«Արցախում ապահովված ընտանիքներից ենք եղել, հիմա դարձել ենք անապահով. հագուստ, սնունդ ու գումար է անհրաժեշտ». Արցախից բռնի տեղահանված
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսած պատերազմի արդյունքում Արցախից բռնի տեղահանված Ստեփանյանների ընտանիքը երկրորդ անգամ է կորցրել տունը։
Մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը Ստեփանյանները երջանիկ ապրում էին Շուշիում՝ իրենց ստեղծած տանը, աշխատում էին, մեծ ընտանիք են ստեղծել, սակայն պատերազմի արդյունքում տեղահանվեցին ու կորցրեցին ամեն ինչ։ Երկրորդ անգամ Ստեփանակերտում տուն ստացան՝ որպես բազմազավակ ընտանիք, սակայն 2023 թվականին կրկին կորցրեցին։
Այժմ 40-ամյա Բելլա Ստեփանյանն ամուսնու ու վեց անչափահաս երեխաների հետ բնակվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ վարձակալած բնակարանում։
168.am-ի հետ զրույցում Բելլա Ստեփանյանը պատմեց, որ տեղահանվելուց հետո կյանքն անտանելի է դարձել. մի կողմից՝ հայրենիքը կորցնելու ցավը, մյուս կողմից՝ հազար ու մի սոցիալական խնդիրները։
«Դժվար է պահել 8 հոգանոց ընտանիք, երբ բնակարանի, կոմունալների համար պետք է վճարես, երեխաներին ուղարկես դպրոց, երեխաներիցս 5-ը դպրոցական են, կերակրես, այն դեպքում, երբ աշխատանք չկա։
Արցախում մենք ամեն ինչ ունեինք, մինչև 44-օրյա պատերազմը երջանիկ մեր Շուշիում ապրում էինք։ Շուշիի օկուպացիայից հետո Արցախից դուրս չեկանք, մեր հողին կպած ապրում էինք, Ստեփանակերտում տուն էինք ստացել, բայց մենք գնացել էինք Մարտունու շրջանի Կաղարծինում էինք ապրում՝ իմ հայրական տանը, որը եղբայրս էր նվիրել ինձ։ Հող ու այգի էինք մշակում, որևէ բանի խնդիր չունեինք։ Բայց հիմա ամեն ինչ կորցրել ենք ու ամեն ինչի կարիք ունենք, սկսած հագուստից՝ մինչև սնունդ»,- նշեց Բելլա Ստեփանյանը։
Արցախցի կնոջ խոսքով՝ ընտանիքի եկամտի միակ աղբյուրը վերջին տարիներին Արցախից բերված միակ մեքենան է եղել, ամուսինը տաքսի է վարել ու օրվա հացի գումարը վաստակել։ Սակայն վերջերս տեղի ունեցած վթարի հետևանքով մեքենան չի աշխատում, զրկվել են օրվա հացից։
«Կառավարությունից տրամադրվող 50 հազար դրամների հույսին ենք, բայց դրանք 3 ամիսը մեկ են տալիս, արդեն երրորդ ամիսն է՝ մենք այդ գումարը չենք ստացել։ Խանութից օրը մի քանի հաց պարտքով եմ վերցնում։ Տունն էլեկտրական հոսանքով եմ տաքացնում, չենք կարողանում կումունալները վճարել, գոնե այդ գումարն ամիսը մեկ որ տային, մի խնդիր կլուծեինք, 100 հազար միայն կոմունալ ենք վճարում, 80 հազար՝ տան վարձ։ Ինչ տեղափոխվել ենք Վանաձոր՝ ամեն օր երեխաները հիվանդանում են, խոնավ է շատ։
Ամուսինս 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորվել է, մինչև հիմա գլխի մեջ «ասկոլկա» կա, կամավոր էր գնացել մեր տղաներին օգնության, հետն էլ մեր 15 տարեկան տղային էր տարել։ Տղաս թշնամու շրջափակման մեջ է ընկել, հազիվ են կարողացել դուրս բերել»,- նշեց Բելլա Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ Արցախից բռնի տեղահանվել են 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, մինչև Գորիս ճանապարհն անցել են 2 օր, 2 դժոխային օրեր։ Իրենց հետ որևէ բան չեն վերցրել, քանի որ մեքենայի մեջ մի կերպ են տեղավորվել։
«Հիմա դարձել ենք անապահով ընտանիք, որքան էլ ցավալի լինի մեզ համար, բայց այսօր այդ կարգավիճակում ենք, ասում եմ՝ ցավալի, որովհետև Արցախում ապահովված ընտանիքներից ենք եղել։
Հիմա հագուստ ու սնունդ է անհրաժեշտ, գումար, որպեսզի խանութի պարտքերը մարեմ, կոմունալը վճարեմ։ Դժվար է առանց օգնության։
Եթե Արցախն ազատագրվի ու այնտեղ որևէ թուրք չլինի, իմ հողն է՝ կվերադառնամ։ Բայց Արցախ չեմ գնա՝ որպես Ադրբեջանի քաղաքացի, թուրքի մեջ ես չեմ կարող ապրել։ Մենք մեր ամեն ինչը թողել ենք Արցախում, տարիներ շարունակ զրկանքներով ու տանջանքով մեր ստեղծածը, մեր հողն է, չեմ կարծում՝ լինի մի արցախցի, որ չցանկանա վերադառնալ»,- եզրափակեց Բելլա Ստեփանյանը։