Հենց Նիկոլի պնդմամբ՝ Էրդողան-Փաշինյան լուսանկարում ցեղասպանն է և նա, ում ցեղասպանելու են․ Կարեն Բեքարյան

Ի՞նչ կարգի ելույթ պիտի ունենար Փաշինյանը, որ որևէ մեկը նրան լուրջ ընդուներ։ Նրան լուրջ չընդունելու խնդիրն այնքան է խորացել, այնքան երկար տևողություն ունի, որ անգամ լավ տեքստի դեպքում ՄԱԿ-ի ամբիոնը նրան չէր փրկելու։ Բոլորը վաղուց շատ լավ հասկացել են, որ Փաշինյանին լուրջ ընդունելու հիմք չկա, և նրա մի պարբերությունը կարող է մյուսին հակասել և անլրջացնել ցանկացած բովանդակություն, առավոտյան կարող է մի բան ասել, ցերեկը՝ մեկ այլ, երեկոյան՝ լրիվ ուրիշ, հաջորդ օրն ասի՝ ամբողջը մոռացեք։ Սա ընկալել է ամբողջ աշխարհը, և ոչ նոր։ Այս անլուրջ կեցվածքի, պահվածքի, ձեռագրի տևողությունը բավական երկար է, հետևաբար՝ ՄԱԿ-ում ներկա առաջնորդներ, ունկնդիրներ չկային, որոնք որևէ բան պիտի չափեին նրա ելույթով։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը:

«Խոսքի արժեքը, առավել ևս՝ պետությունների ղեկավարների դեպքում, շատ բարձր է, լուրջ գին ունի։ Երբ այդ խոսքի արժեքը զրոյացվում ու անլրջացվում է, դրանից հետո այն վերականգնելը նույն անձի պարագայում ուղղակի հնարավոր չէ։ Հետևաբար՝ դժվար է պատկերացնել, թե ՄԱԿ-ում նա ում վրա ինչ տպավորություն պիտի թողներ։ Եթե աշխարհին հանգիստ թողնենք և դիտենք մեր հանրության, աշխարհով մեկ սփռված հայության աչքերով, աղետ է, երբ համեմատում ես՝ ի՞նչ ակնկալիք ունես քո պետության վարչապետի աթոռը զբաղեցնողից, և ինչի՞ ես ականատես լինում, և դարձյալ՝ այդ աղետը նոր չէ»,- ասաց վերլուծաբանը:

«Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որի գերակա եղելությունը հետևյալն է՝ Հայաստանն ունի իշխանություն, որն ուղղակիորեն և ամենօրյա ռեժիմով սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը, կապ չունի՝ դրա որ մասն է տեսանելի, որը՝ ոչ։ Մենք սրանում լրացուցիչ համոզվելու կարիք ու պատճառ ունե՞նք, չե՞նք տեսնում վերջին տարիների ողբերգական իրավիճակը։ Այստեղ նորություն չկա, դա մենք բազմիցս արձանագրել ենք։ Սրա հետ կապված՝ չափորոշիչները, թեմաները բավականին շատ են։ Եթե կետերով թվարկենք, թե ինչ օրակարգ է սպասարկվում, ինչպիսի արագությամբ և ջանասիրությամբ, ժամանակ առ ժամանակ ինչ կարգի փոխանցումներով խաղ է իրականացվում, ակնհայտ է դառնում, որ մենք դրա մեջ ապրում ենք։ Փաշինյանի և Էրդողանի վերջին կադրերն այս բովանդակության մեջ որևէ բան ավելացնում կամ պակասեցնո՞ւմ են»,- նշեց Բեքարյանը:

Կարդացեք նաև

ԱԺ նախկին պատգամավորի պնդմամբ՝ եթե մեր հանրության որևէ հատված դեռևս չի հասկացել, թե որտեղ է և ինչու, Էրդողան-Փաշինյանը կադրերը կօգնեն՝ էմոցիոնալ առումով ընկալելու դա, եթե միտքը դա չի ընկալել. «Երբ գործընթացից համապատասխան եզրակացությունները չեն արվել, միգուցե այս պատկերը բերի անհրաժեշտ ուղերձը։ Սա դժվար է, քանի որ այն մարդիկ, որոնք մինչև հիմա իրենց մեջ ինչ-որ բանի վրա կասկածում են այս հարցում, արդեն խնդիր է։ Բայց միևնույն է՝ այս կադրերն այդ էմոցիոնալ ֆոնը որոշակիորեն բերում են։ Պետք չէ մեծ երևակայություն՝ համադրելու այդ կադրերը Եռաբլուրի հետ, և կամ՝ Էրդողանի այն հայտարարությունների հետ, որ Թուրքիան 44-օրյա պատերազմի ուղղակի մասնակից է։ Անգամ Ադրբեջանում դրանից նեղվեցին։ Այս օրերին 44-օրյա պատերազմի չորրորդ տարելիցն է լրանում։ Ի՞նչ է անցել՝ տասը, քսան, քառասուն, հարյուր տարի՞, մարդի՞կ են փոխվել»:

«Էրդողանի և Փաշինյանի համատեղ նկարի մի կողմում կանգնած է նա, որը 2020-ի սեպտեմբերի 27-ի իր հայտարարության մեջ ի սկզբանե դնում էր պարտության կոդերը։ Ասում էր՝ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի, նաև ասում էր՝ գալիս են մեզ ցեղասպանելու։ Այսինքն՝ դու պետությո՞ւն ես, թե՞ համայնք։ Ի՞նչ է նշանակում՝ գալիս են մեզ ցեղասպանելու, երբ դու պետություն ես՝ իր բանակով։ Նա, ով գալիս էր, Փաշինյանի հայտարարությամբ, իրեն ցեղասպանելու, կադրի մի կողմում է, մյուս կողմում նա է, որն ասում էր՝ գալիս են մեզ ցեղասպանելու։ Փորձենք այս պատկերները համադրել իրար հետ։ Սա արդեն քաղաքական դաշտի խնդիր չէ։ Էրդողանն իր պատկերացրած լավ ապագայի և ավելի արդար աշխարհի առաջին փորձարկումն իրականացրեց այս տարածաշրջանում՝ մեզ վրա։ Հետո բազմիցս ասաց, որ հենց սա է իր պատկերացրած արդարությունը։ Ո՞ր գիրքն ես սեղմել կրծքիդ»,- ամփոփեց Կարեն Բեքարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս