Համակարգված քանդում են. սրանց դպրոց, կրթություն պետք չէ. բարձրագույն կրթություն չունեցող անձը կարող է դառնալ վարչապետ, բայց 40 տարվա դասվարը չի կարող դասավանդել դպրոցում. Ատոմ Մխիթարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան, կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժության դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ատոմ Մխիթարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Մեր իշխանությունների ձեռագիրը, որ ոլորտում ուզում եք, վերցրեք, նույնն է։ Նրանք որոշակի հանձնարարականներ ստանում են ուղիղ Ադրբեջանից։
- Բոլորս լավ հիշում ենք, որ 2018թ․այս իշխանությունը հայտարարում էր, թե բուհերը պետք է ապաքաղաքականացվեն։ Բայց դրանից մեկ տարի հետո կատարվեց ուղիղ հակառակը։ Այսօրվա կառավարությունն իր սև գործը շարունակում է։ Եթե մենք մինչև 2018թ․ ունեինք որոշ բուհերի հոգաբարձուների խորհրդի նախագահ ՀՀԿ-ականներ, ապա այսօր մենք ունենք ավելի վատ վիճակ, հիմա ՔՊ-ականներն են կառավարում բուհերը։
- Ես գիտեմ՝ ուսանողների շրջանում աշխատանքից ազատված իրենց դասախոսներին ի աջակցություն՝ նախաձեռնվել է ստորագրահավաք։ Այդ դասախոսներն իրենց դասավանդած առարկաներին զուգահեռ՝ ընդլայնում էին ուսանողների աշխարհայացքը։
- 2013-2014թթ․100.854 ուսանող ենք ունեցել։ 10 տարի անց ուսանողների թիվը բոլոր պետական ուսումնական հաստատություններում կազմում է 79.500։ Այսինքն՝ ուսանողների թիվը կրճատվել է 21%-ով, դասախոսական կազմը՝ 15-16%-ով։ Թվերը փաստում են՝ Հայաստանում բարձրագույն կրթությունը զրոյանում է։ Ուսանողները չեն գնում տեղական բուհեր, և սա այն դեպքում, երբ բուհ ընդունվելու շեմն էականորեն նվազել է։
- Այս իշխանությունները որոշ դեպքերում եթե ուզում են ինչ-որ դասախոսի հանել որևէ բուհից, ուղղակիորեն հանում են նրա կողմից դասավանդվող առարկան։ Ու դրանով հասնում են 2 նպատակի՝ դաստիարակել անդեմ մարդիկ և այնպես անել, որ ազատվեն այն դասախոսներից, ովքեր կարող են խոչընդոտել դրան։ Սկզբում մտածում էի՝ պատահականություն է, բայց հիմա վստահ եմ, որ դա արվում է հատուկ ու մտածված և հրահանգով։
- Որոշակի այլ գործոններ կան, որ ազդում են այդ որոշումների վրա։ Երբ մարդիկ ստրկամիտ են լինում, մի բան էլ ավելին են անում, քան իրենցից պահանջվում է։
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն «Ամառային դպրոց» ծրագրի մասնակից դեռահասների առաջ մենախոսությամբ հանդես գալով՝ խոսում էր կրթության, դպրոցի, ուսուցիչների մասին և իր բոլոր դատողությունները եզրափակում էր իր գլխում ծագած այն մտքով, որ կրթության, դպրոցի, ուսուցչի առաքելությունը երեխային իր հմտությունները վաճառել սովորեցնելն է։ Ամենակարևոր բաները՝ վաճառել և հարստանալ, փաստորեն, հայտարարեց Փաշինյանը: Դրանք են Արցախը հանձնողի, Հայաստանի տարածքները հանձնողի արժեհամակարգը:
- Ըստ նրա այդ արժեհամակարգի՝ կրթական համակարգ նույնիսկ պետք չէ, վաճառել սովորելու համար կրթական համակարգի կարիք չկա, ո՞ւմ է պետք դպրոցը… Շուկայում վաճառելու համար կրթություն պետք չէ։

- Այս տարի դպրոցներում 13 անուն դասագրքեր առհասարակ չեն լինելու, ու ցավոք, դրա պատասխանատուն չկա։ Նախորդ տարի այդ դասագրքերի թիվը 11 էր: Դա նշանակում է, որ երեխաներն այդ դասերն ընդհանրապես չեն յուրացնելու։ Ուսուցիչները չգիտեն՝ ինչպես են դասավանդելու։ Ու սա ազդելու է կրթության որակի վրա, որն առանց այդ էլ զարհուրելի ցածր մակարդակի վրա է։ Համատարած անգրագիտություն է։ 10 երեխայից մեկը, ըստ վիճակագրության, դպրոց չի գնում։
- Անընդհատ հայտարարում են ուսուցիչների բարձր՝ 400.000 դրամ աշխատավարձերի մասին: Մենք հարցում արեցինք՝ պարզելու, թե քանի՞ ուսուցիչ է ստանում այդքան թմբկահարված 400.000 դրամ աշխատավարձը։ Նախորդ ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի դրությամբ այդ ուսուցիչները 4-5-ն էին։
- Համեմատեք ուսուցչի աշխատավարձը ոստիկանի, պարեկի աշխատավարձի հետ։ Աշակերտը տեսնում է դա և որոշում կայացնում, որ ավելի լավ է՝ բարձրագույն կրթություն չստանա, դառնա պարեկ ու ստանա մի քանի անգամ բարձր աշխատավարձ ու պարգևավճարներ։
- Այն քարոզը, որ տանում է կառավարությունը, վկայում է այն մասին, որ մեզ կրթություն պետք չէ, ու մեր երկիրը ոչ շատ հեռու ապագայում կարող է դառնալ սոսկ ծառայություններ մատուցող երկիր։ Ու սրա դեմ, ցավոք, չեն խոսում մտավորականները։
- Պարզվում է՝ 3 տարվա ընթացքում Հայաստանի՝ մոտ 40.000-ի հասնող ուսուցիչների ընդամենը 10%-ն է մասնակցել կամավոր ատեստավորմանը։ Անցյալ տարի մոտ 1300 բարձրագույն կրթություն չունեցող փորձառու ուսուցիչների դուրս թողեցին դպրոցից։ Այսօր ունենք ուսուցչի 1000 թափուր հաստիք։
- Այս կառավարության չմտածված գործողությունների արդյունքում ունենք իրավիճակ, երբ բարձրագույն կրթություն չունեցող անձը կարող է դառնալ վարչապետ, բայց 40 տարվա աշխատանքային փորձով դասվարը չի կարող դասավանդել դպրոցում։
- Սրանից մեկ տարի առաջ ստեղծվեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ, որի աշխատակիցները շատ բարձր աշխատավարձ են ստանում։ Այս հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմում գիտության ու կրթության հետ կապ ունեցող որևէ մարդ չկա՝ նախարարներ ու փոխնախարարներ են։ Հիմնադրամի աշխատակիցները որոշում են կայացնում միայն շինարարարության վերաբերյալ։ Բովանդակությունը ոչ ոքի չի հետաքրքրում։ Շոուն շարունակվում է:

- Ոչ ոք չի պատկերացնում՝ Ակադեմիական քաղաքի կառուցումն ինչ ծախս է։ Նույն ՌԴ-ում «Սկոլկովոն» կառուցելու համար 4.2 միլիարդ նախատեսվածի փոխարեն՝ ծախսել են արդեն 5.8 միլիարդ, մասնավոր ներդրումներն էլ գերազանցել են 18 միլիարդը, բայց դեռ շինարարությունն ավարտված չէ։
- Միջազգային փորձագետներն այս Ակադեմիական քաղաքի ծրագրի մասին հետևյալ կարծիքն են արտահայտել. «Մոտավորապես դա նման է նրան, որ մի մարդ գնա ավտոմեքենաների վաճառասրահ, պատվիրի Ferrari 812 GTS մոդելի ավտոմեքենա՝ առանց իմանալու դրա արժեքը»:
- Ակադեմիական քաղաքի անվան տակ բուհերի զարգացման հնարավորություններն էապես սահմանափակում են, որևէ ծրագիր թույլ չեն տալիս իրականացնել, անգամ խոսում են պետական բուհերի միավորման կամ, կոպիտ ասած, քանդման մասին։ Ծրագրում են Հայաստանում թողնել ընդամենը 8 պետական բուհ՝ ներկայիս 20-ի փոխարեն, որոնցից 4-ը պետք է լինեն աշխարհի լավագույն 500 բուհերի ցանկում։ Մինչդեռ այս պահի դրությամբ մեր ոչ մի բուհ ընդգրկված չէ Շանհայի ռեյտինգում, և ռեալ չէ, որ 6 տարվա ընթացքում կհայտնվի։ Աշխարհի վարկանշային բուհերի տարեկան բյուջեն հավասար է Հայաստանի տարեկան բյուջեին։

- Հայաստանի Ակադեմիական քաղաք կոչվածը Նյու Վասյուկին է։
- Այս կառավարության կրթական նոր չափորոշիչները հակասության մեջ են նախկին արժեքների հետ։
- Հայաստանում 6 ամսականից մինչև 2 տարեկան երեխաների կեսը թերսնված է։ Այս պարագայում դպրոցի ցնցուղն ու կախիչն անկարևոր ու հեռավոր բան են թվում։
- Հաջորդ եկող կառավարության համար շատ դժվար է լինելու, ընդ որում՝ բոլոր ոլորտներում, քանի որ ամեն բան քանդել են ու շարունակում են քանդել։ Գալու են, տեսնեն՝ բոլոր ոլորտներում ուղղակի ավերված երկիր։

- Գիտության ֆինանսավորումն ավելացել է, բայց գիտնականների թիվը կրճատվել է։
- «Այստեղ հաց, այստեղ կաց» Փաշինյանի թեզը նույն սերիայից է, ինչ «Արարատը հանենք, Արագածը դնենք», կամ «արգելոց» բառը լավը չէ, եկեք փոխենք»։ Սրանք ի՞նչ երկրի ղեկավարի քննարկելու թեմաներ են։
Մանրամասները՝ տեսանյութում։



