Քաղաքացու կորուստը

ՀԱԿ կուսակցության ավագանու ծրագիրը բաղկացած է քաղաքական ու քաղաքային տնտեսությանը վերաբերող հարցերից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ ավագանու թեկնածու Վահագն Խաչարյանը: «Քաղաքական մասում ուզում ենք ավելի քիչ հանդես գալ, բայց, ի վերջո, կողմնակից եմ այն տեսակետին, որ ավագանու ընտրությունները որակենք որպես քաղաքական ընտրություններ՝ հաշվի առնելով Երևանի դերը ՀՀ-ում, որ բոլոր առումներով առանձնանում է մնացած բոլոր քաղաքներից»,- նշեց նա:

Վ. Խաչատրյանը համոզված է, որ Հայաստանում ինչպիսի ընտրություններ էլ լինեն, գործընթացներ ընթանան, հաջողություններ չեն գրանցվի, քանի դեռ կառավարման համակարգը չի փոխվել: «Մեր անհաջողությունները պայմանավորված չեն տնտեսական դրդապատճառներով: Դրանք իրենց էությամբ քաղաքական են, որովհետև Հայաստանում չի գործում օրենք, չկա ազատ մարդ, քաղաքական գործունեությամբ զբաղվող ընդդիմադիրները հետապնդման են ենթարկվում, մրցակցություն չկա որևէ դաշտում: Այս ընտրություններն էլ ապահովված չեն հավասար մրցակցային պայմաններով»,- շեշտեց Վահագն Խաչատրյանը՝ ավելացնելով, որ իշխանությունը կիրառում է ադմինիստրատիվ ռեսուրս:

Նրա խոսքով, իրենք պատրաստ են ու պատրաստ են եղել, որ հավասար պայմաններ թեկնածուների համար չեն ստեղծվի, բայց նշեց, որ իրենք նպատակ ունեն հաղթել կառավարման համակարգի այս պայմաններում:

«Մենք ուզում ենք հանդիպումներ ունենալ դպրոցներում, բայց չենք կարողանում: Վախի մթնոլորտը պահպանվում է մարդկանց մեջ: ՀՀ քաղաքացին այսօրվա իշխանությունից վախենում է, որովհետև քաղաքացին ազատ չէ, ուզում է հանդիպել ցանկացած թեկնածուին, բայց դուրս չի գալիս բակ հանդիպելու, ուրեմն խնդիր կա: Իսկ ազատ մարդու դրսևորման պայմաններ ստեղծողն իշխանությունն է: Ավելի, քան քաղաքականացված են ընտրությունները, բայց դա մեզ բավարարում է»,- շեշտեց թեկնածուն:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ հաղթանակի հաջողությունը պայմանավորված է իրենցով՝ ՀԱԿ-ով, ինչպես նաև  ոչ իշխանական ուժերի մասնակցության ձևով, միմյանց հետ համագործակցելով: Նա համոզված է, որ հաղթելու հնարավորություն կա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացին «իսկապես դժգոհ է, հոգնել է ու ակնկալիքներ չունի այսօրվա իշխանությունից»:

Նա ևս մեկ անգամ նշեց, որ ընդդիմադիր ուժերի միջև կան նախնական պայմանավորվածություններ՝ ընտրությունները վերահսկելու շտաբ ստեղծելու, ինչպես նաև՝ հետընտրական համագործակցության վերաբերյալ: Վահագն Խաչատրյանը խոստովանեց, որ քաղաքային իշխանության կառավարման իր տարիներին ինքը շատ կցանկանար ստեղծել հարմարավետ պայմաններ երևանցու համար, բայց չստացվեց ռեսուրսների բացակայության պատճառով, ինչպես նաև հերքեց այն տեղեկությունները, թե իր տարիների ժամանակ է կատարվել սեփականաշնորհումը, ու շեշտեց, որ «Վանո Սիրադեղյանից հետո է վերացվել ամենաթողությունը, երբ փողոցներում կրակոցներ կային, տանը նստած ավազակային հարձակումներ են կատարվել»: Նա նշեց, որ ամենակարևոր խնդիրը Երևանում քաղաքացու կորուստն է. «Մենք կորցրել ենք քաղաքացուն: Առանց քաղաքական փոփոխությունների՝ քաղաքային փոփոխությունները չեն կարող լինել: Իսկ քաղաքացուն գտնելու համար պետք է վերականգնել քաղաքային միջավայրը: Վերջինիս վերադարձնելու համար մենք պետք է վերադարձնենք քաղաքային պայմանները»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս