Փաշինյանի հերթական «մեղադրական» խոստովանությունը՝ 44-օրյայի զեկույցից առաջ
Վերջին պատասխան գրությունն օրեր առաջ էր ուղարկվել, որտեղ Անդրանիկ Քոչարյանը կրկնել էր նախկին պատասխանները՝ նշելով. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի զեկույցի պատրաստ լինելուց հետո «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ կտեղեկացվի ՀՀ ԱԺ լիագումար նիստերի ընթացքում»:
Բայց չգիտես՝ ինչու որոշ լրատվամիջոցների հետ հարցազրույցներում չի կաշկանդվում փակագծեր բացել, այսինքն՝ գոնե մոտավոր ժամկետ է նշում: Մասնավորապես, ապրիլի 12-ին NEWS.am-ի հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը նշել է.
«Ես մտածում եմ մայիսի վերջ, եթե մինչև լիագումար նիստերի ավարտը չհասցնենք, ապա սեպտեմբերին մենք կներկայացնենք ամբողջական զեկույցը: Գլխավորը զեկույցի որակն է, որ այն որևէ մեկի մոտ չթողնի հարցեր: Իսրայելում եղել են նման զեկույցներ, որ, օրինակ, տևել են 10 տարի: Մեր օրենսդրությամբ մենք պարտավոր ենք աշխատանքի ավարտից հետո ԱԺ նախագահին ներկայացնել զեկույցը, որ կներկայացվի լիագումար նիստերից մեկում: 1.5 տարի աշխատանք ենք տարել, և նպատակը մեկն է՝ հասկանալ՝ ինչո՞ւ պարտվեցինք: Իսկ դրա մեջ, բացի ռազմականից, կա նաև արտաքին քաղաքականը՝ այն, ինչ Փաշինյանը ներկայացնում է Լիսաբոնի գագաթնաժողովից սկսած, մինչև.…»:
Նախ՝ հերթական անգամ Անդրանիկ Քոչարյանի համար կրկնենք, որ իրենք օրենք են խախտել՝ զեկույցը մինչ այսօր չավարտելով, որովհետև ԱԺ կանոնակարգ-օրենքի Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ավարտին վերաբերող հոդված 26-ը սահմանում է.
«1. Քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են`
1) Ազգային ժողովի նիստում նրա զեկույցի քննարկումն ավարտվելու պահից.
2) հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում, եթե մինչ այդ զեկույցը չի ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը»: Այսինքն, զեկույցի ներկայացումը լավ էլ ձգձգվում է, մեղմ ասած:
Երկրորդ, սեպտեմբեր ամսին ներկայացնելու միտքը վատ ասոցիացիաներ է առաջացնում, քանի որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմին առնչվող զեկույցը ևս պետք է ներկայացվեր 2020 թվականի սեպտեմբեր ամսին, և սկսվեց 44-օրյա պատերազմը:
Երրորդ, Անդրանիկ Քոչարյանը խոստանում է, որ 44-օրյա պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցն ունենալու է բաց մաս, իսկ փակն առավել խիստ ռեժիմի տակ է լինելու, քան Ապրիլյանի դեպքում:
Հիշեցնենք, որ 2016 թվականի քառօրյայի վերաբերյալ զեկույցի խոստացված բաց մասն այդպես էլ չներկայացվեց հանրության դատին:
Չորրորդ, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը խոսում է 2020 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի որակի մասին, այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմի ժամանակ առանցքային պաշտոններ զբաղեցրած անձինք չեն հրավիրվել հարցաքննության՝ պատերազմի ժամանակ Արցախի ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյան, պատերազմի առաջին հատվածում ՀՀ ԱԱԾ տնօրեն եղած Արգիշտի Քյարամյան, որը շարունակել է մնալ Արցախում, երբ արդեն ԱԱԾ ղեկավար չէր՝ լինելով նաև Շուշիում, ՀՀ ԱԱԾ գործող տնօրեն Արմեն Աբազյան, ով պաշտոնը ստանձնել է կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից մեկ օր առաջ, ՊԲ հրամանատարները ևս չեն հարցաքննվել, և եթե Ջալալ Հարությունյանի դեպքում, այսպես ասած, օրինական անցքեր գտան, ապա ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանին իշխանությունները ցանկություն չունեցան ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի համար կիրառված տարբերակով կանչել հանձնաժողով և լսել, թեկուզև փակ ընթացակարգով, բայց դրա արդյունքում հնարավոր է՝ Շուշիի հետ կապված կարևոր արձանագրումներ լինեն:
Ավելին, թեև նախապես հայտարարված էր, բայց հանձնաժողովում չլսեցին նաև Անդրանիկ Քոչարյանի ասած՝ Հադրութի դիվիզիայի հրամանատարին:
Այս դեպքում ի՞նչ որակի մասին կարող է խոսք լինել, սա՝ զուտ ռազմական առումով: Իսկ արտաքին քաղաքականության հատվածի համար էլ հիմք են ծառայելու Նիկոլ Փաշինյանի բանակցային գործընթացի մասին աղավաղված պատկերացումներն ու պնդումները՝ 1990-ականներից սկսած: Պատկերացնում եք, չէ՞, այդ զեկույցի որակը նաև արտաքին քաղաքականության և դիվանագիտական ուղղությամբ:
Ի դեպ, ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի շրջանակում Անդրանիկ Քոչարյանը լսել է Արցախի հարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ բավարար տեղեկություն, ինչո՞ւ են հիմա այդքան հետ գնում, հատկապես, երբ իշխանափոխությունից հետո՝ 2019 թվականի ապրիլին, լրագրողների հետ զրույցում՝ հարցին՝ «բանակցությունները սկսել է այն կետի՞ց, որ կետից որ կանգ է առել Սերժ Սարգսյանը», Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր.
«Ոչ, ես այդ կետից չեմ սկսել, ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից, սա կարևոր նրբություն է»։
Ինչո՞ւ Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովը չի սկսում Փաշինյանի ասած՝ «կարևոր նրբությունից»: Ի դեպ, զեկույցի դիվանագիտական մասում հաշվի առնվելո՞ւ են, օրինակ, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի 2020 թվականի նոյեմբերի 17-ի ուղերձում արված դիտարկումները և 2023 թվականի հունիսի 28-ի հայտարարության մեջ նշված արտաքին քաղաքականության ոլորտում կարևոր միջոցառումների չիրականացման և դիվանագիտության ձախողման հստակ փաստերը, որոնցից, թերևս, ներկայացված կլինեն նաև քննիչ հանձնաժողովում:
Գեներալը, մասնավորապես, հայտնել էր.
«2020թ. հուլիսի 4-ին, զինված ուժերի գլխավոր շտաբում ՀՀ Վարչապետին և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրել եմ զեկույց՝ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում զորքերը հակառակորդի հավանական ագրեսիայի դիմագրավմանը նախապատրաստելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: Ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքներով ՀՀ վարչապետին առաջարկել եմ.
– ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու, կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ-ի հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին (Իրան և Վրաստան)՝ բարեկամաբար տրամադրելուն»:
Այնուհետև 2023 թվականի հունիսի իր հայտարարության մեջ Օնիկ Գասպարյանը շարունակել էր.
«Դիվանագիտական թույլ աշխատանքի հետևանքով շրջափակման մեջ հայտնվելու պայմաններում, ոչ արդյունավետ կազմակերպվեց զինված ուժերը անհրաժեշտ քանակի հրթիռներով և զինամթերքով անխափան ու կանոնավոր ապահովումները, ինչի հետևանքով լիարժեք հնարավորություն չտվեց հրթիռների և զինամթերքի ծախսը, ինչպես նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար»:
Անդրանիկ Քոչարյանը, որ վերջին շրջանում և վերևում հիշատակված հարցազրույցում փորձում է 44-օրյա պարտության գլխավոր պատճառներից դիտարկել մատակարարված «անորակ զենքը» կամ «անպիտան հրթիռները»՝ թիրախավորելով կոնկրետ անձանց, արդյո՞ք ԳՇ նախկին պետի այս պնդումները հաշվի առնելու է: Դավիթ Տոնոյանի հարցաքննության փակ հատվածում Նիկոլ Փաշինյանի համար «մտահոգիչ» պատասխանները առանցքային դերակատարում ունենալո՞ւ են զեկույցում: Ժամանակը ցույց կտա, բայց լուրջ ակնկալիքներ չկան պարտության իրական պատճառները վեր հանելու առումով՝ հաշվի առնելով վերոնշյալ որոշ փաստերը:
Բացի այս, Նիկոլ Փաշինյանը շարունակում է պարտության մեղադրական սլաքն ուղղել միայն բանակի ու զինվորականության, դաշնակիցների ուղղությամբ: Մասնավորապես, Փաշինյանն ապրիլի 11-ին ԱԺ-ում ակնարկել է՝ «դեպք է եղել, որ օրենքով սահմանված է, որ մեր հրամանով պետք է համատեղ ՀՕՊ-ը միանա, բայց մեր հրամանով համատեղ ՀՕՊ-ը չի միացել»:
Եթե իրականում նման բան եղել է, և գործի չի դրվել Հայաստան-ՌԴ ՀՕՊ միացյալ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, ապա այն, թերևս, կարելի է նաև տեղավորել Օնիկ Գասպարյանի հայտարարության մեջ նշված դիտարկման տրամաբանության մեջ:
168.am-ն այս առնչությամբ գրավոր հարցում է ուղարկել նաև ՀՀ պաշտպանության նախարարություն, պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:
Մինչ այդ հիշեցնենք, որ ըստ համաձայնագրի 6-րդ հոդվածի՝ «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) համատեղ գործողությունների ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը», իսկ «Հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի (ուժերի) համատեղ գործողությունների կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը»:
Իսկ համաձայնագրում առկա «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի մասին» կանոնակարգում նաև նշվում է.
«Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի Հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կողմից զենքի կիրառման կարգը սահմանվում է այն Կողմի օրենսդրությամբ, որի օդային տարածքում գտնվում է օբյեկտը, որի նկատմամբ կիրառվում է զենքը»:
Ի դեպ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2016 թվականին արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում վստահեցրել էր, որ Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգը չի նշանակում ազգային ՀՕՊ համակարգի վերացում։
«Հայաստանի ՀՕՊ ուժերի հրամանատարը լինելու է Հայաստանի Զինված ուժերի ՀՕՊ պետը, և հրամաններն ինքն է արձակելու։ Այսինքն՝ սա ոչ թե ազգային համակարգի վերացում է և մեկ ընդհանրականի ստեղծում, այլ ջանքերի համատեղում։ Եվ սա շատ նորմալ է։ Այսինքն, մեր հակաօդային պաշտպանությունն իրականացնելու ենք մենք՝ մեր գործընկերների աջակցությամբ, այնպես, ինչպես մեր գործընկերներն իրենց ՀՕՊ խնդիրներն իրականացնելու են իրենց ուժերով, անհրաժեշտության դեպքում՝ մեր օժանդակությամբ»,- նշել էր նա:
Իսկ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմում բանակին առնչվող այլ խնդիր էլ էր նշել.
«44-օրյա պատերազմի ամենամեծ պրոբլեմներից մեկն այն էր, որ պարզվեց՝ բանակը չգիտի կողմնորոշվել: Այո, մենք էինք մեղավոր, որ երկու տարի եկել էինք՝ չէինք հասցրել 30 տարվա բանակին սովորեցնել, թե ոնց է պետք տեղանքում կողմնորոշվել: Իհարկե, մենք էինք մեղավոր»:
Այն, որ եթե բանակին չխանգարեին, պատերազմում առնվազն այս արդյունքով չէինք պարտվելու, ինչով պարտվեցինք՝ անվիճելի է:
Ի վերջո, այդ նույն բանակն է, որ պահել է Քարվաճառը, Աղդամը, Լաչինը, որոնք անկրակոց Փաշինյանը հանձնել է Ադրբեջանին 2020 թվականի նոյեմբերյան եռակողմ հայտարարությամբ, այդ նույն բանակն է պահել Մարտակերտը և ոչ միայն: Այսինքն, այս ամենը փաստում է, որ կողմնորոշվելու հետ կապված՝ ամենևին էլ խնդիրներ չեն եղել:
Մյուս կողմից, այո, եղել են զինվորականներ, հրամանատարներ, որոնք իրենց վստահված տեղանքում չեն կողմնորոշվել: Բայց սրա մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Դեռ 3 տարի առաջ 168.am-ը գրել էր, որ նախքան պատերազմը կադրային ոչ ճիշտ փոփոխություններ են եղել ՀՀ Զինված ուժերում (ԶՈՒ) և Արցախի Պաշտպանության բանակում (ՊԲ), որ նախապատերազմյան և պատերազմական ժամանակահատվածում նշանակված հրամանատարները հաճախ չեն տիրապետել համապատասխան պաշտպանական շրջանների կամ զորամիավորումների հսկողության տակ գտնվող տարածքներին, դիրքերին, տեղանքների «նրբություններին»:
Մենք նշել էինք, որ պատերազմի ընթացքում անկազմակերպ վիճակը բխել է նաև այս կամ այն հրամանատարի՝ տեղանքին ծանոթ չլինելու հանգամանքից: Այսինքն, նրանք որոշ դեպքերում նաև օբյեկտիվորեն չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում և դիրքերում և չեն կարողացել համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ հակառակորդի հետ կռվում մենակ թողնելով զինվորներին: Եվ նման նշանակումներ եղել են կարևոր հատվածումներում:
Ո՞վ է սրա մեղավորը՝ տվյալ հրամանատա՞րը, թե՞ նրան նշանակողը, կամ նշանակումը հաստատողը, խրախուսողը: Էլ չենք խոսում գուցեև ճիշտ, բայց ոչ պատահական կադրային փոփոխությունների մասին:
Դիտավորությո՞ւն, դավադրությո՞ւն, թե՞ պատահականություն… սպասենք Քննիչ հանձնաժողովի եզրակացությանը, թեպետ դրա պատասխանը պատերազմի ելքն ու հետպատերազմյան զարգացումները տվել են…