ՔՊ-ականները կենդանական վախ ունեն այս շարժումից, հասկանում են, որ պետք է պատասխան տան իրենց արածների համար․ Դավիթ Սահակյանց

Կասկածներ ունեմ, որ ՔՊ-ականներն առհասարակ մուլտֆիլմեր են դիտել, գրքեր են կարդացել, բայց երևի ինչ-որ բան աչքներովն ընկել է։ Խնդիրն այլ է՝ այդ գրքերը կարդալիս նրանք, ըստ երևույթին, հրապուրվել են ոչ թե իրական հերոսներով, այլ դավաճաններով, բացասական կերպարներով։ Եթե «Այվենհոն» կարդալիս ինքդ քեզ չես նույնացնում Այվենհոյի հետ, ուրեմն սխալ ուղղությամբ ես կարդում այդ գիրքը։ Ժյուլ Վեռնի վեպերը ևս երևի իրենք այլ կերպ են կարդում, չեն տեսնում այն ուղերձները, որոնք գրողները հղում են։ Դրանցում կան հստակ չափորոշիչներ՝ լավ մարդ և հերոս լինելու։ Միգուցե չեն կարդացել առհասարակ, ինչ էլ կարդացել կամ դիտել են, այլ կերպ են դա ընկալել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ռեժիսոր, մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը:

«Դժվար է նման մարդկանց գլխի մեջ մտնելը, դա բարդ ու անշնորհակալ գործ է։ Երբ փորձում ես իրենց պես հասկանալ, մտածել, վերլուծել այս կամ այն պատմական դրվագը կամ ընթացիկ իրավիճակը, սկսում ես վարակվել։ Ըստ երևույթին, մենք քաղում ենք այն վարակի պտուղները, որով նրանք եկան և զավթեցին իշխանությունը։ Ամբողջ հասարակության մեջ այդ վարակի տպավորությունն է։ Եթե ՔՊ-ականները վտանգ չզգային, իրենց այսքան լկտի չէին պահի, Օվերտոնի նոր պատուհաններ չէին բացի։ Մենք էլ, իրենք էլ հասկանում են, որ այս շարժումն ինքն իրենով կարող է վճռական լինել։ Վարչապետի աթոռին նստածը սիրում է ասել՝ Հայաստանի լինել-չլինելու հարցն է որոշվում։ Մոտակա օրերին հենց այդ հարցն է պարզվելու»,- ասաց արվեստագետը:

Կարդացեք նաև

«Հայաստանը պետք է լինի, հետևաբար՝ այս շարժումը պարտադիր պետք է հաջողի։ Դա զգում են նաև ՔՊ-ականները, վտանգն էլ են զգում, հասկանում են, թե ինչ հետևանքներ կարող են լինել իրենց համար, եթե շարժումը հաջողի։ ՔՊ-ականների կենդանական վախը զգացվում է, նրանք պետք է պատասխան տան այն ամենի համար, ինչ արել են։ Այսօր հերթական անգամ մարդիկ այրում և ջարդում են իրենց տները Կիրանցում։ Այդ գյուղերը դատարկվելու են, այնտեղ մարդ չի մնալու։ Այն ծրագիրը, որն Ադրբեջանը ՔՊ-ի հետ միասին կյանքի է կոչում, հերթական անգամ մեր աչքի առաջ է։ Հիմա էլ Տավուշի մարզն է սկսելու դատարկվել, իսկ դատարկ տեղը թուրքերը երբեք ազատ չեն թողնի, իրենք գալու և մտնելու են։ Սպիտակ սյուները կամ փշալարը խաղալիքներ են, դրանք ոտքով կարող ես մի կողմ հրել։ Մենք գիտենք, թե ով է ադրբեջանցին»,- նշեց ռեժիսորը:

Ընդդիմադիր գործչի պնդմամբ՝ պետք չի մեզ ստել, թե ադրբեջանցին այլ է, և հիմա մենք ապահովված ենք:

«Սրանք էլ են ընդունում, որ մենք ոչնչով ապահովված չենք։ Մենք չենք էլ նկատի, թե ինչպես են այդ սյուները մետր առ մետր առաջ գալիս։ Այդտեղ հնարավոր չի լինելու ապրել։ Կրետինիզմի մակարդակի հայտարարությունները, թե՝ ծառ տնկենք կամ պատ շարենք, որ չտեսնենք նրանց, կարծես ծաղր լինեն։ Տեսեք՝ հասարակությանն արդեն ինչի տեղ են դրել։ Լկտիությունը նաև դրանից է գալիս։ Մենք օրեցօր տարածք ենք կորցնում, Աղավնոյի սարսափելի կադրերից դեռևս ուշքի չեկած՝ մենք այսօր նույնը Տավուշում ենք տեսնում։ Ինչքա՞ն կարելի է դա հանդուրժել և դրան տեղիք տալ»,- ասաց նա:

«Կարծում էինք, թե հնարավոր չէ Արցախը կորցնել, չէինք կարող պատկերացնել, որ Քարվաճառը կամ Աղավնոն կկորցնենք, բայց այդ ամենը մեր աչքի առաջ կամաց-կամաց իրականացավ։ Ալիևի բերանից հնչած ամենասարսափելի և վտանգավոր թեզն այն է, որ իրենք գալու և ոտքով մտնելու են Հայաստան։ Դա նշանակում է, որ իրենք հնարավորություն են ունենալու՝ երբ և որքան ուզեն՝ մտնել ՀՀ և տարածք տարածքից հետևից գրավել։ 2018թ.-ից կարծես կոնկրետ համակարգ աշխատեր՝ քանդելու Հայաստանի բոլոր սյուները։ Այնպես է ստացվել, որ մինչև օրս նրանք դեռ հաջողում են։ Այդ ժամանակ նրանք հակաեկեղեցական շարժում սկսեցին, ուղղակի վախեցան եկեղեցու ագրեսիվ քարկոծումից, որովհետև դեռևս պետք է ժողովրդավարի դեր խաղային»,- ամփոփեց Դավիթ Սահակյանցը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս