Դասական երաժշտությունը միշտ էլ ավելի ընտրովի հասարակության համար է․ Անուշ Նիկողոսյան

168am-ի զրուցակիցը ջութակի մի շարք միջազգային մրցույթների հաղթող, ավստրիական «International Kärntner Sparkasse Wörthersee» մրցույթի առաջին մրցանակակիր Անուշ Նիկողոսյանն է։

Ջութակի հետ Ձեր «ծանոթությունը» սկսվել է 5 տարեկանից, ընդ որում՝ սերն արթնացել է քույրիկի ուսուցչի շնորհիվ։ Մինչ այդ ցանկություն չի՞ եղել նվագել երաժշտական որևէ գործիքով։

– Ճիշտ եք։ Մինչ այդ Հայաստանում ծանր տարիներ էին, 1990-ական թթ․ սկիզբն էր, բայց ծնողներս շատ էին սիրում երաժշտություն։ Հայրս ակորդեոն, դաշնամուր էր նվագում տանը, իսկ ԱՄՆ աշխատանքի մեկնելուց և վերադառնալուց հետո բերում էր շատ սկավառակներ, որոնց մեջ էին Արամ Խաչատրյանի, Մենդելսոնի ջութակի կոնցերտները։ Ամեն դեպքում, իմ լսողության մեջ գուցե եղել է այդ երաժշտությունը, բայց մինչև 5 տարեկանը չէի կարող պատկերացնել, որ այդ երջանկությանը կարող եմ արժանանալ։

Կարդացեք նաև

Սկզբում երաժշտական ցանկացած գործիքի հետ շփումը բարդ է լինում։ Դուք ինչպիսի՞ դժվարությունների հանդիպեցիք։

– Պետք է ասեմ, որ առաջին օրվանից մոտեցումն այնքան լուրջ էր, որ երբ մի քանի անգամ հարցրեցին՝ տիկնի՞կ եմ ուզում, թե՞ ջութակ, ես պնդեցի, որ՝ ջութակ, ու ինձ համար 20 դոլարով ջութակ գնեցին։ Դա այն ժամանակների համար ներդրում էր։ Շնորհակալ եմ մայրիկիս, որովհետև առաջին օրվանից շատ ժամանակ է ինձ տրամադրել, ու դժվարությունները հիմա չեմ մտաբերում։ Հիշում եմ, որ երբ կես տարի հետո արդեն պետք է ընդունվեի երաժշտական դպրոց՝ հայտնաբերեցին, որ բացարձակ լսողություն ունեմ։ Հիմա, երբ տղաս է հաճախում ջութակի, Ձեր ասած դժվարությունները հասկանում եմ․ նոտա սովորեցնելը փորձում ենք, որ սահուն ստացվի։ Փորձում եմ հետևողական լինել, որ նոտան կարդալով նվագի, այլ ոչ թե լսողությամբ կամ իմ ասելով։

– Ջութակի բարդություններից է՝ ձեռքի և մեջքի ցավը։ Խուսափել հնարավո՞ր է։

Առաջին օրվանից շատ եմ պարապել՝ ամենաքիչը 2 ժամ։ Մայրիկս ասում է՝ երբ հարցնում էի, թե հոգնե՞լ ես, պատասխանում էիր՝ ոչ։ Մեր մասնագիտության մեջ կարևոր է, որ ձեռքերը լարված չլինեն, որովհետև այն հետագայում շատ մեծ խնդիրների կհանգեցնի, այդ թվում՝ մեջքի ծռվածության։

Եթե դաշնակահարների դեպքում նոտաներն իրենց առջև են, ապա ջութակահարների դեպքում (խոսքը մենակատարների մասին է) քչերն են օգտվում այդ հնարավորությունից։ Ինչպե՞ս եք հիշում։

Փոքր տարիքում անգիր նվագելն անգիտակցաբար է լինում։ Երկու օր պարապելուց հետո երեխան մտաբերում է։ Այլ հարց է՝ բեմում անգիր նվագելը։ Այն, իհարկե, ցանկացած երաժշտի մոտ տարբեր է։ Մինչև 25 տարեկանը գուցե դեռ անգիտակցաբար ես նվագում, որից հետո անգիր նվագելը նույնպես դառնում է հատուկ աշխատանք։ Ամեն դեպքում անգիր նվագելը չեմ համարում կյանքի նպատակ, որովհետև շատ մարդիկ նվագում են անգիր, սակայն ասելիք չունեն։ Կարևոր է այն, թե արդյո՞ք նվագն ունի արտահայտիչ ձայն։

Պատկերացրեք, խոսել եմ շատ հայտնի ջութակահարների, դաշնակահարների հետ, ովքեր կոնցերտներ են նվագում, և բոլորի համար անգիր սովորելն ու ելույթ ունենալը նույնպես լրացուցիչ աշխատանք է։

– Սկզբնական շրջանում որքա՞ն ժամանակ էիք հատկացնում պարապմունքին, հիմա՝ որքա՞ն։

Երկու ժամից ոչ պակաս, իսկ տարիների ընթացքում՝ 4-5 ժամ։ Ուղղակի չեմ հիշում, որ դա ինձ համար դժվարին, տհաճ աշխատանք է եղել։ Չի եղել այնպիսի օր, որ չպարապելու արդարացում լինի։ Իմ հանգստի ժամերը դպրոց գնալու ընթացքն էր, երբ 4-5 ժամ չէի պարապում։

– Հիմա երբ երեխաները հոգնում են, չեն ուզում պարապել՝ ծնողներն ասում են՝ չես ուզում՝ մի գնա այստեղ, չես ուզում՝ մի գնա այնտեղ։ Սա ճի՞շտ եք համարում։ Եթե ծնողը չուղղորդի՝ կարո՞ղ ենք կորցնել տարբեր ոլորտների լավագույն մասնագետների։

Տեսեք, ինձ մոտ եղել է պատասխանատվության բարձր զգացում, և այդ «չեմ ուզում» բառը չեմ ասել, քանի որ առաջին օրվանից կարծում էի, որ դա իմ մասնագիտությունն է։ Իսկ ընդհանուր առմամբ դժվար հարց է։ Ծնողը պատասխանատվություն է վերցնում իր վրա։ Բայց կարող եմ մեկ բան ասել՝ 5-8 տարեկան երեխան ինքնուրույն երբևէ հաճույքով չի պարապի։ Սպորտի նման սա էլ կարգապահության կարիք ունի։ Օրինակ, եթե 2-3 տարի հետո նկատենք, որ տղաս չի սիրում կամ արդյունք չկա, ճիշտ ժամանակին ճիշտ որոշում պետք է կայացնել և ասել, որ տաղանդն ուրիշ տեղ է։

– Ձեր հին տեսանյութներից մեկն էի դիտում, Մենդելսոնի «Ջութակի կոնցերտն» էիք կատարում և որպես մենակատար էիք հանդես գալիս։ Միշտ ցանկացե՞լ եք մենակատար լինել, հայտնի դառնալ։

– Երևի թե փոքր ժամանակ երազել եմ հայտնի լինել, ու այդ կոնցերտն ինձ համար երազանք էր։ Տարիների հետ երազանքներն ու մասնագիտության հանդեպ երազանքները փոխվում են։ Այս պահին չեմ կարող ասել, որ ձգտում եմ հայտնիության կամ մենակատար լինելուն, բայց կափսոսեմ, եթե չնվագեմ ջութակի կոնցերտները, սոնատները։

Բոլոր ջութակահարները սիրում են հայտնիների գործիքները գնել և նվագել։ Ո՞ւմ է պատկանում Ձեր ջութակը։

– Հիմա պատիվ ունեմ նվագելու Հայաստանի պետական հավաքածուից Գվադանինի 1752թ․ պատրաստված ջութակով։ Զուգահեռաբար նվագում եմ նաև ֆրանսիական ջութակով․ հրաշալի ձայն ունի։ Իհարկե, ձայնը կապված է ջութակի որակի, բարձր հնչողականության հետ, բայց ջութակը մեզ հնարավորություն է տալիս արտահայտել այն, ինչ ուզում ենք։ Բայց ասել, որ երազել եմ ունենալ այս կամ այն գործիքը, նման բան չի եղել։ Գուցե այնքան երջանիկ եմ, որ պատիվ եմ ունեցել նվագել լավ գործիքներով։

– Համաշխարհային ո՞ր երաժիշտների հետ կցանկանայիք դուետով հանդես գալ։

– Կամերային երաժշտության փառատոնի շրջանակում Հունաստանում պատիվ ունեցա նվագել անգլիացի հայտնի թավջութակահար Սթիվեն Իսերլլիսի հետ։ Սա ինձ համար երազանքի իրականացում էր։

– Շատ ջութակահարներ նվագում են կոմերցիոն երաժշտություն, որն իրենց հայտնի կդարձնի։ Նման մտադրություն ունեցե՞լ եք։

– Որպեսզի ինչ-որ երաժշտություն նվագեմ՝ պետք է այն շատ սիրեմ։ Կոմերցիոն երաժշտության մեջ այդ սիրո աղբյուրը չեմ գտնում։ Իհարկե, տարիների ընթացքում ձևավորվել է սկզբունքայնություն, որ միայն լուրջ երաժշտությամբ պետք է զբաղվեմ, և ամիսներ առաջ հիմնեցի «Ավետիս» լարային քառյակը։ Սկզբունքային հարց է, որ կվարտետային ժանրին Հայաստանում սկսեն լրջորեն մոտենալ։

– Ինչո՞ւ «Ավետիս», և երաժշտությունն ինչպե՞ս եք հասանելի դարձնում հասարակության լայն զանգվածին, որտե՞ղ եք հանդես գալիս։

– Դասական երաժշտությունը միշտ էլ ավելի ընտրովի հասարակության համար է՝ համեմատած երաժշտական այլ ժանրերի հետ։ Այնպես որ, ինչքան էլ փորձենք գովազդել, միևնույն է՝ սեղմ է լինելու այդ զանգվածը։ Իսկ թե ի՞նչ կարող եմ անել, որպեսզի երաժշտությունը հասանելի դարձնեմ, կարծում եմ, հանդիսատեսը համերգից հետո մեծ ապրումներ պետք է ունենա։ Եթե նվագենք առանց սիրելու՝ որևէ մարդու հոգում հետք չի թողնի, և նա չի վերադառնա համերգասրահ։

Նվագում ենք դպրոցներում, մարզերում և, կարծում եմ՝ այս պահին Հայաստանում տիրող իրավիճակը դասական երաժշտությանն ուղղակի նպաստող է։ Նվագախմբային փառատոնը, Երևան պատանեկան նվագախմբի ստեղծումը, կարծում եմ, շատ ընտանիքների բերում է դեպի դասական երաժշտություն։

Ինչ վերաբերում է խմբի անվանը, ուզում էինք գեղեցիկ հնչեր ցանկացած լեզվով, չաղավաղվեր, գեղեցիկ նշանակություն ունենար, ինչպես բարի լուր։

– Երաժշտական կարիերայի այս ընթացքը միշտ ուղեկցվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի օգնությամբ։ Շատ հայ կանայք, երբ ամուսնանում են, ամուսինը նրանց պատկերացնում է տանը, խոհանոցում։ Թեթև նախանձ կա, չեն ուզում կինն առաջ գնա։ Եթե Ձեզ խանգարեին, ի՞նչ կլիներ Ձեզ հետ։

Կյանքի տարբեր ժամանակներ մասնագիտության հանդեպ մոտեցումս տարբեր է եղել։ Ինձ համար տարիներ առաջ ընտանիքն էր առաջին տեղում, հիմա էլ է այդպես, բայց կային պահեր, երբ կարող էի հանձնվել, մտածել, որ տնային տնտեսությունը, խոհարարությունը գրավում է, բայց ամուսինս բարձր է գնահատել իմ կատարումները, ոգևորել է։ Կյանքի այս փուլում երաժշտության մեջ այլ իմաստներ եմ գտնում ու շատ կափսոսեի, որ սա չլիներ, քանի որ վերաիմաստավորվել է երաժշտության ընկալումը։

Երիտասարդ աղջիկներին խորհուրդ կտայի զբաղվել այն գործով, որը շատ են սիրում։ Եթե տարիներ առաջ անիրական էր թվում «Պետք է այնքան սիրես քո գործը, որ չթվա, որ աշխատում ես» արտահայտությունը, հիմա դա այնքան ռեալ է, որ պարապելիս, փորձերին ընդհանրապես չեմ հոգնում։ Եթե յուրաքանչյուր կին հնարավորություն ունի զբաղվել այն գործով, ինչն իրեն դուր է գալիս, կարծում եմ, երբևէ չի էլ համաձայնի այն թողնել՝ նույնիսկ հանուն ընտանիքի։ Եթե աղջիկները մինչև ամուսնանալը կարողանան կայանալ, ունենալ սիրելի զբաղմունք, աշխատանք, դա շատ հարցեր կլուծի, և իրենց ընտրությունն ավելի ճիշտ կլինի։

Տեսանյութեր

Լրահոս