Դիտավորությո՞ւն, դավադրությո՞ւն, թե՞ պատահականություն. Պատերազմից առաջ ոչ պատահական կադրային փոփոխությունները ՊԲ-ում և ՀՀ ԶՈՒ-երում
Արցախյան 44-օրյա նվաստացուցիչ պատերազմի ընթացքի, ելքի վրա պակաս ազդեցություն չունեցան, եթե չասենք՝ վճռորոշ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք նախքան պատերազմը կատարված կադրային փոփոխությունները ՀՀ Զինված ուժերում (ԶՈՒ) և Արցախի Պաշտպանության բանակում (ՊԲ): Նման կադրային փոփոխությունները պատերազմից առաջ պարզապես անթույլատրելի են և հղի են լրջագույն վտանգներով, ինչի ականատեսը դարձանք 44-օրյա պատերազմի ընթացքում:
Ընդ որում, նախապատերազմյան և պատերազմական ժամանակահատվածում նշանակված հրամանատարները հաճախ չեն տիրապետել համապատասխան պաշտպանական շրջանների կամ զորամիավորումների հսկողության տակ գտնվող տարածքներին, դիրքերին, տեղանքների «նրբություններին»: Ըստ այդմ՝ պատերազմի ընթացքում անկազմակերպ վիճակը բխել է նաև այս կամ այն հրամանատարի՝ տեղանքին ծանոթ չլինելուց: Նրանք որոշ դեպքերում օբյեկտիվորեն չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում և դիրքերում և չեն կարողացել համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ հակառակորդի հետ կռվում մենակ թողնելով զինվորներին: Այդ մասին մամուլում բազմիցս են բարձրաձայնել թե զինվորականները, թե փորձագետները, թե զոհերի ծնողները, և թե իրենք՝ ողջ մնացած զինվորներից շատերը:
Դեռ այս տարվա մայիսին 168.am-ը գրել էր, որ ՊԲ հրամանատարների փոփոխություններ եղել են նաև մի քանի պաշտպանական շրջաններում (ՊՇ) (օրինակ՝ 1-ին, 2-րդ, 6-րդ), զորամասերում՝ Մարտակերտի Հորաթաղ, Ցոր, Հադրութ և այլն: Ընդ որում, որոշ զորամասերի հրամանատարներ փոխվել են մի քանի անգամ: Մասնավորապես, գրել էինք, թե ինչպես է պատերազմի ժամանակ «չեզոքացվել» Ջաբրայիլի զորամասի հրամանատարը:
Բացի այդ, 2018-ի հեղափոխություն կոչվածից սկսած ՊԲ վերնախավում են եղել կադրային փոփոխություններ, որոնք, ըստ էության, քաղաքական որոշումներ են զուտ եղել:
Ստորև ներկայացնում ենք կադրային փոփոխությունները Արցախի ՊԲ-ում՝ 2018-2020 թվականներին
Արցախի ՊԲ հրամանատարներ-պաշտպանության նախարարներ
Լևոն Մնացականյան-15.06.2015-14.12.2018
Կարեն Աբրահամյան -14.12.2018- 24.02.2020
Ջալալ Հարությունյան-24.02.2020-27.10.2020 (երբ պատերազմը սկսվեց, նա նշված պաշտոնում ընդամենը 7 ամսվա փորձ ուներ):
Միքայել Արզումանյան-27.10.2020-11.09.2021 (նշված պաշտոնում ընդամենը 11 ամիս է պաշտոնավարել): Նրան օրեր առաջ փոխարինել է գեներալ-մայոր Կամո Վարդանյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնը:
Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալներ
Կամո Վարդանյան-19.03.2020-11.09.2021: Հավելենք, որ նա Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնում եղել է նաև 2012-2017 թվականներին: Բայց, եթե այս պաշտոնում վերջին նշանակումը վերցնենք, ապա պատերազմը սկսվելու ժամանակ նա ընդամենը 6 ամսվա փորձ ուներ:
Հովհաննես Ավագյան-04.07.2020-07.11.2020: Գնդապետը վերջին պատերազմում զոհվել է Շուշիի համար մարտերում: Պատերազմի վերսկսման ժամանակ նշված պաշտոնում Ավագյանը ընդամենը 3 ամսվա փորձ ուներ: Մինչ այդ Հովհաննես Ավագյանը զբաղեցնում էր Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալի պաշտոնը:
Արթուր Սարգսյան-04.07.2020-25.10.2020: Նա զոհվել է վերջին՝ 44-օրյա պատերազմում: Պատերազմի վերսկսման ժամանակ նշված պաշտոնում Սարգսյանը ընդամենը 3 ամսվա փորձ ուներ:
Դավիթ Մանուկյան-Նշանակվել է 26.12.2019թ.-մինչ օրս պաշտոնավարում է:
Վիկտոր Առուստամյան-Նշանակվել է 28.08.2019թ.- մինչ օրս պաշտոնավարում է:
Նշենք, որ Հայաստանի և Արցախի նախկին իշխանություններն ու ռազմական ղեկավարությունն այն կարծիքին են եղել, որ ռազմական բարձրագույն և կարևորագույն պաշտոններում կադրային փոփոխություն չպետք է լինի առնվազն 3-6 տարի, քանի որ պատերազմի սկսման վտանգ կա: Իսկ պատերազմի վտանգի մասին ոչ միայն հայաստանյան փորձագետներն ու վերլուծաբանները, մասնագետներն են մշտապես ահազանգ հնչեցրել, այլև միջազգային ռազմաքաղաքական փորձագետները:
Այսինքն, զինվորականը գոնե 3-6 տարի պիտի պաշտոնավարի իրեն վստահված պաշտոնում, որպեսզի դրանից բխող նրբություններին հասցնի տիրապետել, եթե անգամ փորձառու զինվորական է: Օրինակ, Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնը Մովսես Հակոբյանը զբաղեցրել է 2007-ի մայիսի 11-ից մինչև 2015-ի հունիսի 15-ը, Սեյրան Օհանյանը՝ 1999-ի օգոստոսից մինչև 2007-ի մայիսը: Կամ՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում գեներալ Յուրի Խաչատուրովը պաշտոնավարել է 2009-ի հունվարից մինչև 2016-ի հոկտեմբեր: Այս շարքը կարելի է շարունակել:
Այս համատեքստում հարկ է նշել, որ 2020թ. հունիսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը գեներալ Օնիկ Գասպարյանին նշանակում է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:
Ընդ որում, այդ պաշտոնում Օնիկ Գասպարյանը փոխարինում է Արտակ Դավթյանին, ով այդ պաշտոնին նշանակվել էր 2018-ի մայիսին: Ավելին, Արտակ Դավթյանին ազատում են համաճարակային իրավիճակում որդու հարսանիքը կազմակերպելու անհեթեթ պատրվակով, թեպետ ինքը՝ Դավթյանը, հերքում է ավելի ուշ՝ չմանրամասնելով պատճառը: Իսկ պատերազմից հետո՝ 2021 թվականի մարտի 22-ին, իրավունքի ուժով Արտակ Դավթյանը վերադառնում է ԳՇ պետի պաշտոնին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին: Ստացվում է, որ Արտակ Դավթյանը պատերազմից առաջ հեռանում է և վերադառնում է պատերազմից հետո: Երկրի Գլխավոր շտաբի պետին նման զավեշտալի պատրվակով չեն ազատում պաշտոնից: Իսկ եթե նրա ռազմական կարողությունները չէին համապատասխանում այդ պաշտոնի համար, ապա ինչո՞ւ է նրան նույն Նիկոլ Փաշինյանը կրկին վերադարձնում: Սա, իհարկե, այլ ուսումնասիրության թեմա է:
Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի նշանակումից մեկ ամիս հետո Տավուշում Ադրբեջանը մարտական գործողություններ է սանձազերծում, իսկ նշանակման պահից մոտ 3 ամիս հետո սկսվում է արցախյան վերջին պատերազմը: Դե, իսկ պատերազմի ավարտից ամիսներ հետո Օնիկ Գասպարյանը հանկարծ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ ընդունել ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում, թեպետ պատերազմի ողջ ընթացքում բազմիցս ականատես ենք եղել նրա ոչ ադեկվատ որոշումներին:
Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին՝ գեներալ Գասպարյանի հանդեպ է երբեմնի վստահությունը կորցնում և իրավունքի ուժով հասնում նրա պաշտոնազրկմանը: Գեներալը որոշում է իշխանությունների որոշման դեմ պայքարել վարչական դատարանում:
Այսօր պարզ դարձավ, որ Օնիկ Գասպարյանն ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի գործով վարույթը կարճվել է:
Իսկ ՀՀ ԶՈւ-երում կադրային փոփոխություններն արդեն պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի ձեռամբ շարունակվում են: Ավելին, ակտիվորեն կառուցվածքային փոփոխություններ են ընթանում, ազատվում են փորձառուներից: Իսկ պատերազմի ժամանակ պաշտոնավարած նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, թերևս, լուռ և ուշադիր հետևում է այս զարգացումներին: Յուրաքանչյուրը, ըստ էության, խոսելու իր հարմար պահն ունի որոշած՝ Տոնոյան, Օնիկ Գասպարյան, Ջալալ Հարությունյան, իսկ գործնականում ՀՀ տարածքային քարտեզը գնալով «փոքրանում» է…