«Գաֆեսճեան» հիմնադրամը Երևանին ավելի քան 5000 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույք է նվիրաբերել
«Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամը Երևան համայնքին նվիրաբերել է 5105 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույք։
Այս մասին Երևանի ավագանու ապրիլի 16-ի նիստում հայտնեց քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը՝ անշարժ գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին հարցի քննարկմանը։
««Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամի տնօրենը Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումով հայտնել է հիմնադրամի պատրաստակամությունը Երևան համայնքին անշարժ գույք նվիրաբերելու վերաբերյալ ՝ պայմանով, որ նվիրաբերված տարածքներում կառուցապատման աշխատանքներ չեն իրականացվելու, դրանք այլ անձանց չեն փոխանցվելու և օգտագործվելու են միայն բարեկարգման նպատակով»,-մանրամասնեց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ «Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամը որպես նվիրատվություն Երևան համայնքին է նվիրաբերում սեփականության իրավունքով իրեն պատկանող Անտառային փողոցի համար 1, 1ա,13,139, Ջրաշատ փողոցի համար 27, Սարմենի փողոցի համար 19 և 29 հասցեներում գտնվող ընդհանուր 5105 քառակուսի մետր մակերեսով հողամասերը և դրանցում առկա շինությունները։
Վարչության պետը նշեց, որ Երևանի ավագանու 2022 թվականի համապատասխան որոշմամբ «Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամի կողմից Երևան համայնքին էր նվիրաբերվել Կասկադ համալիրի տարածքի չկառուցապատված 11,83 հեկտար մակերեսով հողամասը, և համայնքը պատրաստակամություն էր հայտնել ավարտին հասցնել համալիրի վերին փոսորակի հատվածում կառուցապատման աշխատանքները՝ ապահովելով աստիճանների և շարժասանդուղքների կապը 50-ամյակի հուշարձանի աստիճանների հետ։