
Ինչ կարելի է Մակրոնին, չի կարելի Լավրովի՞ն. Ինչո՞ւ Լավրովը չի կարող միջամտել ՀՀ ներքին գործերին, իսկ Մակրոնը՝ ընդհակառակը

Հայաստանի Հանրապետությունում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր դասի դեմ իշխանության գործողություններին հետևում են նաև ՀՀ գործընկեր երկրներում ու արձագանքում:
Նախօրեին համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արած գրառումը X հարթակում:
Նա մասնավորապես գրել էր. «Շատ լավ հեռախոսազրույց ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայտնեցի Ֆրանսիայի համերաշխությունը՝ ի պատասխան Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի։ Նաև վերահաստատեցի մեր աջակցությունը նրա խիզախ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Խաղաղությունը և բաց սահմանները կարևոր զարգացում կլինեն ամբողջ տարածաշրջանի համար և, օրինակ, դրա սահմաններից անդին»։
Որևէ մեկի մոտ հարց չծագեց, թե ինչի՞ն էր ուղղված Մակրոնի գրառումը և ՀՀ ներքաղաքական իրադարձությունների ֆոնին ի՞նչ խնդիր էր փորձում լուծել:
Հունիսի 30-ին էլ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր նշել, թե Հայաստանում տիրող իրավիճակը երկրի ներքին գործն է, սակայն եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են առաջացնում։
«Հասկանալի է, որ դա մեր հարևանների ներքին գործն է, բայց, անկասկած, կանոնիկ, հազարամյա Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առիթ են տալիս։ Եկեղեցին ավանդաբար եղել է հայ հասարակության հիմնական հենասյուներից մեկը, և մենք չէինք ցանկանա, որ այդ եկեղեցին չարդարացված հարձակումների ենթարկվի` ըստ էության առանց որևէ լուրջ հիմքի»,- ասել է նա։
Լավրովը նշել էր, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի այս հակամարտությունը, այս իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի՝ ՀՀ սահմանադրության, հավատացյալների իրավունքների և մարդու ցանկացած այլ իրավունքների լիակատար հարգանքի հիման վրա։
Մի փոքր այլ տոնայնությամբ և շեշտադրումներով, սակայն դիվանագիտական ձևակերպումներով պարուրված, երեկ Եվրամիության արտաքին անվտանգության և քաղաքականության հարցով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը Երևանում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց, թե Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարության սկզբունքներին կենսական նշանակություն ունի։
«Այս արժեքները պետք է պաշտպանվեն՝ հատկապես հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության և երկրի ներքին գործերին միջամտելու պայմաններում։ ԵՄ-ն կկանգնի Հայաստանի կողքին՝ ներդրում ունենալու և աջակցելու երկրի դիմադրողականության բարձրացման և ընդհանուր արժեքների ապահովման հարցում»,-ընդգծեց Կայա Կալլասը։
Գաղտնիք չէ, որ վերջերս ՀՀ իշխանությունները տարբեր մակարդակներով ակտիվ խոսում են հիբրիդային պատերազմի մասին, դրանում մեղադրելով Ռուսաստանին: Եվ, ըստ էության, ԵՄ բարձր ներկայացուցիչ Կալլասը երեկ երկրորդեց ՀՀ իշխանություններին՝ իր աջակցությունը հայտնելով ՀՀ իշխանությունների ներքաղաքական ճնշումներին, որոնք բոլորը փաթեթավորվում են, այդ թվում՝ այսպես կոչված, Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի համատեքստում:
Նույն այդ ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արձագանքեց Սերգեյ Լավրովին:
«Պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ և ամբողջական չէ։Եթե չեմ սխալվում, պարոն Լավրովն օգտագործել է «Իշխանությունների պայքար եկեղեցու դեմ» ձևակերպումը։ Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ։ Այն, ինչ նկատի ունի պարոն Լավրովը, հավանաբար վերաբերում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից ՀՀ քաղաքականությանը խառնվելուն և ապօրինի հեղաշրջման փորձերին մասնակցելու կամ նախաձեռնելու երևույթին։ Սա իրավական պրոցես է և սա Հայաստանի ներքին գործն է։ Պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը։ ՌԴ և՛ պաշտոնյաները, և՛ խորհրդարանականները, և՛ մեդիա փորձագետները պետք է մեծ հարգանքով վերաբերվեն ՀՀ ինքնիշխանությանը և այլևս երբեք իրենց թույլ չտան խառնվել մեր ներքին գործերին»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արարատ Միրզոյանը։
Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ, ՀՀ իշխանությունների համաձայն, Լավրովի արձագանքը ՀՀ ներքին գործերին միջամտություն է, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրառումը, ըստ ամենայնի, ոչ:
Երբ խոսքը ՀՀ իշխանությունների գործողություններին աջակցելու մասին է, ապա միջամտություն չկա, երբ այլ երկրների պաշտոնյաների հայտարարություններում կան ՀՀ իշխանությունների գործողություններին չաջակցելու տարրեր, ապա դա միանշանակ միջամտություն է:
Եթե Սերգեյ Լավրովի արձագանքը ՀՀ ներքին գործերին միջամտություն է, ապա միջամտություն է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի X-յան գրառումը, որն աջակցություն էր Փաշինյանի ներքաղաքական վերջին բոլոր աղմկահարույց միջոցառումներին, որոնք այդ թվում՝ վիրավորում են հարյուր-հազարավոր հավատացյալների զգացմունքները:
ՀՀ իշխանություններին պետք է հիշեցնել, որ միջամտությունը միջամտություն է՝ անկախ նրանից՝ միջամտում են Ռուսաստանի՞ց, թե՞ Արևմուտքից, և երկակի չափանիշներով առաջնորդվել ու ցույց տալ, թե Ռուսաստանը միջամտում է, իսկ Արևմուտքը՝ ոչ, չի ստացվի: