Տղե՛րք, սա մեր հայրենիքի, մեր գոյության հարցն է, ձեզ ճիշտ պահեք, մի ընկեք ցեխերի մեջ. Բեկ Խաչատրյան
Ապրիլի 19-ին, երբ ՀՀ իշխանությունը հայտարարեց, որ պատրաստվում է Տավուշի մարզում սահմանազատման գործընթաց սկսել Ադրբեջանի հետ, որի արդյունքում, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել՝ «2,5 գյուղ է հանձնվելու» Ադրբեջանին, բայց քանի որ թեմայի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները հակասական էին, և նա անվտանգության երաշխիք չէր տվել տավուշեցիներին, մարզի բնակիչները ոտքի կանգնեցին ու սկսեցին բողոքի ակցիաներ իրականացնել։ Նրանք փակեցին Կիրանց-Ոսկեպար ճանապարհը և իշխանություններից պահանջեցին դադարեցնել ապօրինի գործընթացը, քանի որ այն որևէ աղերս չունի սահմանազատման հետ, դրա մասին հայտարարություններ արեցին նաև միջազգային իրավունքի մասնագետներ, քարտեզագետներ։
Ի սկզբանե բնակիչներին էր միացել նաև Տավուշի թեմի առաջնորդ տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որպես թեմակալ՝ պաշտպանելու մարդկանց, հատկապես այն դեպքում, երբ բողոքի ակցիան ճնշելու նպատակով մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կենտրոնացրել ճանապարհին, որոնք բռնի ուժի կիրառմամբ բերման էին ենթարկում ակցիայի մասնակիցներին։ Այս ամենի արդյունքում ձևավորվեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որի անդամներն աստիճանաբար ավելանալով՝ երթով Կիրանցից շարժվեցին դեպի Երևան: Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքից հետո առ այսօր շարունակվում են բողոքի ակցիաները, Բագրատ սրբազանի հանդիպումները տարբեր ոլորտի մասնագետների, հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականության հետ: Մայիսի 9-ին Երևանում հայտարարվեց պահանջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին։
168.am-ի հետ զրույցում Արցախյան ազատամարտի մասնակից, «Արծիվ» մահապարտների գումարտակի անդամ Աղաբեկ Խաչատրյանը՝ Բեկը, խոսելով Տավուշում ընթացող գործընթացների, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին, ասաց.
«Բագրատ սրբազանին Աստված է ուղարկել, որ մեր ժողովրդին համախմբի, որպեսզի ոչ միայն Տավուշը փրկվի, այլև ամբողջ Հայաստանը։
Ուզում եմ անպայման շեշտեմ, որ ովքեր կռված տղերք են, ԵԿՄ-ից են, իրենց որքան հնարավոր է ճիշտ պահեն՝ տղե՛րք, սա մեր հայրենիքի, մեր գոյության հարցն է, այս պահին ձեզ ճիշտ պահեք, մի ընկեք ցեխերի մեջ, դուք հայրենիք ազատագրող եք եղել։ Միայն պայքարով կարող ենք արժևորել մեր հաղթանակը, քանի որ ես համոզված եմ՝ իրավիճակն այսպես չի մնալու, մեկ անգամ ազատագրված Արցախը կազատագրվի երկրորդ անգամ, եթե, իհարկե, մենք մեզ ճիշտ պահենք»։
Ազատամարտիկի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունները չեն կարող համաշխարհային պատմության մեջ ցույց տալ մի երկիր, որտեղ սահմանազատումն իրականացվում է այնպես, ինչպես հիմա տեղի է ունենում Տավուշում։
«Դուք հասկանում եք՝ իշխանությունն ինչ է անում. հայկական գյուղը կիսում է երկու հատվածի, մի կեսը տալիս է թշնամուն, բնակիչներին էլ ասում է՝ դուք էլ բնակվեք մյուս կեսում։ Ինչո՞ւ այդ գործընթացը չսկսեցին Իշխանասարից, թշնամին այն ուղղակի զավթել է, թող պահանջեին՝ 50 մետր հետ գնային»,- հավելեց Աղաբեկ Խաչատրյանը։
Նա վստահ է՝ եթե նույնիսկ ՀՀ իշխանությունն ամբողջ Տավուշը հանձնի թշնամուն, մեկ է՝ Հայաստանում խաղաղություն չի լինի։
«Իշխանությունների խոստացած խաղաղությունը մենք տեսանք Արցախում, տեսանք Շուռնուխում, իշխանությունների կարգախոսն է՝ հանձնենք, որ խաղաղություն լինի։ Այսպես չի կարող խաղաղություն լինել, եթե մեր թշնամին Ադրբեջանն է, նրա դեպքում միայն պայքարի ու միաբանության միջոցով է հնարավոր հասնել խաղաղության»,- եզրափակեց Աղաբեկ Խաչատրյանը։