«Թուրքերը Վրաստանում ֆիրմաներ բացեցին, թուրք վարորդները, կիրգիզներն այստեղից բեռ են տանում». բեռնափոխադրող ընկերության տնօրեն

Այսօր առավոտից 100-ից ավելի բեռնատարների վարորդներ փակել էին Շենգավիթ համայնքի Շիրակի փողոցը՝ այդպիսով բարձրաձայնելու բեռնափոխադրումների ոլորտում ստեղծված իրավիճակը։

«Մենք այսպիսով ուզում ենք բարձրաձայնել ոլորտում առակա իրավիճակը, որպեսզի իշխանությունը, Կառավարությունն իմանա, թե ինչ է կատարվում այս ոլորտում։ Բացատրեմ, թե ինչ է կատարվում՝ բեռափոխադրման մեջ կա ներմուծող և արտահանող, որը պատվիրատուն է, և բեռնափոխադրող, որը մենք ենք։ Այս երկու գործարքները կազմակերպում են ընկերություններ, որոնք կոչվում են լոգիստիկ ընկերություններ։

Գոյություն ունի երկու երկրների բեռնափոխադրում և երրորդ երկրի բեռնափոխադրում, երկու երկրների բեռնափոխադրումը Հայաստանից Ռուսաստան է։ Այս բեռնափոխադրումն իրավունք ունի իրականացնելու հայ և ռուս բեռնափոխադրողը, իսկ երրորդ երկրից բեռնափոխադրման թույլտվությունն արդեն տալիս է պետությունը՝ ըստ արտահանման և ներմուծման ծավալների»,- լրագրողների հետ զրույցում նշեց բեռնափոխադրող ընկերության տնօրեն Ալեքսան Հովակիմյանը։

Ըստ նրա, բեռնափոխադրման մեջ կա արտահանման և ներմուծման արժեք, ինչը տարբեր երկրներում տարբեր է, երկիր կա, որ արտահանումն է թանկ, երկիր էլ կա՝ ներմուծումը։ Հայաստանի պարագայում արտահանումն էժան է՝ կոպեկներ, ներմուծումը՝ թանկ։

Կարդացեք նաև

«Վրաստանում արտահանումը թանկ է, ներմուծումը՝ էժան։ Ժամանակի ընթացքում մեր հարևան երկիրը երրորդ երկրից բեռնափոխադրում էր իրականացնում, սա նորմալ է։ Բայց այդ ընթացքում քանի որ իրենց մոտ ներմուծումը շատ էժան էր, արտահանումն իրականացնում են, ներմուծումն արդեն չեն անում՝ վերցնում են մեր ներմուծումը և իրականացնում դեպի Հայաստան։

Թուրքիայի քաղաքացիները Վրաստանում բացեցին վրացական ֆիրմաներ, գնեցին վրացական մեքենաներ, թուրք վարորդներին նստեցրին ղեկին ու մտան մեր շուկա՝ որպես երրորդ երկրի բեռնափոխադրող։ Սրան գումարվում են թուրքական բեռնատարները, որոնք երկրորդ երկրից են իրականացնում բեռնափոխադրում՝ Թուրքիայից Հայաստան, բայց մենք իրենց երկիր չենք կարողանում մտնել։ Բացի այդ, թուրքական մեքենաները գնում են ՌԴ տարբեր մարզեր, իրենց ձեռնտու է երրորդ երկրից փոխադրում իրականացնել, որովհետև գալիս Հայաստանում բեռը դատարկում են, հետո Գյումրիով, Ախալքալաքով գնում Թուրքիա։ Սրանց միացել են կիրգիզները՝գալիս Ռուսաստանում բեռը դատարկում են, այնտեղից բեռ են վերցնում դեպի Հայաստան, բեռնաթափում են Հայաստանում ու նույն ճանապարհով գնում Թուրքիա։ Նրանց նաև բելառուսներն են միացել։ Ստացվում է, որ հայ բեռնափոխադրողը կամաց-կամաց դաշտից դուրս է մղվում։

Նախկինում եթե մեր լոգիստիկ ընկերություններից հինգն էին զբաղվում երրորդ երկրով, հիմա տեսնելով, որ մենք չենք կարողանում տեղավորվել այդ գների մեջ, ներմուծում չենք անում, մեզ չեն աջակցում, փնտրում են իրենց անձնական շահը, այսինքն՝ մենք արհեստականորեն դուրս ենք գալիս շուկայից, իրենք տեղափոխվում են վրացական շուկա»,- հավելեց Ալեքսան Հակոբյանը։
Նա նաև ասաց, որ այս ընթացքում հանդիպում ենք ունեցել մի քանի գերատեսչություններում։ Տրանսպորտի նախարարությունում ասել են, որ հարցն իրենց տիրույթում չէ, ՊԵԿ-ի ներկայացուցչից չեն հասկացել՝ իրենց հասկացե՞լ են ՊԵԿ-ում, թե՞ ոչ, նույնը՝ Էկոնոմիկայի նախարարությունում։

«Ասել են՝ սա ազատ շուկա է, մենք ոչինչ չենք կարող անել»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս