Տավուշում Ադրբեջանը ռազմական հենակետեր կդնի, անտառներով դիվերսիոն խմբերը կհասնեն Վանաձոր, գազատարը կմնա իրենց տարածքում, կփակվի Հայաստան-Վրաստան մայրուղին. Վարուժան Գեղամյան
«Նրանք, ովքեր Սյունիքով գնում են Իրան, գիտեն՝ ինչ իրավիճակ է ստեղծվել այն բանից հետո, երբ թուրքերին է նվիրվել Գորիս-Կապան ավտոճանապարհը: Եթե նախկինում այդ հատվածում երկու բնակավայրի միջև հեռավորությունը 10-20 րոպեի ճանապարհ էր, հիմա՝ 1.5-2 ժամ է: Ընդ որում, այդ 1.5 ժամ տևող ճանապարհը շատ տեղերում լիարժեք վերահսկելի է ադրբեջանական կողմի համար: Հիշեք՝ ինչ եղավ Արցախի հետ: Նույնը կատարվելու է Տավուշի, Վայոց ձորի և Արարատի մարզերում»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը։
Վերջինս նշեց՝ եթե հանձնվեն այն տարածքները, որոնց նկատմամբ այս պահին Ադրբեջանը հավակնություն ունի, և որոնք պաշտոնապես Հայաստանի դե ֆակտո իշխանությունները ճանաչել են Ադրբեջանի մաս, Ադրբեջանը ստանալու է ՀՀ Տավուշի և Արարատի մարզերում ընդհանուր թվով 8 տարածքային կտորներ, որտեղ ինքն իրավունք է ունենալու անել ամեն ինչ:
«Կարող է կառուցել ատոմակայան, տեղակայել զորք… Ինչ ուզի, կարող է անել: Բնականաբար, Ադրբեջանն այդտեղ տեղադրելու է ռազմական հենակետ, որովհետև Ադրբեջանի համար դա բառի բուն իմաստով դառնալու է առաջնագիծ: Եվ այդտեղ տեղակայված զորքերը, բոլոր կողմերից շրջափակված լինելով հայկական բնակավայրերով, լինելու են վախի և ազդեցության գործոն հարակից բոլոր բնակավայրերի համար»,- ասաց Վարուժան Գեղամյանը:
Նա բերեց Երասխի գործարանի օրինակը, որն Ադրբեջանը թույլ չտվեց կառուցել: Ասաց, որ ցանկացած նման կամ այլ տարբերակով կարող են այդ տարածքներից հանել հայկական բանակը:
«Պատկերացրե՛ք մի իրավիճակ, ասենք՝ Ոսկեպար գյուղի մոտ, երբ ունենք բոլոր կողմերից շրջափակված ադրբեջանական հենակետ: Ադրբեջանն այդ տարածքի հետ ինչ-որ կերպ պետք է լոգիստիկ կապ ապահովի: Ադրբեջանն ինչ-որ բան պահանջելու է, չէ՞, դա անելու համար, ասելու է՝ ինձ ճանապարհ տրամադրեք: Սա լինելու է փոքր միջանցք: Այսինքն՝ Ադրբեջանի ռազմական ստորաբաժանումները Հայաստանի տարածքում անխոչընդոտ երթևեկության հնարավորություն են ունենալու»,- ասաց թյուրքագետը:
Բացի դրանից, ըստ նրա՝ այդ 8 բնակավայրերի հանձնմամբ Ադրբեջանին են անցնելու մի քանի կարևոր ենթակառուցվածքներ կամ դրանց նկատմամբ վերահսկողություն, որը հանգեցնելու է համապատասխան հետևանքների:
«Օրինակ, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը դեպի Բագրատաշեն գնացող հատվածում անցնում է ադրբեջանական ապագա հենակետերի տարածքով, ինչը նշանակում է, որ կա՛մ, ինչպես Գորիս-Կապան ճանապարհի պարագայում, մենք դրանից չենք կարողանալու օգտվել, կա՛մ օգտվելու պարագայում՝ մենք մտնելու ենք, այսպես կոչված, անկլավի տարածք, ամբողջական ստուգում ենք անցնելու ադրբեջանցիների կողմից, ստանալու ենք ադրբեջանական կնիք, հետո անցնելու ենք մոտ 300 մետր, դուրս ենք գալու ադրբեջանական տարածքից՝ էլի ստանալով ադրբեջանական կնիք ու անցնելով զննում: Դա նշանակում է, որ իրենք ամբողջական վերահսկողություն են ունենալու մեր բեռների, մեր տեղափոխած ցանկացած իրի կամ նույնիսկ գրքի վրա: Կարող են ասել՝ գիտե՞ս ինչ, քո մոտ եղած Նժդեհի գիրքն իմ երկրում ճանաչվել է տեռորիստական, չես կարող տանել: Կամ կարող են գերի վերցնել Արցախյան պատերազմին մասնակցած անձանց»,- ասաց Վարուժան Գեղամյանը:
Նրա խոսքով՝ անգամ, եթե ճանապարհը չի անցնում ադրբեջանական անկլավի միջով, բայց Ադրբեջանը դրա վրա վերահսկողություն ունի, նա ցանկացած պահի կարող է խոչընդոտել դրա երթևեկությանը:
«Վրաստանով այսօր գալիս է Հայաստանի բեռների 70 %-ը, և եթե ինչ-որ բան պետք լինի շտապ տանել Վրաստան ու այնտեղից բերել, Ադրբեջանը որևէ պատրվակով կարող է այն փակել»,- ասաց նա:
Վարուժան Գեղամյանը հավելեց՝ ճանապարհից զատ, ևս երկու ենթակառուցվածք կա, որ իրենց ամբողջական ենթակայության տակ է հայտնվում:
«Առաջինը գազատարն է: Հայաստան-Վրաստան-Ռուսաստան գազատարը, որը փաստացի ապահովում է մեր էներգետիկ անկախությունը Թուրքիայից և Ադրբեջանից, ևս անցնում է այդ տարածքով: Եվ մինչև 2018թ. Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրել, որ այդ տարածքում մեր գազատարն ու ճանապարհը հնարավորինս պաշտպանված լինեն: Սա չի PR-վել, և մեր հայրենակիցների մեծագույն մասը սրա մասին չգիտի, բայց տարբեր տարիներին ՀՀ Զինված ուժերն իրականացրել են բազմաթիվ մեծ ու փոքր անանուն ռազմական գործողություններ, որոնք հնարավորություն են տվել գազատարն անվտանգ պահել»,- ասաց քաղաքագետը:
Ըստ նրա՝ 2-րդ ենթակառուցվածքը, որ Տավուշում մնալու է ադրբեջանցիների վերահսկողության տակ, մեր ռազմաճակատի գծի, թերևս, ամենապաշտպանված բնագծերն են, և այդ «անկլավների» հանձնումը նշանակելու է, որ մեր այդ պաշտպանական գիծն այլևս չի լինելու:
«Մեր թիկունքն այլևս բաց է լինելու: Եվ սրան հետևելու են բազմաթիվ արհավիրքներ: Ոսկեպարի հատվածում սկսվում է Հայաստանի հյուսիսի անտառապատ գոտին, որը Տավուշից ձգվում է մինչև Լոռի: Եթե գյուղերը տրվեն, ու ադրբեջանցիներն այդտեղ հենակետ ստանան, մենք այդտեղ հնարավորություն չենք ունենալու կառուցել էֆեկտիվ ռազմական պաշտպանական գոտի, ինչն իր հերթին՝ նշանակում է, որ ադրբեջանցի դիվերսանտները մինչև Վանաձոր ցանկացած պահի այդ անտառներով կարողանալու են գնալ»,- ասաց Վարուժան Գեղամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: