«Պայքարը պետք է լինի Երևանում, այստեղից է տեղի ունենում մեր հողերի հանձնումը. Ցասումը դեռ կտեսնեք». Շիրազ Մանուկյան
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀԿ ուսանողական կազմակերպության անդամ Շիրազ Մանուկյանը Տավուշում իշխանությունների հայտարարած և արդեն իրականացվող սահմանազատման գործընթացը որակեց՝ միակողմանի զիջում, որը չի կարող Հայաստանին խաղաղություն բերել, ինչպես հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։
«Այս ամենի վերաբերյալ իրենց հստակ դիրքորոշումն ունեն նաև Հայաստանի ուսանողությունը, նրանց համար այս ամենը միակողմանի զիջում է, և սա որևէ այլ լուծում չունի, քան բողոքի ակցիաներով կասեցնելը։
Իհարկե, բողոքի ակցիաներ կլինեն նրանց կողմից, կլինի ընդվզում։ Ինչպես տեսնում ենք, այսօր Տավուշում այդ գործընթացները տեղի են ունենում, թեպետ դրանք ժամանակ առ ժամանակ ընդհատվում են, քանի որ ոստիկանությունը բիրտ ուժ է գործադրում, մարդկանց ծեծում է։ Բայց այդ մարդկանց ինչո՞ւ են ծեծում, նրանք պայքարում են իրենց տան և ընտանիքի համար։ Այնտեղ մարդիկ իրենց լինելիության համար են պայքարում»,- ասաց Շիրազ Մանուկյանը։
Մեր զրուցակցի գնահատմամբ՝ ամեն ինչի գեներատոր ուժը հասարակության այն խումբն է, որը կոչվում է ուսանողություն կամ երիտասարդություն, սակայն վստահ է, որ այսօր Հայաստանում ուսանողությանը թիրախավորել է Նիկոլ Փաշինյանը։
«Նիկոլ Փաշինյանը փորձում էր դուրս գալ համալսարանականների դեմ, հայտարարելով, թե դա «փախստականների ճամբար» է՝ թիրախավորելով ԵՊՀ ուսանողությանը։ Ի՞նչ եք կարծում, ԵՊՀ ուսանողները հրաժարվելո՞ւ են իրենց ազգային դիմագծից, հայրենիքից։ ԵՊՀ-ում այսօր ստացիոնար բաժնում սովորում է մոտավորապես 10 հազար ուսանող, նրանք պետք է հրաժարվեն իրենց հայրենիքից և համակերպվեն նրա հետ, որ իրենց համարում են «փախստականների ճամբա՞ր», չե՞ք կարծում, որ այդ ուսանողության համբերության բաժակը լցվել է, դանակը ոսկորին է հասել։ Այդ ուսանողությունը համար մեկը կլինի փողոցում։
ՔՊ-ին ու իր ղեկավարին ուզում եմ ասել, որ «փախստականի ճամբարը» ԵՊՀ-ն չէ, այյ իրենց կուսակցությունն է։ ՔՊ-ն այսօր հասարակությունից փախած է, իրենք չեն կարող կանգնել ու հանգիստ նայել քաղաքացու աչքերին։
Նիկոլ Փաշինյանն այսօր Գավառում իբրև թե դասախոսություն էր կարդում, բայց որևէ ուսանող չէր ուզում տեսնել նրա դեմքը, նույնիսկ նրա ձայնը լսել։ Իսկ նրա դասախոսությանը ներկա աշակերտները դեռևս որևէ բան չեն հասկանում։ Սա կեղտոտ քարոզչության ձև է, որը Նիկոլ Փաշինյանը փորձում է հրամցնել հանրությանը»,- հավելեց Շ. Մանուկյանը։
Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը Շիրազ Մանուկյանը տեսնում է փողոցում հասարակության լայն շերտերի, ինչպես նաև ընդդիմության համախմբման արդյունքում։ Վստահ է, երբ լինի այդ համախմբումը, երբ հրապարակում լինեն հազարավոր մարդիկ, կլինեն նաև առաջնորդներ, քանի որ ոչ թե ինչ-որ մեկի, այլ ամբողջ հայրենիքի լինելիության խնդիրն է դրված։
«Հասարակության առաջին ցանկությունը պետք է լինի Նիկոլի հեռացումը՝ փողոցային պայքարով. սա բացառապես բոլորը պետք է ընկալեն։ Եթե չունեցանք փողոցային պայքար, չենք ունենա նաև արժանապատիվ ապագա։ Մենք տեսանք, թե 2018 թվականի իրենց տրոյական ձիու հաղթանակն ինչ եղավ, և զուր չէ, որ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոլին անվանում է տիեզերական ստախոս, քանի որ նա խաբում է բոլորին՝ հասարակությանը, իր կուսակից ընկերներին։
Իմ ընկերներից շատերն այսօր Տավուշում են, բայց պետք է հասկանանք, որ պայքարն այսօր պետք է լինի Երևանում՝ Հանրապետության հրապարակում։ Այստեղից է սկսվել խնդիրը՝ այստեղից է տեղի ունենում մեր հողերի հանձնումը։
Հավատացեք, ցասումը կտեսնեք ու կտեսնեք պատկերավոր»,- եզրափակեց Շիրազ Մանուկյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում