Կախաղանին ուրիշ ոտքեր թող մոտ չգան  

Այսօր գիշերը կամ լուսադեմին Ոստիկանություն բերման է ենթարկվել կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։ Ըստ նրա ընկերների, Հովհաննեսի նկատմամբ իրավապահները փորձում են գործ «հարուցել» (իմա՝ սարքել) ապօրինի զենք պահելու մեղադրանքով։

Տեղի ունեցածն այլ խոսքով, քան խայտառակություն, դժվար է որակել։ Պատկառելի կրթություն, մասնագիտական հարուստ փորձ, բայց ամենակարևորը՝ սկզբունքային քաղաքացիական դիրքորոշում ունեցող Հովհաննես Ավետիսյանին անգամ նման հարցում կասկածելը ֆանտաստիկայի ժանրից է։ Դա մոտավորապես նույնն է, որ կամայական ՔՊ-ականի մեղադրանք առաջադրվի քաղաքավարության, սկզբունքայնության, ինքնուրույնության ու ինտելեկտի համար։ Այսինքն՝ ըստ սահմանման՝ նման բան հնարավոր չէ։

Ակնհայտ է՝ Հովհաննես Ավետիսյանի նկատմամբ քաղաքական ռեպրեսիան տեղի է ունենում նրա հրապարակային խոսքի, իշխանությունների հասցեին քննադատության և ստեղծված ճգնաժամից դուրս գալու առաջարկների համար։ Բայց այս հետապնդումը՝ ողջ անհեթեթությամբ հանդերձ, վկայում է նաև դրական իրողության մասին։ Իշխանությունը սկսել է վախենալ ինտելեկտից։ Հովհաննես Ավետիսյանը համացանցը ողողած «փորձագետներից» է, այդ թվում՝ ընդդիմադիր, տարբերվում է խիստ փաստարկված, գիտական-ակադեմիական հենք ունեցող խոսքով ու դրանց վրա հիմնված առաջարկներով։

Հովհաննեսի հրապարակային որևէ ելույթում հնարավոր չէ գտնել այսօր այդքան մոդայիկ պաթոս ու հայհոյախոսություն, նաև այդ պատճառով նրա հարցազրույցները լիրիկական փորձագետների գունագեղ ելույթների համեմատ՝ ունեն համեստ դիտումներ ու հավանումներ։

Կարդացեք նաև

Հովհաննեսի խոսքը, սակայն, հաղթում է որակով և, ըստ ամենայնի, հենց դրա մեջ է իշխանությունը վտանգ տեսել։

Օրինակ, վերջերս, Հովհաննես Ավետիսյանը որպես ստեղծված իրավիճակից ելք՝ առաջարկում է ինտելեկտուալ դիկտատուրայի հաստատում։ Այդ, ինչպես և նրա ներկայացրած բազմաթիվ գաղափարների հետ կարելի է համաձայնել կամ ոչ, ընդունել կամ մերժել դրանք։ Բայց ակնհայտ է, որ պոպուլիզմի վրա հիմնված իշխանությունը վտանգ է զգում «ինտելեկտ» և «դիկտատուրա» հասկացությունների համադրությունից, որովհետև առաջինից անհուսորեն չունի, իսկ երկրորդը կառուցելու փորձերին ամենաշատը կարող է խանգարել հենց ինտելեկտը։ Այս իմաստով, Հովհաննեսի հանդեպ իրականացվող խայտառակ ու միաժամանակ ծիծաղելի հետապնդումը հետաքրքիր ցուցիչ է։

Ինչ վերաբերում է տեղի ունեցածի «իրավական» մանրամասներին, որոնք վստահաբար շահարկելու են իրավապահներն ու իշխանական քարոզիչները, ապա դրանց մասին խոսելն անգամ ավելորդ է, հատկապես, որ որևէ բարոյական ու արժեքային արգելք չունեցող իշխանությունը ցանկացած «քրեական գործ» կարող է սարքել ցանկացած մարդու նկատմամբ։

Հայաստանի իշխանությունն այս հարցում առաջնորդվում է կարդինալ Ռիշելիեին վերագրվող խոսքերով «Տվեք ինձ ամենաազնիվ մարդու կողմից գրված վեց տող, և ես դրանցում կգտնեմ այն, ինչի համար նրան կարելի է կախել»։

Հովհաննես Ավետիսյանի տեքստերում, գրավոր ու բանավոր հարցազրույցներում կարելի է գտնել ոչ թե 6, այլ 600 և 6000 այնպիսի տողեր, որոնց համար, ներկայիս իշխանության տեսանկյունից, նրան «կարելի է կախել»։ Որովհետև այն, ինչ անում է Հովհաննեսը, ի վերջո, ծառայելու է այսօր նրա դեմ քաղաքական հետապնդում իրականացնողների կախաղանին։ Բառի ինտելեկտուալ իմաստով, բնականաբար։

Տեսանյութեր

Լրահոս