Վրաստանի ՊԱԾ ղեկավարը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ
Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար Մամուկա Մդինարաձեն հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ՝ Թբիլիսի կատարած նրանց պաշտոնական այցերի շրջանակում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Հոկտեմբերի 25-ին և 26-ին կայացած քննարկումներում ընդգծվել է տարածաշրջանային կայունության և տեղեկատվության փոխանակման առաջնահերթությունը։
Հոկտեմբերի 25-ին Մդինարաձեն ընդունել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրեն Ալի Նագիևին։ Քննարկման կենտրոնում է եղել երկու երկրների ռազմավարական գործընկերությունը և անվտանգության ոլորտում ապագա նախաձեռնությունները, ներառյալ՝ տեղեկատվության և փորձի փոխանակման ակտիվացումը։ «Երկու երկրների անվտանգության ծառայությունների համագործակցությունը նպաստում է Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունների ամրապնդմանը և զգալի ներդրում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում», – նշել են Վրաստանի ՊԱԾ-ից։
Մդինարաձեն շնորհակալություն է հայտնել Նագիևին այցի համար։ Հանդիպմանը մասնակցել են երկու ծառայությունների ղեկավարների տեղակալները և ստորաբաժանումների ղեկավարները։ Հանդիպումից հետո պատվիրակությունները ծաղկեպսակներ են դրել Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հուշահամալիրին և Հեյդար Ալիևի հուշարձանին։
Այսօր գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնել է Մդինարաձեի հանդիպման մասին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ։ Վրաստանի ՊԱԾ-ի տվյալներով, կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները, անվտանգության ոլորտում գործընկերության խորացման հեռանկարները և տարածաշրջանային մարտահրավերները։ Հատուկ ուշադրություն է դարձվել երկկողմ համակարգմանն ու տվյալների փոխանակմանը։
Մդինարաձեն խոսել է Վրաստանի դրական դերի մասին Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործում և շնորհակալություն հայտնել հյուրին այցի համար։ Քննարկումներին մասնակցել են Վրաստանի և Հայաստանի հատուկ ծառայությունների ղեկավարների տեղակալները, ինչպես նաև ստորաբաժանումների ներկայացուցիչները։

