«6 երեխաներս Աստծո հույսին են. անհրաժեշտ է սնունդ ու հագուստ. Հեշտ չէ 2 անգամ տուն կորցնելը». Արցախից բռնի տեղահանված Բելլա Ստեփանյան
Ամիսներ առաջ 168.am-ն անդրադարձել էր 2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված Ստեփանյանների բազմանդամ ընտանիքի սոցիալական խնդիրներին։ Արցախում ամեն ինչով ապահովված ընտանիքն այսօր դարձել է անապահով, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, երեխաների օրվա հացը մի կերպ են հոգում։
Ստեփանյանների 8 հոգանոց ընտանիքը՝ ամուսիները և 6 անչափահաս երեխաները, ապրում են Վանաձորում՝ վարձով բնակարանում, որն ամառ-ձմեռ խոնավ է։
168.am-ի հետ զրույցում Բելլա Ստեփանյանն ասաց, որ Հայաստանի կառավարությունը որևէ աջակցություն իրենց չի ցուցաբերում, ստանում են միայն 50 հազար դրամները, որը միանգամից տալիս են բնակարանի վարձը, մնացածն էլ կոմունալների մի մասն են վճարում։
«Հիմա ձմեռ է, բնակարանը ջեռուցում ենք էլեկտրական տաքացուցիչով, ամեն ամիս 100 հազար դրամից ավելի կոմունալ ենք վճարում։ Ստիպված բոլորս հավաքվել ենք մի փոքր սենյակում, որ գոնե այս մի սենյակը տաքացնենք։ Շենքի գրեթե պադվալային հարկում ենք, միշտ խոնավ է, գիշերը ուշ եմ տաքացուցիչն անջատում, որպեսզի երեխաներս չմրսեն։
6 երեխաներս՝ 3 տղա, 3 աղջիկ, Աստծո հույսին են, մեծս շուտով կլինի 16 տարեկան, փոքրս 5 տարեկան է, դժվար է»,- նշեց Բելլա Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ Արցախում 2 անգամ են տուն կորցրել. Մեկը՝ 2020 թվականին, երբ Շուշիում Ադրբեջանը զավթեց իրենց սեփական տունը, և 2023 թվականին էլ՝ Ստեփանակերտում, ու դեռ անորոշ է, թե որքան են դեռ կորցնելու։
«Արցախում մեր աշխատանքով ապրում էինք, իմ տունն ունեի, իմ հողամասը, մշակում, բերքը վաճառում էի, երեխաներս որևէ բանի կարիք չունեին, հիմա ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում ենք գտնվում։ Մի կերպ եմ երեխաներիս կարողանում դպրոց ուղարկել, հավատացեք, նույնիսկ նորմալ աթոռ չկա՝ երեխաներս նստեն։ Հարևանս տեսավ վիճակը, մի հին դիվան տվեց, որ նստելու տեղ լինի։ Հեշտ չէ, երբ մարդ երկու անգամ տուն է կորցնում, Շուշիում տունս կորցնելուց հետո, ինձ տուն էին նվիրել Ստեփանակերտում։
2023 թվականի սեպտեմբերին, երբ Արցախից բռնի տեղահանվեցինք, որևէ բան մեզ հետ չենք վերցրել, բազմանդամ ընտանիք ենք, հազիվ կարողացանք տեղավորվել մեքենայի մեջ։ Այդ պահին մենակ մտածում էի, որ երեխաներիս թուրքը չվնասի, արագ հանեմ Արցախից, որովհետև թուրքը զինված կանգնած էր, իսկ արցախցին անզեն էր»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Արդեն երկրորդ տարին է՝ բազմազավակ մայրը միայն ու միայն խնդիրների է բախվում, և այդ խնդիրներն օրեցօր ավելանում ու բարդանում են, չի կարողանում նույնիսկ մի հարմար աշխատանք գտնել, որպեսզի կարողանա և՛ երեխաներին հետևել, և՛ աշխատել, քանի որ ամուսինն էլ ի վիճակի չէ՝ 2020 թվականին Շուշիում վիրավորում է ստացել։
«Ամուսինս չի կարողանում ֆիզիկական աշխատանք կատարել, վիրավորվել է Շուշիում։
Նպաստ չենք ստանում, որովհետև մի մեքենա ունենք, միայն դա ենք Արցախից բերել, այսինքն՝ դրանով ենք եկել Արցախից։
Հիմա երեխաներիս անհրաժեշտ է սնունդ ու հագուստ։ Եթե ինձ հարմար աշխատանք լինի, ես կաշխատեմ, աշխատանքից չեմ խուսափում։ Եթե սեփական տուն ունենայի, անասուն կպահեի, հող կմշակեի։
Հիմա խանութներից պարտքով հաց եմ բերում, որ երեխաներս սոված չմնան, երբեմն նաև պարտքով հագուստ եմ վերցնում, որ երեխաներս կարողանան դպրոց գնալ։ Պարտքերս արդեն շատ են, խանութներն էլ պարտքով չեն էլ տալիս։ Դե, երեխաներ են, իրենց ինչպե՞ս բացատրես, որ հաց չկա, հագուստ չկա, տուն չկա, որովհետև մեզանից ամեն ինչ խլեցին, ամեն ինչ»,- ընդգծեց Բելլա Ստեփանյանը և հույս հայտնեց, որ բարերարներ կգտնվեն, ովքեր կօգնեն իրենց ոտքի կանգնել։
Հ.Գ. Բելլա Ստեփանյանին օգնելու համար կարող եք փոխանցումներ կատարել նրա բանկային քարտին: