Ռուսական կողմը հարց է դրել… սա Հայաստանի համար կատաստրոֆիկ հետևանքներ է ունենալու. Գառնիկ Դանիելյան

168TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրն ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Թե՛ 2021 թվականի, թե՛ այս ընտրությունների ժամանակ ցուցակի առաջնային դիրքեր զբաղեցնելու և առհասարակ ցուցակում լինելու հավակնություններ չեմ ունեցել։ Նույնն էլ եղել է այս ընտրությունների ժամանակ։ Ուզում եմ ասել՝ այդ առումով, այսպես ասած, մարտեր առանց կանոնների չի եղել: Ես էլ միշտ այնպես եմ ապրել, կներեք անհամեստության համար, որ անգամ եթե պատգամավոր էլ չեմ եղել, ակտիվ մասնակցել եմ պրոցեսներին։

Հիմա էլ շատերին թվում էր՝ եթե այս պահին ես պատգամավոր չեմ, ուրեմն պետք է ակտիվ չլինեմ, և շատ տեղեր զարմանում են, որ ես ներկա եմ լինում․ ուզում հավաստիացնել, չգիտեմ՝ դրանից կուրախանա՞ն ինչ-ինչ մարդիկ, թե՞ կտխրեն, ես որոշում ունեմ շարունակելու այն գործը, որ սկսել եմ։ Ճիշտ է, շատ հնարավորություններ ունեմ շատ գումարներ վաստակելու, բայց շատ գումար աշխատելն ինձ համար գերխնդիր չէ։

Կարդացեք նաև

Առհասարակ, այն արհավիրքները, որ 2021 թվականից հետո տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության հետ, Արցախի կորուստը․․․ Ես միշտ մի բանի մասին եմ մտածել, որ ոչ թե մտածենք գումար աշխատելու անհատական կարիքների բավարարման համար, այլ մեր երկիրն այն վիճակում է, որ պետք է առաջնահերթ լուծենք այս իշխանությունը տուն ուղարկելու խնդիրը:

  • Իմ գործունեության ուղղություններից մեկը եղել է հենց տնտեսությունը․ բազմաթիվ բողոքի ակցիաներ են եղել ձկնաբույծների, խաղող արտադրողների՝ խաղողագործների, ավտոներկրողների, տարբեր ոլորտների փոքր և միջին առևտրի հետ կապված, շատ-շատ խմբեր են եղել…, և այն խնդիրները, որոնք մենք բարձրաձայնել ենք, ցավոք սրտի, ոչ թե դրական լուծում են ստացել իշխանությունների կողմից, այլ գնացել են լրիվ հակառակ ճանապարհով ու հիմա եկել-կանգնել են փակուղու առջև։

Հիմա լրջագույն խնդիրների առջև են կանգնած մեր արտադրողները, գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հազարավոր, տասնյակ-հազարավոր հայրենակիցներ։ Օրինակ, խոսել են դիվերսիֆիկացիայի մասին, բայց տարիներ շարունակ որևէ քայլ չի կատարվել դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, և հիմա ասում են, իբր թե նոր շուկաների որոնումների մեջ են՝ հին ավանդական շուկաները կազմաքանդելով, նորը չստեղծելով։ Բնականաբար, կոլապսի առջև է կանգնելու մեր արտադրողը, քանի որ մեր տնտեսության առյուծի բաժինը՝ 70 տոկոս և ավելի, ԵԱՏՄ շուկային է բաժին հասնում։ Տարբեր արտադրանքների արտահանման և ներմուծման տեսքով մենք այդ կախվածությունն ունենք, ես ուրախությամբ չեմ ասում․ եթե իրապես լիներ դիվերսիֆիկացիա, և այլընտրանքային շուկաներ ունենայինք, ես կողջունեի և ուրախ կլինեի դրա համար, բայց չեն արել։

Էդ փուլը պիտի սկսեին իրենց իշխանության գալու հաջորդ իսկ օրվանից։ Իրենք հայտարարում էին՝ մենք դիվերսիֆիկացնում ենք, դիվերսիֆիկացնում ենք, բայց կան թվեր, չէ՞․ պաշտոնական վիճակագրական թվերով՝ կախվածությունը ԵԱՏՄ շուկայից ավելացել է, ԵՄ արտահանվող ապրանքի տոկոսը նախորդ իշխանությունների ժամանակ շատ ավելի բարձր է եղել։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Չինաստան արտահանվող ապրանքների տոկոսն է ավելի բարձր եղել․․․ էլ ի՞նչ, ո՞նց են դիվերսիֆիկացիա արել, ես չեմ հասկանում:

  • Մեր հայրենակիցներին էլի մոլորության մեջ գցեցին․ օրինակ, եթե հարց ուղղեն մեր հայրենակիցներին, թե՝ կուզե՞ք Եվրամիության անդամ լինել, շատ մարդիկ կլինեն՝ կուզեն, որ վիզաների ազատականացումը լինի, հանգիստ գնան Եվրոպա, այդ զարգացած պետությունների նման ապրեն։ Այդ օրն իմ ելույթում համեմատությունը նաև Մոնիկա Բելուչիի հետ դա էր, որ, իհարկե, շքեղ տիկին է և բավականին հետաքրքիր, գեղեցիկ ու, բնականաբար, շատ ու շատ մարդիկ երազում են Մոնիկա Բելուչիին հանդիպելու, տեսնելու, շփվելու համար, բայց իրականությունն այն է, որ այդ հնարավորությունը չկա։ Հիմա՝ Եվրամիության հետ կապված․ իրենք չեն ասում, որ նախ՝ Եվրամիությունը մեզ ուզո՞ւմ է այդտեղ տեսնել։ Մեր հարևան երկրների օրինակին նայեք՝ Թուրքիա, Վրաստան։

Ռուսական կողմը հարց է դրել՝ կա՛մ-կա՛մ․ եթե գնում եք, արեք հանրաքվե, և բարի ընդ ձեզ՝ գնացեք, ինտեգրվեք, համագործակցեք՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, բայց ես արդեն նոր խաղի կանոններ եմ ձեզ առաջարկելու՝ նոր գազի գին է լինելու, որ մի քանի անգամ ավելի բարձր է լինելու, քան հիմա կա, և դեկտեմբերին արդեն կքննարկվի ապրանքների ներմուծման և արտահանման հարցը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, միգրանտների հետ կապված սահմանափակումներ․․․ Սա Հայաստանի համար կատաստրոֆիկ հետևանքներ է ունենալու։

  • Ժամանակագրությունը նայեք՝ երբվանից խոշոր կապիտալի ներկայացուցիչները դարձան օտարերկրյա գործակալ․ հիշո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում այդ նույն մարդկանց, ազգային բարերար էր ասում, խոշոր կապիտալի ներկայացուցիչ և այլն․․․ բացե՛ք ելույթները՝ նայեք։ Ինչքա՞ն պիտի մարդը երեսպաշտ լինի, որ մոռանա ամեն ինչ: Ի վերջո, էդ ամեն ինչը տեսաձայնագրվում է, նկարահանվում, փոքր երկիր է։ Ու հենց ընդդիմադիր դիրքերից են հանդես գալիս էդ մարդիկ, կամ հենց իրենց կարծիքն են հայտնում՝ անմեղ մի կարծիք, արդեն հիշում են՝ Գագիկ Ծառուկյանն առյուծներ ունի, տուն ունի, Սամվել Կարապետյանը Ռուսաստանից եկած օլիգարխ է, սկսեցին շրջանառել, շրջանառել, ու կեղտոտ քարոզչություն սկսեցին իրականացնել բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնք ավանդ ունեն ներդրած էս երկրի պետականության կայացման հարցում։
  • Եվ, ամեն դեպքում, որևէ արդարացում չունի, եթե անգամ արտասուքը աչքերիդ ես ոլորում Սրբազանի ձեռքերը, կամ Վեհափառ Տիրոջ դեմ ես գնում, որևէ մի արդարացում չունի, իմ կարծիքով, կամ՝ եթե դու 70-ն անց մարդուն իր տան մեջ գետնին ես տապալում՝ իր ծնողի աչքի առջև։ Անգամ մահից հետո կյանք կա, այսինքն՝ անգամ էդ ամեն ինչից հետո էդ մարդկանց սերունդները էդ մեղքի տակ մնալու խնդիրն ունեն, այդ ծնողների համար իրենք պիտի պատասխանը տան, որ արշավ են իրականացրել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։

  • Մեռելածին խաղաղություն հայ ժողովրդին պետք չէ։ Հերի՛ք է վախեցնել հայ ժողովրդին պատերազմով, հերի՛ք է ահաբեկչի գործելաոճով ամեն անգամ սպառնալ մեր ժողովրդին, որ՝ էս չզիջեք՝ պատերազմ լինելու, կամ՝ ասում է՝ ոչ թե չհաղթեմ, այլ եթե սահմանադրական մեծամասնություն չունենամ, սեպտեմբերին տեղի է ունենալու աղետաբեր պատերազմ, սա ի՞նչ է, եթե ոչ՝ ահաբեկչի գործելաոճ։
  • Մի քանի օր առաջ Ալիևը խոսում էր «Զանգեզուրի միջանցքի» մասին, որ էլեկտրասյուներ պիտի դրվեն, որ Հայաստանը չպիտի ունենա ատոմակայան, պիտի իրենցից կախված լինի․․․ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին՝ քո եղբայրներին, գերության մեջ են պահում՝ կտտանքների ենթարկելով, դու ո՞նց ես գնում-ասում՝ խաղաղություն է այլևս, ո՞նց է խաղաղություն, էլի, ուզում եմ հասկանալ․ քո եղբորը կտտանքների են ենթարկում, մեր տարածքներն օկուպացված են։
  • Էն մարդիկ, որ կլինեն խորհրդարանում, պիտի պատասխանատվություն զգան, գիշեր ու զօր աշխատեն՝ նպատակով, որ շատ արագ էս իշխանություններին ուղարկեն իրենց տները, և Հայաստանում ստեղծվի իրապես ազգային պետություն, որտեղ մենք ամեն օր քնից չենք արթնանա և մտածենք, թե ի՞նչ հերթական խայտառակ զիջումների է գնում իշխանությունը, կամ՝ ի՞նչ է տեղի ունենում՝ կրիմինալ վիճակից սկսած մինչև տնտեսական, անվտանգային, և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31