«Իմ երդումը չեմ կարող դրժել՝ թանգարանը պետք է հավերժ գործի. Տղաները պատմություն են կերտել, պետք է դարեդար հիշվեն». Աղաբեկ Խաչատրյան

1990-ականներին, երբ նոր-նոր սկսվում էր Արցախյան առաջին գոյամարտը և Հայաստանից կամավորական խմբեր էին մեկնում Արցախ, «Արծիվ» մահապարտների գումարտակի անդամ Աղաբեկ Խաչատրյանն իր ընկերների հետ գիշերեց Երևանի Ուլնեցու 50/7  փողոցի հարևանությամբ գտնվող տարածքում, որ առավոտյան մեկնեին Երասխավան՝ ադրբեջանցիները գրոհում էին այդ ուղղությամբ։ Հենց մեկնելու գիշերն էլ որոշվեց, եթե պատերազմից վերադառնան՝ այդ տարածքը դարձնելու են թանգարան բաց երկնքի տակ, ու մեկ առ մեկ նշելու են այն հերոսների անունները, որոնք զենքը ձեռքներին կանգնել են հայրենիքի պաշտպանության համար։ Արցախն ազատագրելուց հետո՝ 1994 թվականից հետո, Աղաբեկ Խաչատրյանը հետամուտ եղավ խոստումը կատարելուն, իսկ արդեն 2010 թվականին թանգարանն արդեն սկսում էր համալրվել նոր ցուցանմուշներով։

Վերջերս հայտնի դարձավ, որ թանգարանի  տարածքը վաճառվել է, և թանգարանը պետք է ապամոնտաժվի։

168.am-ի հետ զրույցում Աղաբեկ Խաչատրյանն ասաց, որ քանի դեռ ինքը շնչում է՝ որևէ մեկին թույլ չի տա թանգարանն ապամոնտաժել, ավելին՝ տարածքի գնորդը ԱՄՆ-ից է, նրան գտել է, ժամանակ է խնդրել, որպեսզի թանգարանը տեղափոխի մեկ այլ տարածք։

«14 տարի է՝ ես այդ թանգարանը համալրում եմ, ամեն օր աշխատում, տեսքի բերում։ Բանից պարզվում է, որ պետությունն այդ տարածքը վաճառել էր և ոչ միայն այդ տարածքը, մոտավորապես 1,5 հեկտար տարածք։ Դե, թանգարանի տարածքն էլ այդ հատվածի մեջ է ընկնում, ու շատ ժամանակ պահանջվեց, մինչև գտնեմ գնորդին, ով ինձ դատի տվեց, որ դուրս բերեմ թանգարանը։ Դատարանը վճիռ կայացրեց՝ հօգուտ գնորդի, ինձ էլ ճար չէր մնում, քան գնալ բանակցությունների, որ թանգարանը փրկեի։ Հիմա Շենգավիթ համայնքում գնորդը տարածք է տրամադրել։ Բացի այդ, պայմանավորվել են, որ հարկադիր կատարողի հետ ապամոնտաժող փնտրեն, որպեսզի ամեն նմուշ շատ զգուշությամբ ապամոնտաժեն ու տեղափոխեն նոր տարածք»,- նշեց Աղաբեկ Խաչատրյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ սեփական պայքարի, բանակցությունների արդյունքն է, որ նոր տարածք է տրամադրվել թանգարանի համար, եթե հետևողական չլիներ, ապա տարիների ստեղծածը մեկ օրում կոչնչացնեին։

«Իմ զոհվածների ծնողների, իմ ընկերների միջոցով հասանք նրան, որ այդ հողակտորը մեզ տրամադրեցին, չգիտենք՝ որքան ժամանակ կմնա մեզ, բայց կարևորը, որ այս պահին թանգարանը մնա, հետագայի համար արդեն կմտածենք։ Ես նույնիսկ իմ կյանքը կդնեմ, որպեսզի մեր հերոսների անունը գալիք սերունդների համար միշտ վառ մնա։ Այս թանգարանում 90-ականներից մինչև 44-օրյա պատերազմում նահատակված մեր տղաների անուններն են ամփոփված, նրանց անձնական իրերից։

Սա թանգարան է բաց երկնքի տակ։ Տեղադրված է 7500 քար՝ մեր հերոսների անուններով, մոտավորապես 1200 գրանիտե քարերի վրա էլ նրանց նկարներն է տեղադրված, նաև պատերազմի դաշտի մասունքներ և այլն։ Նրանք պատմություն են կերտել, հող են ազատագրել, պետք է դարեդար հիշվեն»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նրա փոխանցմամբ՝ մինչև այսօր թանգարանը համալրվում է նոր ցուցանմուշներով նահատակված տղաների ծնողները դիմում են, ներկայացնում իրենց որդու պատմությունը ու խնդրում, որպեսզի նրա անունն ու նկարը նույնպես տեղ գտնի թանգարանում։

«10 օր առաջ դիմեցին վեց ծնող, նրանց որդիները զոհվել էին պատերազմում, ասացին, որ ուզում են որդիների անունները գրվի թանգարանի քարին։ Ես երդում եմ տվել, իմ երդումը չեմ կարող դրժել, թանգարանը պետք է հավերժ գործի»,- եզրափակեց Աղաբեկ Խաչատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս