
Կա՛մ միանում են, կա՛մ առաջարկում են նոր բան. հարվածները ձեզ վրա չեն գալու, մե՛զ վրա են գալու. Հայկ Մամիջանյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Հայկ Մամիջանյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Կան բաներ, որոնք իմ դաստիարակությունն ինձ թույլ չի տա անել, իսկ կան մարդիկ, որոնք դաստիարակություն չունեն։ Բայց Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, երբ ասում էր՝ ընդդիմություն չկա, որովհետև Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն արդեն ողջ ժողովուրդն է։ Մի բանում էլ է ճիշտ Ալեն Սիմոնյանը, երբ ասում էր՝ իմ նկարը դնեն, ավելի շատ մարդ կհավաքվի։ Կհավաքվեն, այլ հարց է, թե կհավաքվեն, որ ինչ անեն այդ նկարի հետ։ Իսկ առհասարակ իրականում Հայաստանում իշխանություն չկա․ Հայաստանին վերաբերող որոշումները վաղուց Փաշինյանը չի կայացնում։ Դրանք կայացվում են Ադրբեջանում։
- Երբ Փաշինյանն Ալիևից որևէ նախապայման է լսում, մտածում է ոչ թե դրան հակազդելու մասին, այլ, թե ինչպես դրանք արագ իրականացնի, բայց խաբի հայ ժողովրդին։ Իրենց նույնիսկ չի հետաքրքրում այն փաստը, որ եթե հիմա երգում են՝ «խաղաղություն, խաղաղություն», վաղը երբ այդ պայմանագիրը ստորագրվեց, ու էսկալացիա եղավ, ի՞նչ են երգելու՝ «նորից եկավ աշո՞ւն»։ Կրկնում եմ՝ խաղաղության մտադրությունների մասին էդ թուղթը Փաշինյանին պետք է լոկ նախընտրական նկատառումներով։
- Հիշեցնեմ՝ առաջ կարողանում էինք գնալ Արցախ, առաջ մարդիկ կարողանում էին խաղաղ ապրել իրենց հայրենիքում՝ Արցախում, հիմա այնտեղ հայ չկա։ Ուզում ես՝ ելիր երկինք, իջիր գետնին, դա է փաստը։
- Նիկոլ Փաշինյան, ի՞նչ ես հեքիաթ պատմում․ ԵԱՀԿ Մինսկի խմբից էին լինում բոլոր հասցեական հայտարարությունները, ինչի՞ փոզմիշ արեցիր 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանի կողմից ձեռք բերված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, որոնք կյանքեր էին փրկում… Այն, ինչ դուր չի գալիս Ալիևին, դուր չի գալիս Փաշինյանին, այն, ինչ դուր է գալիս Ալիևին, հաճելի և օգտակար է Փաշինյանի համար։
- Այո՛, հաստատում եմ․ իմպիչմենտի հարցով Խորհրդարանում լսումներ լինելու են։ Մենք Փաշինյանին հեռացնելու ճանապարհն առաջարկել ենք։ Կա՛մ միանում են դրան, կա՛մ առաջարկում են նոր բան։ Այդ լսումներն ավելի շատ լուծումների մասին են։ 2026թ․ ընտրություններին սպասելն այլընտրանքային լուծում չէ։ Անդադար խավարից բողոքելու փոխարեն՝ կարելի է փորձել մոմ վառել։ Էդ մոմերն ինչքան շատ լինեն, այնքան շուտ խավարը կցրեն։
- Ակնկալել, որ մեր քաղաքացիները կհամախմբվեն՝ տեսնելով, որ մեր խորհրդարանական ընդդիմությունը համախմբված չէ, նաիվ է։ Եկե՛ք ցույց տանք մեր ժողովրդին, որ առնվազն Փաշինյանին հեռացնելու մեր խոստումն ուժի մեջ է, ու գործողություն անենք։ Թույլատրելի էլեկտրաշոկերը կողքդ կպցրած՝ չինքնապաշտպանվես ու թույլ տաս, որ վրադ հարձակվեն, չգիտեմ՝ ինչի նման է։ Հանրությանը կոնսոլիդացիայի կոչ անելուց առաջ արժե, որ գոնե եղած ուժերը համախմբվեն։
- Իմպիչմենտի քաղաքական պատասխանատվությունը կրում են ՀՀԿ-ն ու «Պատիվ ունեմ» խմբակցությունը։ Այսինքն՝ եթե գալիք ընտրություններում ձայն պիտի կորցնենք, կորցնողը մե՛նք ենք լինելու։ Եթե նույնիսկ չհաջողենք, հարվածները ձեզ վրա չեն գալու, մե՛զ վրա են գալու։
- Բոլոր փողոցային նախորդ մեծ շարժումներն իրենց նպատակին, ցավոք, չեն հասել, բայց ամեն հաջորդ շարժմանն ավելի շատ մարդ է մասնակցել։ Իսկ կարո՞ղ է այս անգամ էլ նախորդից շատ մարդ հավաքվի։ Մարդիկ պիտի մտածեն՝ մեզ պետք է 18 ՔՊ-ականի ձայն, հետևաբար՝ իմ անելիքն է՝ հանրային ճնշում ՔՊ-ականների վրա։ Երբեք չի եղել այնպես, երբ մեր կարիքը որևէ շարժման ժամանակ զգացվել է, մենք ասենք՝ բայց արժե՞, թե՞ չէ, կստացվի՞, թե՞ չի ստացվի։ Բարդ է լինելու։ Իսկ ո՞վ ասաց, որ պայքարը հեշտ է լինելու։ Սա ծանր, բայց պատվաբեր պայքար է։
- Մեր առաջ քաշած հրատապ համաներման պահանջը որևէ աղերս չունի քաղբանտարկյալների հետ․ նրանք պետք է ազատ արձակվեն անհապաղ։ Հայաստանում այսօր 2400 ազատազրկված անձանց գրեթե կեսը նախնական կալանքի տակ է․ դա ահասարսուռ թիվ է։ ՔԿՀ-ները գերծանրաբեռնված են։ Կալանավոր պահելը թանկ բան է։ Պատկերացրեք՝ դա քանի ընտանիքի է առնչվում, ինչքան երեխա է զուրկ մնում ծնողական սիրուց։ Եվ, ի վերջո, նպատակը պատժելը չէ, այլ վերասոցիալականացումը։ Հայաստանում վերջին անգամ համաներում հայտարարվել է 2018 թվականին։ Այդ անհրաժեշտությունն այսօր ավելի քան հրատապ է։
- Ապուշություններ մի՛ հորինեք, փողերի լվացում, բան… լիրիկայի դաշտից դո՛ւրս եկեք, միանգամից Քրեական օրենսգրքի մեջ փոփոխություն արեք ու մարդկանց դատե՛ք հայրենասեր լինելու համար։
Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Մայրիկները Իրական Հայաստանի՝ գնալով ավելի ծանրակշիռ դարձող գործոն են։
Հենց նրանք են, որ ռացիոնալությունը դարձնում են պետության կառավարման և կյանքի կազմակերպման ռազմավարություն»։
- Հանրային խոսքի մեջ գոյություն ունեն սակրալ, սուրբ թեմաներ։ Յուրաքանչյուր հասարակության մեջ դրանք տարբեր են։ Եվ երբ դու քո սրիկայական թեզը կապում ես սակրալ՝ սուրբ թեմային, տվյալ դեպքում՝ մորը, դու քո կեղտոտ թեզերը փորձում ես փաթեթավորել սուրբ թեմաներով։ Դա է անում Նիկոլ Փաշինյանը:
- Եվ ովքեր կասեն՝ պատերազմն առանց զոհերի չի լինում, թող հիշեն, որ 2020թ․ հոկտեմբերի կեսին Նիկոլ Փաշինյանը կարող էր կանգնեցնել պատերազմը, բայց չի արել, որ իրեն դավաճան չասեն։ Դա ինքն է խոստովանել։
- Արժե՞ր Արցախը հանձնել, 5000 տղայի զոհել, որ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի օդային տարածքով գնար Չինաստան, իսկ Աննա Հակոբյանը նկարվեր Մեհրիբան Ալիևայի հետ։ Ա՛յ այս հարցին թող պատասխանեն մեր քաղաքացիները։
Մանրամասները՝ տեսանյութում։