«Ուզում եմ հասկանալ՝ ժողովրդի մեջ ի՞նչ է փոխվել, Վազգեն Սարգսյանն էր ասում՝ մենք այն նույն ժողովուրդն ենք, թշնամին էլ նույն թշնամին է». Աղաբեկ Խաչատրյան

Արդեն 36-րդ օրն է՝ Արցախն Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ, 120 հազար արցախահայեր կտրված են արտաքին աշխարհից։ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը:

Արցախյան ազատամարտի մասնակից, «Արծիվ» մահապարտների գումարտակի անդամ Աղաբեկ Խաչատրյանի՝ Բեկի խոսքով՝ Արցախում ստեղծված իրավիճակին ու հայ ժողովրդի անտարբերությանը հետևելով՝ պարզապես ամաչում է, ապա ընդգծեց, որ ՀՀ իշխանությունն անգործության է մատնված, և սա սպասելի էր, իսկ ի՞նչ է անում հայ ժողովուրդը։

168.amի հետ զրույցում Աղաբեկ Խաչատրյանն ասաց, որ առաջին քայլը, որ պետք է անի հայ ազգը՝ միասնական դառնալն  ու առ  Աստված նայելն է։

«Հավատացեք, մենք բոլորս դեռ շատ ու ավելի խիստ կպատժվենք, եթե մեկս մյուսին երդում չտանք հանուն հայրենիքի։ Տեսնում եք, Ռուսաստանն էլ ոչինչ չի անում, որովհետև ինչո՞ւ այստեղից պետք է միշտ այդ երկրին քարկոծեն։ Իհարկե, ՌԴ-ն ունի պարտականություններ այդ ճանապարհը բացելու համար, բայց մեզ համար այս պահին դեռևս հայտնի չէ, նոյեմբերի 9-ին եռակողմ փաստաթղթում գրավոր պայմանավորվածությունից բացի, ինչ բանավոր պայմանավորվածություններ են եղել։

Կարդացեք նաև

Այսօր մեր ջոկատի տղաներից մեկն Արցախում նստած է, բայց առանձնապես որևէ քայլ չի ձեռնարկում։

Լավ, եկեք իշխանություններին թողնենք մի կողմ, նրանք որևէ բան չեն էլ անելու, նրանց հետ ամեն ինչ պարզ է, բայց հայ ազգն ի՞նչ է մտածում։ Մենք 120 հազար արցախահայերի պետք է թողնենք գերության մեջ ու գնանք ռեստորաններում քեֆ անե՞նք։ Երբ մենք ազգովի ոտքի կանգնենք, այն ժամանակ ռուսն էլ մեր կողքին կկանգնի ու մեզ կհարգի, այստեղի իշխանությունն էլ գլուխը կախ կենթարկվի մեզ, բայց որևէ մեկը ձայն չի հանում։ Հիմա բոլորի խնդիրը մեկն է՝ ուտեն, պառկեն դիվանների վրա ու ԼԳԲՏ-ների մասին հաղորդումներ նայեն»,- նշեց Աղաբեկ Խաչատրյանը։

Ըստ ազատամարտիկի, ճիշտն այս իրավիճակում գուցե այն կլինի, որ համախմբվեն առաջին հերթին բոլոր ազատամարտիկները և իրենց հետևից տանեն ժողովրդին, ԵԿՄ-ն առաջին հերթին պետք է հայտարարությամբ հանդես գա, որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ ազատամարտիկներն իրենց կողքին են։

«Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, թե մեր ժողովրդի մեջ ի՞նչ է փոխվել։ Սպարապետ Վազգեն Սարգսյանն էր ասում՝ մենք այն նույն ժողովուրդն ենք, թշնամին էլ նույն թշնամին է։ Մենք ներքին թշնամի չպետք է ունենանք ու հաղթահարենք արտաքին թշնամուն։ Բայց հիմա կարծես թե հակառակն է՝ ներքին թշնամին է շատացել, եթե մարդը լռում է իր հայրենիքը կորցնելու ժամանակ, ես ի՞նչ ասեմ։ Անդրանիկ Օզանյանն ասում էր՝ եթե սիրում ես հայրենիքդ՝ պետք է ընտանիքիցդ ու ընկերոջիցդ սկսես, հիմա ոչ մի բան չենք սիրում, ո՛չ ընտանիք, ո՛չ հայրենիք, ո՛չ էլ ընկեր՝ շրջափակված 120 հազար արցախահայերի օրինակը դրա ապացույցն է։ Չեմ հասկանում՝ սպասում են, որ թուրքի դրոշը Երևանում ծածանվի՞»,- հավելեց Աղաբեկ Խաչատրյանը։

Նրա կարծիքով՝ հայ ժողովրդի մոտավորապես 50 տոկոսի մոտ չկա այն գիտակցումը, որ Արցախը կորցնելուց հետո, թուրքը հասնելու է Երևան։

«Երբ Շուշին ազատագրեցինք, ռացիայով իրենք հաղորդում էին՝ «ափալ-թափալ չոմախլար», բայց հիմա այստեղ են նման կարգի խոսակցությունները։ Հետևաբար, նախ եկեք մենք ինքներս մեզ ներսից մաքրենք։ Երբ վերևից նայում եք Արցախի քարտեզին, պատկերը հետևյալն է՝ մանուկը մոր արգանդում, ուստի Արցախը մեր սիրտն է, հոգին ու սիրտը։  Ով Արցախի դեմ է խոսում՝ թուրք է, դավաճան, ինչպե՞ս կարող են այսքան անտարբեր լինեն։ Արցախն ազատագրելու համար այս ամբողջ տարիներին 20-30 հազար զոհ ենք տվել, այս գիտակցումը չկա՞ մարդկանց մոտ։ Մի անգամ Ֆրանսիայի արտգործնախարարներից մեկն ասաց՝ մենք ավելի շատ ենք հայ, քան Հայաստանում ապրող հայերը, բա սրա համար գետինը չբացվի՞ մեջը մտնենք»,- եզրափակեց Աղաբեկ Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։ Հունվարի 15-ի տվյալներով՝  Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր երկու տասնյակից ավելի հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։

Տեսանյութեր

Լրահոս