Թող կարդան Թալեաթի հուշերը. Թալեաթն ինքն է նշում, թե որ տարածքում քանի հոգի է սպանվել հայերից. թուրքագետը՝ իշխանություններին
Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել և ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը. «Ազատության» եթերում հայտարարել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ շեշտելով, թե պետք է ունենալ ցեղասպանության ենթարկված միլիոնուկես հայերի ազգանունները՝ որտե՞ղ, ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում սպանվեցին։
Խորհրդարանական ճեպազրույցներում արդեն իշխող ուժի ներկայացուցիչը վերահաստատել է իր մեկնաբանությունը՝ նկատելով, որ այդ նախաձեռնությունը շատ կարևոր է ապագայում նաև հարաբերությունների կառուցման համար.«Դեմը ապրիլի 24 է, 1,5 էր, 2 միլիոն էր, թե պակաս էր՝ պետք է լինի խիստ հասցեական»:
Մի կողմ թողնենք հանգամանքը, որ 1915 թվականին ցեղասպանված հայերին նույնականացնել է ձգտում մի իշխանություն, որը ցայսօր չի հանրայնացնում 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները, և կենտրոնանանք այս հայտարարության ենթատեքստի վրա:
Արդյո՞ք սրանով փորձ է արվում ճանապարհ բացել Ցեղասպանությունը կասկածի տակ դնող թուրքական առաջարկի վրա, թե պետք է 1915 թվականի իրադարձությունները քննելու համար պատմական հանձնաժողով ստեղծել. 168.am-ը թեմայի առնչությամբ լսել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանին:
«Տպավորություն է, որ օրվա կառավարությունը հենց իրենց իշխանավարման սկզբից աշխատում է Հայաստանի դեմ՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար, ու սա նորից մի քայլ է, որով փորձում են կասկածի տակ դնել Ցեղասպանության փաստը,- ի պատասխան՝ նշեց թուրքագետը՝ նաև նկատելով,- Էդ որտե՞ղ, աշխարհի ո՞ր անկյունում ցեղասպանված ժողովուրդների մոտ կա սպանվածների ցանկ: Չնայած մենք բավականին լավ այդպիսի ցանկեր ունենք. այս մասին միայն ես մի քանի գիրք եմ թարգմանել հայերենից թուրքերենի, և տասնյակ նման գրքեր կան: Բայց թող կարդա նաև հատորները, որոնք կազմվել են 1916 թվականին, որտեղ փրկվածների հետ հարցազրույցներ են արել ու հարցուփորձ են արել, թե որ գյուղից են, քանի հոգի են մահացել իրենց գյուղում: Բայց եթե դա էլ իրեն չի բավականացնում, թող կարդան Թալեաթի հուշերը, որոնք հրատարակված են: Թալեաթն ինքն է նշում, թե որ տարածքում քանի հոգի է սպանվել հայերից, ու ըստ իր ցանկի՝ հաշվվում է 900 հազար հոգի, ու հենց ինքն էլ ասում է, որ այս թիվը պետք է երեսուն տոկոսով ավելացնել»:
Անդրադառնալով համատեղ հանձնաժողով ստեղծելու՝ Թուրքիայի հին ու նոր փորձերին՝ Տիրան Լոքմագյոզյանը հիշեցրեց, որ այդ առաջարկները 30 տարի մերժել են ՀՀ իշխանությունները, քանի որ դրանով թուրքական կողմը փորձ է անում կասկածի տակ դնել հրեշավոր ողբերգությունը՝ Ցեղասպանության փաստը:
«Թուրքիայի նպատակն է՝ նման հանձնաժողովներով ժամանակ ձգել, տասնյակ տարիներով քննել արդեն ապացուցված փաստերը, և այդքան ժամանակ Թուրքիան ազատված կլինի «գլխացավանքից»:
Հանձնաժողովին ի պատասխան՝ Թուրքիային պետք է առաջարկել ուղղակի բացել իրենց ունեցած բոլոր արխիվները՝ անգամ, եթե նկատի ունենանք, որ դրանք մի քանի անգամ հասցրել են մաքրագործել, սակայն կարելի է ինչ-ինչ փաստեր գտնել դարձյալ:
Թող մեկանգամյա հանձնաժողով կազմվի տարբեր պատմաբաններից, այդ թվում՝ օտար, որոնք կուսումնասիրեն թուրքական ու հայկական արխիվները: Թուրքական արխիվները փակ են, նաև կան հատուկ արխիվներ, ինչպես բանակի արխիվը, որտեղ ոչ ոք չի կարող մտնել»,- հավելեց թուրքագետը և նկատեց, որ թուրքական կողմը երբեք չի համաձայնի արխիվները բացելու առաջարկին, և անգամ մտնել չեն թողնելու: