Ալիևին ասում է՝ ես քեզ այդքան օգնեցի, հիմա դու ինձ կօգնես, որ պահեմ իմ իշխանությունը. Նա ուզում է հանձնել իր քաղաքական հակառակորդներին, որպեսզի հավերժացնի իր իշխանությունը. Արա Սահակյան

«Մեր խնդիրը կայանում է նրանում, որ ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմությունը շատ ծուլորեն է օգտագործում «ինքնորոշում» բառը, և դա է պատճառը, որ մեր ընկերները նստած են Բաքվի բանտում: Նրանք ոչ թե ինքնորոշման համար պայքարի մարտիկներ են ներկայացվում, այլ որպես ապստամբներ, տեռորիստներ: Ինքնորոշման կորուստն է պատճառը, որ Հայաստանի գործող իշխանությունը դա ներկայացրեց՝ որպես տարածքային վեճ: Մենք 30 տարի պայքարել ենք, որ հանկարծ չնենգափոխվի Արցախյան հիմնահարցը ու չներկայացվի՝ որպես հայ-ադրբեջանական վեճ՝ տարածքի համար: Հիմքում միշտ դրվել է ինքնորոշման իրավունքը: Ճիշտ է, դրա կողքին դրվել է նաև տարածքային ամբողջականության և հակամարտությունները ուժով կամ ուժի սպառնալիքով չլուծելու խնդիրը: Երեքն իրար հետ են դրել, բայց այսօր Հայաստանում մոդայիկ չէ խոսել ինքնորոշման իրավունքի մասին»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ 1992-1998թթ. Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը:

Վերջինիս խոսքով՝ «ինքնորոշման» քաղաքական ձևակերպումները տրվել են 18-րդ դարի վերջից, և հետագայում պետական սահմանները գծվում էին ինքնորոշման իրավունքի հիման վրան:

«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ինքնորոշման իրավունքն օրինականացրեց գաղութների ազատագրումը: Հիմա որ 200-ից ավելի պետություն կա, դրա կեսը ձևավորվել է վերջին 100 տարում և բոլորը՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Նույն Արցախյան հիմնահարցի շրջանում աշխարհում մի քանի երկրներ ինքնորոշվեցին՝ կիսաճանաչված Կոսովոն, Էրիթրեան, Արևելյան Թիմորը: Նույն Չեխիայի և Սլովակիայի առանձնացումը հեշտ բան չէր: Պատերազմից առաջ Հիտլերը ստիպեց, որ չհարգվի սլովակների ինքնորոշման իրավունքը, և խեղդելով պարտադրեց, որ Չեխիան ու Սլովակիան միացյալ պետություն լինեն»,- ասաց Արա Սահակյանը:

Նախկին դեսպանը նաև նշեց, որ, ի վերջո, Խորհրդային Միության փլատակների վրա հենց ինքնորոշման իրավունքը ստեղծեց 15 պետությունները, նույնը՝ Հարավսլավիան:

Կարդացեք նաև

«Ինքնորոշումը ժողովրդի իրավունքն է՝ տնօրինելու իր ճակատագիրը՝ քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, մշակութային և այլն: Այդ ինքնորոշումը կարող է լինել որպես առանձնացում և նոր պետության ստեղծում, միացում մեկ այլ պետության և ինքնավարության տարբեր աստիճաններ: Ինչո՞ւ ինքնավարության թշնամիները՝ ՔՊ-ն, ոչինչ չարեցին, որովհետև նրանք չուզեցին պաշտպանել վերջին կործանարար պատերազմից հետո Արցախում մնացած մարդկանց իրավունքները: Երբ ասում էր՝ որոշ պետություններ, արտաքին ուժեր Արցախը որպես թոկ էին դրել մեր պարանոցին, շատ տգեղ էր: Նա ստորաբար և գիտակցված նսեմացնում է Արցախի ժողովրդի ազնիվ, անկեղծ պոռթկումը, որ նա ուզում էր իր Մայր հայրենիքի հետ կապ ունենար, որ կարողանար հայկական հեռուստատեսության հաղորդումներ դիտել առանց սահմանափակումների, որ հայկական մշակույթը զարգանար, որ Արցախի ամբողջ տարածքում մի եկեղեցի լիներ գործող, որ չկար»,- ասաց քաղաքական գործիչը:

Վերջինս նկատեց՝ արցախցիները ոտքի են կանգնել ոչ թե ռազմական ճանապարհով հարցեր լուծելու. նրանք խաղաղ հանրահավաք են արել և խաղաղ ձևով իշխանության բարձրագույն մարմնի որոշմամբ դիմել են ԽՍՀՄ բարձրագույն իշխանությանը:

«Ասել են՝ դու որոշի՛ր, Ադրբեջան, դու էլ համաձայնի՛ր, որ տեղափոխվենք Հայաստանի տարածք: Ի՞նչ պատասխանեց Ադրբեջանը դրան՝ Սումգայիթով: Այն, ինչ Ադրբեջանը այս ՔՊ-ական իշխանության շնորհիվ արեց 2020-21-22թթ., փորձում էր անել 1988թ.: Բայց չկարողացավ անել, որովհետև Հայաստանում ՔՊ-ական իշխանություն չկար: Նույնիսկ կոմունիստները դա թույլ չտվեցին»,- ասաց նա:

ԱԺ նախկին փոխնախագահը նկատեց՝ Հայաստանն ամենաքիչը կարող էր ասել՝ ես հրաժարվում եմ, ի զորու չեմ ձեզ օգնել, բայց հանձնել իրավունք չուներ:

«Նա կարող էր ասել՝ սիրելի արցախցինե՛ր, ժողովուրդը, ինչ-որ հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ կարող են ձեզ օգնել, դրսից կարող են օգնել, բայց մենք պետականորեն կաշկանդված ենք, գտնվում ենք մեր սպոնսորների կողմից սահմանափակումների մեջ, և մենք ձեզ երաշխավոր չենք կարող լինել: Բայց ասել, թե դու ում ես պատկանում… Եթե դու իրեն ոչնչով չես կարող օգնել, ինչո՞ւ ես դու իր ճակատագիրը տնօրինում: Համ չես օգնում, մի բան էլ վնաս ես տալիս: Թողնեիր հանգիստ, թող իրենք գնային, Ադրբեջանի հետ լեզու գտնեին, թող իրենք գտնեին արտաքին միջնորդներ… Չարագործություն է կատարվել, շա՜տ մեծ չարագործություն: Մի բան է, որ եկել, մեր հողերը գրավել են, բայց մեկ այլ բան, երբ հայոց գահին նստած մարդն է դա արել՝ ամեն կերպ դյուրացնելով ագրեսորի գործը… Որովհետև նրա նպատակն իր հակառակորդներին ադրբեջանական «արդարադատությանը» հանձնելն է: Ալիևին ասում է՝ ես քեզ այդքան օգնեցի, հիմա դու ինձ կօգնես, որ պահեմ իմ իշխանությունը: Նա ուզում է հանձնել, որպեսզի հավերժացնի իր իշխանությունը: Եվ սա է պատճառը, որ պետք է օր առաջ ազատվել նրանից: Այլևս հանդուրժելու տեղ չկա: Մեր մեջ մնացել է մի համոզում՝ այս չարիքը պետք է վերացնել»,- ասաց Արա Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս