից տարածքների հանձնման ադրբեջանական պահանջին, Փաշինյանի՝ դրան պատրաստ լինելուն, ՀՀ ընդդիմության անհամաձայնությանը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի՝ ապրիլի 5-ին կուսակցություն ստեղծելու և համագումար անելու հայտարարությանը, և որ իրենց շարքերում կան պահեստազորի սպաներ, ջոկատների հրամանատարներ, որոնք պատրաստ են կռվել, նկատել է, որ պրոռուսական ուժերը ՀՀ-ում դեռևս չեն կարողանում էֆեկտիվ պայքար մղել իշխանությունների դեմ, և որ Տավուշի գյուղերի հանձնման թեման կարող է «խայծ» հանդիսանալ:

Այս համատեքստում ադրբեջանական լրատվամիջոցը նշում է, որ թեև 2021 թվականի ընտրությունների ժամանակ Փաշինյանը հաղթել է Տավուշում և մոտ 70 տոկոս ձայն է ստացել, բայց «անկլավները» վերադարձնելու հարցը կարող է կտրուկ իջեցնել նրան աջակցության աստիճանը: Եվ հենց այստեղ է, որ կարող է օգնության գալ Թուրքիայի կողմից ուժի կիրառման սպառանալիքը…

Եվ այս ֆոնին ընդդիմադիր ուժերի ճամբարում չգտնվող և հակառուսական տրամադրվածությամբ հասարակական-քաղաքական որոշ գործիչների կողմից փորձ է արվում գեներացնել այն միտքը, որ Տավուշի գյուղերը Ռուսաստանին են պետք նաև, և որպես հիմնավորում բերվում է Տավուշի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Ոսկեպարում և Ազատամուտում, ռուսական ուղեկալների առկայության փաստը:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը դարձյալ անտեսում է իրեն Օնիկ Գասպարյանի կողմից ներկայացված երբեմնի սառը հաշվարկը՝ «քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին (Իրան և Վրաստան)՝ բարեկամաբար տրամադրելուն…»:

Ավելի ճիշտ՝ Փաշինյանը պատերազմը կանխելու իր քաղաքականությունն է տանում՝ թուրքական գործոնը երկրի ներսում օգտագործելով, փորձելով համոզել, որ «ոչ հայկական տարածքները» զիջելով, զրկելու են Թուրքիային և Ադրբեջանին հարձակվելու լեգիտիմ հիմքերից, ապահովելու են խաղաղություն, թեպետ, Փաշինյանը լավ հասկանում է, որ իր խոստացած խաղաղությունը Հայաստանից կախված չէ:

Իսկ առջևում Թուրքիայից անմիջական հարձակման սցենարն է, որի համար լեգիտիմ հիմքեր ստեղծվում են հենց Փաշինյանի շնորհիվ, որովհետև 30 տարվա համար նաև ինքն է փորձում վրեժ լուծել անկախ Հայաստանից, Հայոց պատմությունից, Հայոց բանակից, դրա ստեղծման հիմքում կանգնածներից. Արցախից արդեն հաջողվել է…

Տեսանյութեր

Լրահոս