Ռուսական 2-րդ սցենարը ևս, ամենայն հավանականությամբ, չաշխատեց՝ հանգեցնելով խաղաղապահների ելքին Ղարաբաղից. վերլուծաբան

Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մեկնարկին զուգահեռ՝ տեղեկություններ են տարածվում Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի գործունեության դադարեցման մասին։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին։

«Շարունակվում է 2021 թվականի հունվարի 30-ին Աղդամ քաղաքում ստեղծված ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեության ավարտի գործընթացը, կենտրոն, որը ղարաբաղյան տարածաշրջանում հրադադարի ռեժիմը վերահսկելու և հարձակումները ճնշելու համար էր նախատեսված՝ համաձայն Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված հուշագրի Ադրբեջանի և Ռուսաստանի համակարգմամբ»,- ասվում է տեղեկատվության մեջ։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ այս երկու գործընթացներն ուղիղ փոխկապակցված են և ցույց են տալիս, որ ռուս-թուրքական կենտրոնը պատերազմից հետո ստեղծվեց, որպեսզի Թուրքիան ևս ներկայություն ունենա Ադրբեջանի գրավված տարածքներում՝ Ռուսաստանի խաղաղապահներին զուգահեռ։

Ըստ նրա՝ իրականում այս կենտրոնը որևէ էական դերակատարություն չունեցավ՝ բացառությամբ նրա, որ ապահովեց ներկայություն Թուրքիայի համար։

Կարդացեք նաև

«Ռուս խաղաղապահների ելքը Ղարաբաղից սպասելի էր, թեև, կարծում եմ՝ դեռ վաղ է խոսել խաղաղապահների ամբողջական ելքի մասին, միայն այդ դեպքում կարող ենք վերջնական մեկնաբանությամբ հանդես գալ և պնդել, թե ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել ՌԴ-ն ու Ադրբեջանը։

Այնուամենայնիվ, եթե գործ ունենք մեկնարկած գործընթացի հետ, որի հետևանքով բոլոր խաղաղապահները լքելու են Ղարաբաղը, ամենաբարդ հարցը Ղարաբաղի հայերի հետագա հարցերն են, քանի որ առանց արտաքին ներկայության՝ բարդ կլինի ընդհանրապես վերադարձի հարց բարձրացնել, և հենց այդ հարցն է փորձում սրանով չեզոքացնել Ադրբեջանը՝ հստակ հասկանալով, որ այն օրակարգում է։

Դուրս բերելով միջազգային ներկայությունը Ղարաբաղից՝ Ադրբեջանը ստեղծում է Ղարաբաղի հայերի համար մի իրավիճակ, որը չի թողնում հայերին որևէ այլընտրանք. եթե ցանկանան վերադառնալ, պետք է ենթարկվեն Ադրբեջանի առաջարկած պայմաններին»,- ասաց վերլուծաբանը։

Դատելով ռուս-թուրքական համատեղ կենտրոնի փակման լուրից՝ վերլուծաբանն ասաց, որ սա, ամենայն հավանականությամբ, նշանակում է, որ խաղաղապահների վերջնական ելքի մասին որոշումը կայացված է։

«Նրանց ներկայության միակ իմաստը հետագայում հայերի հնարավոր վերադարձն էր, սակայն, ամենայն հավանականությամբ, այս սցենարը ևս չաշխատեց, քանի որ չստացավ որևէ արձագանք Երևանից, առավել ևս՝ Բաքվից, ու բանակցություններն արդեն ընթացան լիարժեք ելքի շուրջ։ Իսկ առաջին սցենարը չէր աշխատել ավելի վաղ, երբ մերժվեց Խաղաղության համաձայնագրի ռուսական պլանը, որը հնարավորություն էր տալիս ԼՂ կարգավիճակի հարցը քննարկել ապագայում։

Սա առանձնապես մեծ ձախողում չէ Ռուսաստանի համար, քանի որ ՌԴ արտաքին քաղաքական ողջ ռեսուրսն ուղղված է պատերազմին Ուկրաինայում, ինչը նշանակում է, որ այլ ռեգիոններում ՌԴ ազդեցությունը փոփոխություններ է կրում, հատկապես, երբ հավաքական Արևմուտքը ողջ ներուժով պայքարում է դրա դեմ նաև Անդրկովկասում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս