Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ սահմանների բացմանը դեմ չի եղել, նախաձեռնել է «ֆուտբոլային դիվանագիտությունը», Թուրքիան նախապայմաններ դրեց, Սերժ Սարգսյանն էլ այդ արձանագրություններն ուղարկեց գրողի ծոցը. Շարմազանովի պատասխանը՝ Արման Եղոյանին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը Խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձել է միջազգային առևտրի առարկա, և հարցադրում արել՝ ո՞րն է դրա վերջնանպատակը, երբ բավարար ռեսուրս է ծախսվել: ՔՊ պատգամավորը պնդել է նաև, որ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի եղել ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ իշխանության ներկայացուցչի ձևակերպումներին և առաջ քաշած թեզերին:
«Նորություն չէ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրաժարվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դիտարկել որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Բայց այսօր ՔՊ-ական երեսփոխանի ելույթին չեմ կարող չանդրադառնալ, դա ես դիտարկում եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական դիրքորոշում։
Նա փորձել է կասկածի տակ դնել Ցեղասպանության միջազգային ճանաչման նպատակը՝ հարցադրում անելով, թե վերջնարդյունքը ո՞րն է, ի՞նչ է դա տվել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։ Սրանով նա փորձում է զրոյացնել այն ջանքերն ու արդյունքները, որոնք ձեռք են բերվել տասնամյակների ընթացքում։ Հիմա նախ ֆիքսենք՝ ինչ է Ցեղասպանությունը:
Առաջին, ցեղասպանությունը դա ոչ միայն առանձին ազգի կամ էթնիկ խմբի դեմ իրականացված ոճրագործություն է, այլև հանցագործություն՝ ընդդեմ համամարդկային արժեքների։ Այն բացարձակապես դատապարտելի է։ Պատահական չէ, որ ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև, օրինակ, Հոլոքոստի պարագայում մենք ունենք միջազգային ճանաչման և դատապարտման մեծ շղթա։ Այսինքն, առաջադեմ մարդկությունը պետք է դատապարտի ցեղասպանությունները։
Երկրորդ, Հայոց ցեղասպանության դեպքում դեռևս 1915 թվականի մայիսի 24-ին Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները հայերի զանգվածային սպանություններն անվանեցին «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»,- նշեց նա:
Անդրադառնալով Եղոյանի մյուս թեզին, թե իբր իրենք առաջինը չեն, որ հրաժարվել են Ցեղասպանության ճանաչումը դիտարկել որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն, և, որ 1991-1998 թթ. Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք էլ դա պետական առաջնահերթություն չի եղել, Շարմազանովն ասաց.
«Իհարկե, դա այդպես է, բայց այստեղ կա մի մեծ բայց. ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի վարչակարգի և Նիկոլ Փաշինյանի, ՀՀ առաջին իշխանությունը՝ Տեր-Պետրոսյանի, չի ասել, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգն օտար նարատիվ է, ներմուծված է ուրիշ տեղերից՝ ակնարկելով ռուսներին: Առաջին նախագահի իշխանությունը չի ասել՝ դեռ պետք է հասկանանք, թե Ցեղասպանությունն ինչու և ոնց է եղել, դրա պատճառները, ՔՊ-ական մեկ այլ երեսփոխանի նման չի ասել, թե մենք դեռ 1.5 միլիոն նահատակների անունները պիտի առանձին-առանձին հանենք, այսինքն, հարցականի տակ չի դրել: Զուգահեռներն անհամատեղելի են: Այո, և՛ Տեր-Պետրոսյանի, և՛ Նիկոլ Փաշինյանի օրոք այդ հարցը չի եղել առաջնահերթություն, բայց Տեր-Պետրոսյանը Փաշինյանի նման չի ասել՝ ինչի՞ 1930-ականներին Ցեղասպանությունից չէին խոսում, այլ 1950-ականներից սկսեցին խոսել»:
«ՔՊ-ական պատգամավորն ասում է՝ ՀՀ խնդրանքով որևէ պետություն չի ճանաչել, և, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ունի մի քանի պատճառ՝ դա հայկական սփյուռքն է, տվյալ երկրների՝ Թուրքիայի հետ հարաբերությունները, այսինքն, ըստ նրա, երբ այս հարցը դարձել է քաղաքական օրակարգի առաջնահերթություն, ոչ մի օգուտ չի տվել:
Ցեղասպանության դատապարտման ու ճանաչման գլխավոր նպատակն անցյալի ոճրագործությունները դատապարտելն է, որ նոր ոճրագործություններ չկրկնվեն: Ե՛վ Համահայկական հռչակագրում, և՛ 2015 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի, և՛ Հանրապետական կուսակցության ամբողջ պաշտոնավարման շրջանում կանխարգելման լավագույն լուծումը եղել է դատապարտումը, որովհետև եթե դու անցյալի հանցագործությունները չես դատապարտում, վտանգ կա նոր հանցագործությունների, ոճրագործությունների։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը 2020 թվականից հետո փոխեց իր կուրսը ցեղասպանության ճանաչման գործում, 2023 թվականին տեղի ունեցավ նոր ոճրագործություն:
Լատվիայի պարագայում դա գործընթաց էր, որը սկսվել է իմ օրոք։ Ու բարեբախտաբար, Հայաստանի Հանրապետությունը մենակ իշխանությունը չէ, նաև ընդդիմադիր ուժեր կան։ Ընդդիմադիր ուժերն ունեն իրենց կապերը, և մեր գործընկերների հետ մինչև վերջ կապի մեջ են եղել՝ և՛ Պոտապկինի, և՛ Ինեսեի, և՛ Կլեմենտևսի հետ՝ Լատվիայի խորհրդարանի, որոնք էլ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Արցախի ժողովրդի էթնիկ զտումով Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքերն ազատվեցին։ Արդյունքում՝ այսօր Արցախում հայ չկա։ Ո՞րն է եղել վերջնարդյունքը, Ցեղասպանության միջազգային ճանաչման վերջնարդյունքը միջազգային հանրության կողմից այդ հանցագործության դատապարտումն է՝ ինչպես եղավ Հոլոքոստի դեպքում, որպեսզի նոր ոճրագործություններ չկրկնվեն։ Սա է հստակ նպատակ: Իսկ երբ իրենք դա չարեցին… Ոչ միայն չարեցին, այլև հակառակն արեցին։ Ականատես եղանք, թե ինչպես դա բերեց Ադրբեջանի նոր ցեղասպան քաղաքականությանը։ Իրենց լռությունը, անգործությունը և, միգուցե, լուռ արդարացումը հանգեցրին նրան, որ այսօր Արցախում հայ չկա»,- ասաց ԱԺ նախկին փոխնախագահը:
Արդյո՞ք Ցեղասպանության ճանաչումը միջազգային առևտրի առարկա չի դարձել, ինչպես ՔՊ-ական պատգամավորն է պնդում, Հանրապետական գործիչն արձագանքեց.
«Ո՞ւմ հետ ենք առևտուր արել. մենք ունեցել ենք մեր հստակ կարմիր գծերը։ Մեզ համար սպառնալիք են Ադրբեջանն ու Թուրքիան, և մենք առաջ ենք տարել մեր օրակարգը։ 2015 թվականին ամբողջ աշխարհի հզորները՝ Հռոմի պապը, Պուտինը, Օլանդը, ավելի քան 100 պատվիրակություններ այստեղ էին։
Էլ չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանն իրեն համարում է «ժողովրդավարության բաստիոն»։ Բա ժողովրդավարության բաստիոնն ինչպե՞ս կարող է իր առաջնահերթությունը չհամարել մարդկության և հայ ազգի դեմ իրականացված ոճրագործության դատապարտումը։ Չէ՞ որ ժողովրդավարության հիմքը մարդու իրավունքներն են, իսկ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գլխավոր նպատակը հենց դա է եղել՝ դատապարտել և կանխարգելել, որպեսզի Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքերն ազատ չլինեն անելու այն, ինչ ուզում են։
Հաջորդը՝ Եղոյանն իր խոսքում ակնարկում է փակ սահմանների մասին։ Հարգելի ՔՊ-ականներ, սահմանները ո՞վ է փակել։ Դեռևս Առաջին նախագահի օրոք՝ 1993 թվականին, Քարվաճառի օպերացիայից հետո սահմանը փակել է Թուրքիան, սա հանրահայտ փաստ է։ Հայաստանի որևէ իշխանություն, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը, Թուրքիայի հետ սահմանների բացմանը դեմ չի եղել, ավելին, Սերժ Սարգսյանը նախաձեռնել է «ֆուտբոլային դիվանագիտությունը»՝ առանց նախապայմանների հարաբերության հաստատում: Թուրքիան նախապայմաններ դրեց, Սերժ Սարգսյանն էլ այդ արձանագրություններն ուղարկեց գրողի ծոցը։
Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում (2008–2018 թթ.) ոչ միայն Ցեղասպանության միջազգային ճանաչումն է նոր թափ հավաքել, այլ նաև իրականացվել է ժխտողականության քրեականացում մի շարք երկրներում։ Այդ թվում՝ նաև ձեր խոնարհ ծառայի ջանքերով Կիպրոսը քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը։ Կիպրոսի տարածքում իրավունք չունեն ժխտել Հայոց ցեղասպանությունը, դա քրեականացված է, և դրա նպատակը նույնպես կանխարգելումն էր։
Չի կարող ժողովրդավարական պետությունը չդատապարտի մարդկության դեմ իրականացված անցյալի ոճրագործությունը, երբ, քանի դեռ անցյալի ոճրագործությունները դատապարտված չեն, նոր ոճրագործությունների վտանգ կա, ինչն էլ եղավ Արցախի պարագայում։ Եղոյանի հարցի պատասխանը հենց սա է՝ երբ որ Հայաստանի իշխանությունը լռում է, գալիս է նոր աղետ: Ցեղասպանության միջազգային ճանաչումը բխել է հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության անվտանգությունից, որ հեռու պահվեն Թուրքիայի ձեռքերն Արցախից»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Ընդդիմադիր գործիչը նկատեց՝ «Ասում են՝ «դա ոչինչ չէր տալիս»։ Բա ո՞նց է, որ երբ գնում ենք միջազգային այդ համաժողովներին, տեսնում ենք, թե ինչպես է Թուրքիայի ու Ադրբեջանի ամբողջ դիվանագիտական կորպուսը լցված այն երկրների պառլամենտները, որտեղ քննարկվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։ Բա ինչո՞ւ են այդպես անում, եթե դա «ոչինչ չի տալիս»: Մի հատ բան էլ ասում է՝ «դե, մեր իշխանության օրոք էլ է Ցեղասպանությունը ճանաչվել»։ Ձեր իշխանության օրոք ճանաչվել է, նախևառաջ, որովհետև եղել է հայկական սփյուռքը՝ Հայ Դատը:
«Ինչ վերաբերում է Լատվիայի պարագային, դա գործընթաց էր, որը սկսվել է իմ օրոք։ Բարեբախտաբար, Հայաստանի Հանրապետությունը միայն իշխանությունը չէ. կան նաև ընդդիմադիր ուժեր, որոնք ունեն իրենց միջազգային կապերը։ Մենք մեր գործընկերների հետ մինչև վերջ կապի մեջ ենք եղել, ինչի արդյունքում էլ Լատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
Հանրապետական կուսակցությունն իր բոլոր ռեսուրսներն օգտագործել է թե՛ EPP-ում (Եվրոպական ժողովրդական կուսակցություն), թե՛ Ռուսաստանում, թե՛ Հնդկաստանում, թե՛ Չինաստանի կոմկուսի հետ շփումներում։ Ամենուր, որտեղ խոսել ենք, սպասարկել ենք Հայաստանի Հանրապետության և Արցախի շահը։
Եվ հիմա կանգնել ու ասել՝ «ի՞նչ տվեց, վերջնարդյունքը ո՞րն է»… Սա նման է նրան, որ ասես՝ «եթե պիտի մեռնես, էլ ինչո՞ւ ես ծնվել»։ Դա հիմար մոտեցում է։
Հրեա ժողովորդը կամ Իսրայելը, որ դատապարտում են Հոլոքոստը, ի՞նչ է, դա ոչինչ չի՞ տալիս։ Իսրայելի պառլամենտում եթե մեկը նման բան ասի, հասարակությունը նրան անարգանքի սյունին կգամի»,- նկատեց Էդուարդ Շարմազանովը:
Այս համատեքստում Շարմազանովը ևս մեկ անգամ կրկնեց, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը մարդու իրավունքների պաշտպանության հարց է, ուստի մարդկության դեմ իրականացված ոճրագործությունները պիտի դատապարտվեն: Երկրորդ, դա նոր հանցագործությունների կանխարգելման նպատակ ունի, որն իշխող կուսակցությունը չկանխեց, և տեղի ունեցավ էթնիկ զտում Արցախում:

