
Աջակցություն անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների՞ն, թե՞ նախընտրական բարեգործություն, կամ՝ պետական կաշառք

Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների վարկերը մարելու համար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը պետբյուջեից նորից գումար հատկացրեց, այս անգամ՝ շուրջ կես միլիարդ դրամ։
Ըստ գործադիրի համապատասխան որոշման՝ 520 միլիոն դրամ կհատկացվի 2025թ. օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար անհուսալի վարկեր ունեցողներին։
Ի դեպ, պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 9-ի դրությամբ ծրագրից օգտվել է 5715 քաղաքացի․ 789-ի վարկերն ամբողջությամբ մարվել են, որի համար հատկացվել է 156.3 մլն դրամ։
Հանրային, այդ թվում՝ մասնագիտական շրջանակներում հնչում է տեսակետ, որ այս ծրագիրը ոչ այլ ինչ է, քան կաշառք։
Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանն այն բնութագրում է «պետական կաշառք» ձևակերպմամբ։
«Գուցե ծայրահեղական հնչի, բայց այլ կերպ չեմ կարողանա մեկնաբանել, որովհետև բյուջեի հաշվին փոխհատուցել ինչ-որ անհուսալի վարկեր՝ կատաստրոֆա է։ Ստացվում է՝ պարտաճանաչ հարկատուներս հարկ ենք վճարում, որ ինչ-որ մի անհուսալի վարկառուի վարկ փոխհատուցվի պետական բյուջեի հաշվին։ Ո՞րն է դրա նպատակը, ուզում եմ հասկանալ»,- հավելեց տնտեսագետը։
Իսկ նմանատիպ ծրագրերի նպատակները, ըստ տնտեսագետի, բացառապես քաղաքական են՝ երկրարաժամկետ, կամ կարճաժամկետ քաղաքական էֆեկտների, դիվիդենտների ակնկալիքով։
«Գուցե սխալվում եմ, բայց նախընտրական տարի է, և 2026 թվականի ընտրություններից առաջ, թերևս, ձայն հավաքելու ինչ-որ մի գործիք են նմանատիպ երևույթները։ Ուզում է՝ լինի 1 լումա, լինի 100․000 դրամ, կամ՝ 10 միլիոն, էական չէ, քանի որ բյուջեի հաշվին է տեղի ունենում փոխհատուցումը,- շեշտեց նա և համեմատության համար հիշեցրեց մեկ այլ նմանատիպ երևույթի մասին,- Օրինակ, ասում են՝ արտահանումը դիվերսիֆիկացնենք դեպի Եվրոպական միություն (ԵՄ)։ Եվրամիությունը հստակ կանոններ ունի․ եթե քո արտահանման 40 տոկոսը բաժին չի ընկնում Եվրամիությանը, ապա դու մեր շարքերում անելու բան չունես։ Բայց Հայաստանի Հանրապետության արտահանումը Եվրամիությանը բաժին ընկնող արտահանման ընդամենը 4․7 տոկոսն է կազմում։ Պետությունն ի՞նչ է անում՝ բյուջեից տալիս է գումար բոլոր արտահանողներին, որոնք ապրանքներ կարտահանեն Եվրոպա։ Պարզ է, թե ինչի համար․ քաղաքական նպատակ կա, որ մարդիկ Եվրոպա արտահանեն։ Այսինքն՝ իմ, ձեր, այլ մարդկանց հաշվին, մեկ այլ հարկատուի գումար է վճարվում պետական բյուջեից, որպեսզի ինքը Եվրամիության ապրանք արտահանի․ աբսո՛ւրդ կատարյալ»։
Տնտեսագետը շեշտեց, որ այս իրողությունները համադրելով՝ նմանատիպ երևույթները կարելի է որակել «անուղղակի ընտրակաշառք»։
Հենց այս ուղեծրում Հայկ Ֆարմանյանը դիտարկեց նաև Զինված ուժերին առնչվող՝ ծառայության ժամկետը կրճատելու վերջին փոփոխության առաջարկը։
Հիշեցնենք, ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 6 ամսով և սահմանել 18 ամիս՝ սկսած 2026 թվականի ամառային զորակոչից։ Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի e-draft.am կայքում։
«Ինչո՞ւ հենց հիմա․ նմանատիպ քայլերն այնքան ակնհայտ են, որ այստեղ ավելորդ է անգամ հաշվարկների մեջ խորանալ, թե բյուջեի վրա ինչքա՞ն կնստի․ ուզում է նստի 100 դոլար՝ ի՞նչ կապ ունի։ Դա էլ է հարկատուի վճարած գումարը, 10 միլիոնն էլ է հարկատուի վճարած գումարը… Հետևաբար, նման քայլերը պիտի ունենան հստակ բացատրություն՝ ինչի՞ բյուջեից»,- ամփոփեց Հայկ Ֆարմանյանը։
Հիշեցնենք՝ 2025թ. փետրվարից կիրարկված անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, որոնց ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ չի գերազանցում 1 մլն դրամը, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։ Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն զբաղվածություն, այսինքն՝ գրանցված աշխատող են։
Աջակցությունը տրվում է շահառուի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը: Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելուն հաջորդող ամսվա 1-ից։