Լոլիկով ու կարմիր քաղցր սոխով մուս
Բաղադրիչները
- 1 կգ շատ հասած լոլիկ
- 1/3 բաժակ շաքարավազ
- 1 փաթեթ կամ 10 գ ժելատին
- 250 մլ յուղոտ սերուցք
- 2 խոշոր, քաղցր կարմիր սոխ
- 1 թարմ, կարմիր, կծու պղպեղ չիլի
- աղ
Պատրաստման եղանակը
Լոլիկը խոշոր կտորներով կտրատեք: Կեղևը, սերմերը մաքրեք: Լոլիկները տեղադրեք տապակի վրա, վրաները աղ և 2 ճ.գ. շաքարավազ արեք: Տապակը 10 րոպեով տեղադրեք 190 աստիճան տաքության ջեռոցում: Երբ լոլիկները փափկեն, հանեք ջեռոցից, բլենդերի մեջ հարեք ու պյուրե սարքեք: Թողեք, լրիվ հովանա:
Ժելատինը 10 րոպեով թրջեք 1/3 բաժակ սառը ջրի մեջ: Ապա քամեք ու լուծեք 1/2 բաժակ տաք ջրի մեջ: Թողեք, մի փոքր հովանա:
Սառը սերուցքը հարեք, ավելացրեք լուծված ժելատինը և լոլիկի պյուրեն: Լավ խառնեք, խառնուրդը լցրեք ֆորմայի մեջ և 2 ժամով տեղադրեք սառնարանում:
Սոխը փետրաձև կտրատեք, լցրեք հաստ հատակով կաթսայի մեջ, ավելացրեք մնացած շաքարավազը: Չիլի պղպեղի սերմերը հեռացրեք ու պղպեղն ամբողջությամբ ավելացրեք սոխին: Կոնֆիտյուրը եփեք թույլ կրակի վրա, մինչև ժելեանման զանգված ստանալը, մոտ 30 րոպե:
Մատուցելու համար լոլիկի «մուսից» գդալի օգնությամբ գնդիկներ արեք, վրան լցրեք սոխի կոնֆիտյուրը:
Խորհուրդ: Հնում, երբ ժելատին չի եղել, տեղաբնակներն այս աղանդերի մեջ կարտոֆիլի օսլա են օգտագործել: Եթե ուզում եք աղանդերն այս եղանակով պատրաստել, ապա 2-րդ քայլի ժամանակ 1/2 բաժակ ջուրը եռացրեք, ավելացրեք 1 ճ.գ. օսլան և լավ խառնեք: Մնացածը՝ հետևեք բաղադրատոմսին: